Սնոուդենը պատմել է ԱՄՆ հատուկ ծառայությունների գերգաղտնի նոր ծրագրի մասին
Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը ներկայացրել է ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) գործունեության մասին նոր մանրամասներ:
Խոսքը գնում է XKeyscore գերգաղտնի ծրագրի մասին: XKS-ն ԱԱԳ-ի գործիք է, որն ամերիկյան հատուկ ծառայություններին հնարավորություն է տալիս հետազոտել ինտերնետային ցանկացած օգտատիրոջ գրեթե բոլոր գործողությունները:
Վստահեցվում է, որ ծրագիրն ամերիկացի ուժայիններին հնարավորություն է ընձեռում տվյալների բազայով ամենալայն մասշտաբով հետևել այս կամ այն մարդու ինտերնետային ակտիվությանը:
Ընդ որում, ԱԱԳ-ի վերլուծաբաններից չի պահանջվում նախնական թույլտվություն՝ այդ ծրագրով որոնում իրականացնելու համար: Xkeyscore-ը հավաքում է էլեկտրոնային փոստի բովանդակությունը և ընտրված օգտատիրոջ նամակագրությունը չաթում, սոցցանցերում նրա գործողությունները և համացանցում նրա դիտած էջերի պատմությունը:
Նշվում է, որ տվյալ ծրագիրն ամենատարածվածն է համացանցում հետախուզական տվյալներ հավաքելուն առնչվող ԱԱԳ-ի ծրագրերի թվում: