Չնայած Իսպանիայի դժգոհությանը՝ բրիտանական ռազմանավերը կմտնեն Ջիբրալթարի նավահանգիստ
Բրիտանական The Daily Telegraph թերթի փոխանցմամբ՝ բրիտանական ռազմանավերը մտնելու են Ջիբրալթարի նավահանգիստ՝ չնայած Իսպանիայի հետ հարաբերություններում առաջացած լարվածությանը՝ կապված սահմանին տիրող իրավիճակի հետ:
Նշվում է, որ երկուշաբթի Միջերկրական ծով է շարժվելու բրիտանական ռազմածովային խմբավորումը, որի կազմում ներառված են HMS Illustrious թեթև ավիակիրը, երկու սուզանավային և ևս վեց օժանդակ նավ:
Նրանք մեկնում են չորսամսյա նավարկության, որի շրջանակներում այցելելու են նաև Մերձավոր Արևելքի ու Աֆրիկյան եղջյուրի նավահանգիստներ: Այդ խմբավորման երեք նավ այս ամսվա վերջին մուտք է գործելու Ջիբրալթարի նավահանգիստ:
Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի ղեկավարությունը հայտարարել է, որ տվյալ այցը դառնալու է նշված շրջաններում վաղուց պլանավորած վարժանքների մասնիկը և չի հանդիսանում պատասխան միջոց Լոնդոնի ու Մադրիդի միջև ծագած դիվանագիտական սկանդալին: