Լողալն արգելվում է, բայց ոչ բոլորն են հետևում այս կոչին… (լուսանկարներ)
Վանաձորի «Արհեստական լճեր» կոչվող վայրը տարվա այս սեզոնին միշտ մարդաշատ է, և պատճառը ոչ միայն պարզապես լիճն է, այլ քաղաքի` այլ հանգստավայրեր չունենալու փաստը: Լճում թեև լողալն արգելվում է, սակայն ոչ բոլորն են ուշադրություն դարձնում այդ հանգամանքին: Վանաձոր քաղաքի այգիների ու հանգստի գոտիների սակավության պայմաններում քաղաքի նշված վայրը ժամանցի համար գոնե նվազագույն բավարար պայմաններ ունի, սակայն լճում լողալը կարող է մի շարք հիվանդությունների պատճառ դառնալ, որի մասին ահազանգում են մասնագետները: Ի դեպ, լողալն արգելող ցուցանակներ կան փակցված լճի բոլոր կողմերում:
Հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Լոռու մարզային կենտրոնից բնակչությանը մշտապես կոչ են անում չլողալ արհեստական լճում:
Վանաձորի արհեստական լիճը ստեղծվել է 1964թ-ին, խորությունը հասնում է 4,6 մետրի:
Ստեղծման օրվանից լճում գրանցվել է շուրջ 15 մահվան դեպք, որոնցից մեծ մասը՝ գիշերային ժամերին լողալու և ինքնասպանություն գործելու հետևանքով:
Այս օրերին արդեն լճում ավելացել է փրկարարական նավակ, որը քիչ թե շատ հույս է ներշնչում լճում լողացողներին:
Լուսանկարները` հեղինակի