Կապանում տեղական հանրաքվե չի լինի
Սյունիքի թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մերժեց մի խումբ քաղաքացիների դիմումը, ըստ որի նրանք առաջարկում էին Կապանում անցկացնել տեղական հանրաքվե` համայնքի սեփականություն հանդիսացող գույքը` ջրամատակարարման և ջրահեռացման համակարգը, 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման նպատակով «Հաջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին տրամադրելու հարցի մասին: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր 168.am-ը, նման որոշում ընդունել էր համայնքի ավագանին` Կապանի քաղաքապետի առաջարկով:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Սարգսյանն ասաց, որ նախաձեռնող խմբի դիմումը ստացվել է հուլիսի 26-ին և հանձնաժողովը ուսումնասիրել է հարցը: Ըստ օրենքի` տեղական հանրաքվեի չեն կարող դրվել Սահմանադրությամբ կամ օրենքով ՏԻՄ-երի բացառիկ իրավասությանն ուղղակիորեն վերապահված հարցերը: «Ներկայացված դիմումը հակասում է «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասին պահանջներին, ուստի տեղական հանրաքվեի անցկացման նախաձեռնող խմբի դիմումի գրանցումը ենթակա է մերժման», – հայատարարեց հանձնաժողովի նախագահը: Հարցը դրվեց քվեարկության և թիվ 38 ԸԸՀ-ը միաձայն որոշեց Կապան քաղաքում տեղական հանրաքվե անցկացնելու մասին նախաձեռնող խմբի ներկայացրած որոշումը մերժել: Հանձնաժողովի որոշումը նախատեսված ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարանում: Նախաձեռնող խմբի անդամները նիստից հետո հայտարարեցին, որ ԸԸՀ-ի որոշումը անօրինական է, և այն բողոքարկելու են:
Արմեն Մկրտչյան