ԱՄՆ-ը 6.2 միլիոն դոլար է ծախսել՝ Բրեդլի Մենինգի պատճառած վնասը գնահատելու վրա
Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ զինվորականները 6.2 միլիոն դոլար են ծախսել WikiLeaks-ին գաղտնի փաստաթղթեր հատկացրած և լրտեսության մեջ մեղավոր ճանաչված Բրեդլի Մենինգի պատճառած վնասը գնահատելու վրա:
Ամերիկացի զինվորականները 10 ամսվա ընթացքում ուսումնասիրել են Մենինգի կազմակերպած տեղեկատվական արտահոսքի հետևանքները: Այդ նպատակով 2010 թվականի օգոստոսին ձևավորվել է 125 հոգանոց օպերատիվ աշխատանքային խումբ, որը գլխավորել է նախկին գեներալ Ռոբերտ Կարրը:
Վերջինս չորեքշաբթի դատարանում հայտարարեց, որ իր գլխավորած խումբը հետազոտել է Աֆղանստանում, Իրաքում ԱՄՆ-ի իրականացրած օպերացիաներին և այլ թեմաների առնչվող ավելի քան 700.000 փաստաթղթի հրապարակման պատճառած վնասը:
Կարրը հավելել էր, որ այդ հրապարակումների հետևանքով Աֆղանստանում զոհվել է առնվազն մեկ մարդ: Սակայն դատավորը Կարի ցուցմունքը չէր ներառել գործի նյութերում, քանի որ չէր նշվել զոհվածի անունը: Մենինգի դատավճռի շուրջ լսումներն անցկացվելու են մինչև օգոստոսի 23-ը: Նրան սպառնում է մինչև 136 տարվա ազատազրկում: