Իրանն ընդլայնում է գերհեղուկանավերի իր նավատորմը
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանական National Iranian Tanker Company-ն ստացել է 4 նոր գերհեղուկանավ, որոնց առավելագույն տարողությունը կազմում է 2 միլիոն բարել:
Դրանք NITC-ի նավատորմի կազմը համալրել են մայիսից մինչև հուլիսի վերջն ընկած ժամանակահատվածում: Նոր նավերը ստացվել են դեռևս 2009 թվականին չինական երկու նավաշինարանի հետ կնքված պայմանագրի շրջանակներում, ինչի արժեքը կազմել է 1.2 միլիարդ դոլար:
Պայմանագրով նախատեսվում է կառուցել 12 նոր գերհեղուկանավ: Եվս երեք հեղուկանավ NITC-ի նավատորմի կազմը համալրել է այս տարեսկզբին: Չինական աղբյուրները 2012 թվականին հայտարարել էին, որ իրանական ընկերությանը 12 գերհեղուկանավի հատկացումը պլանավորված է ավարտել մինչև 2013 թվականի ավարտը:
Վերջին համալրումների շնորհիվ NITC-ի գերհեղուկանավերի քանակը հասցվեց 37-ի, որոնց առավելագույն տարողությունը կազմում է 64 միլիոն բարել նավթ: Ընկերությունն ունի նաև 14 փոքր նավթային լցանավ՝ 12.5 միլիոն բարել ընդհանուր տարողությամբ: