Ռուսաստանում ընդլայնվում է ապօրինի ներգաղթյալների նկատմամբ հայտարարված «որսի» աշխարհագրությունը
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ռուսաստանում ընդլայնվում է ապօրինի ներգաղթյալների նկատմամբ հայտարարված «որսի» աշխարհագրությունը. Մոսկվայից ու Սանկտ Պետերբուրգից հետո հանգստյան օրերին տեղական շուկաներում «մաքրման» գործողություններ են իրականացվել Կամչատկայում, Տյումենում, Պերմում ու Վոլգոգրադում:
Այս մասին հայտնել են ռուսական ԶԼՄ-ները, որոնց հաղորդմամբ՝ այդ գործողությունների արդյունքում ձերբակալվել է ավելի քան 1300 օտարազգի: 413 աշխատանքային ներգաղթյալ է ձերբակալվել Պերմում, Տյումենի ցուցանիշը կազմել է ավելի քան 800 մարդ:
Վոլգոգրադի մարզում հայտնաբերվել է ապօրինի ջերմոց, որում աշխատել են Չինաստանի ավելի քան 100 քաղաքացիներ: Կամչատկայի տարբեր քաղաքների շուկաներում, շինարարական վայրերում ու առանձին ձեռնարկություններում ձերբակալվել է 55 ապօրինի ներգաղթյալ:
Բացի այդ, օգոստոսի 10-ից ապօրինի ներգաղթյալների դեմ գործողություններ են իրականացվում Ուդմուրտիայի շուկաներում ու շինհրապարակներում:
Ռուսաստանի Ներգաղթյալների ֆեդերացիայի նախագահ Մուհամմադ Ամին Մաջումդերը հայտարարել է, որ ներկայումս Ռուսաստանի տարածքում կարող է գտնվել ավելի քան 10 միլիոն ապօրինի ներգաղթյալ, որոնցից 3 միլիոնն աշխատում է Մոսկվայում, սակայն դա օրինական ճանապարհով անում է միայն 200.000-ը: