Էջմիածնի թիվ 5 դպրոցը՝ 3-րդ կարգի վթարային կառույց
Նախորդ տարի դեկտեմբերին Էջմիածնի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 դպրոցի տնօրինությունը հայտարարություն տարածեց, որ կրթօջախը գտնվում է վթարային վիճակում, և դպրոցում դասընթացներ անցկացնելը վտանգավոր է:
Հայտարարության տարածումից հետո դեպքի վայր մեկնած մարզային փրկարար ջոկատն տեղանքի ակնադիտական ուսումնասիրություն իրականացրեց, ինչի արդյունքում պարզվեց, որ դպրոցի ձախակողմյան հատվածում գտնվող առաջինից երրորդ հարկերում տեղաբաշխված դասասենյակները վթարային են: Դասասենյակների առաստաղներին նկատվել էին առաստաղից պոկված ծեփեր և ճեղքեր (4×70սմ): Վերոնշյալ հարկերի դասասենյակներում նկատվել էին նաև առաստաղների կորացումներ, իսկ երկրորդ և երրորդ հարկերում՝ առաստաղին առաջացած փոքր ճեղքեր (մոտ 5մ):
Դպրոցի տնօրեն Գայանե Սաֆարյանի առաջարկությամբ՝ վերոնշյալ դասասենյակներում դադարեցվել էին դասընթացները, և հատուկ սահմանազատիչ ժապավեն էր ամրացվել, որն արգելում էր վտանգավոր տարածք մուտք գործել:
Դեռևս դեկտեմբերին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտարարել էին, որ իրավիճակը պարզաբանելու, գնահատելու և խնդրին լուծում տալու համար կստեղծվի հանձնաժողով:
168.am-ի հետ հեռախոսազրույցում դպրոցի տնօրեն Գայանե Սաֆարյանն ասաց, որ այս ընթացքում դպրոց են այցելել Արմավիրի մարզպետարանի, Արտակարգ իրավիճակների, Կրթության և գիտության նախարարությունների ներկայացուցիչները, ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը պետք է դպրոցում ուսումնասիրություններ կատարի:
Առաջնահերթ քննարկվել է դպրոցի սեյսմակայունությունը, և ըստ մասնագետների՝ դպրոցը համարվել է երրորդ կարգի վթարայանության շենք: Միայն առանձին հատվածներում է, որ դպրոցի վթարայնությունը գնահատվում է երկրորդ աստիճանի: Տնօրենի ներկայացմամբ, դպրոցի ավելի քան 500 աշակերտներ դասերն անցկացնում են դպրոցի այն հատվածում, որտեղ վտանգն առավել քիչ է: «Մեզ ասացին, որ որոշ ժամանակ կարող ենք այդ հատվածում պարապմունքներ անցկացնել, մինչև դպրոցի հիմնանորոգման հարցը չլուծվի»,- ասաց Գայանե Սաֆարյանը՝ հավելելով, որ դպրոցն ամբողջությամբ պետք է քանդվի, և հիմքից նոր շենք կառուցվի:
Տնօրենի փոխանցմամբ՝ դպրոցն ընդգրկվել է հանրապետության այն 19 վթարային կրթօջախների ցանկում, որոնք հրատապ նորոգման կարիք ունեն:
Թե երբ կսկսի շինարարությունը՝ հայտնի չէ: Տնօրենը հույս է փայփայում, որ գոնե գարնանը կսկսվի շինարարությունը, հակառակ պարագայում, եթե շինարարության մեկնարկը ձգձգվի, դժվար է ասել, թե ինչ հետևանքներ այն կունենա:
Հիշեցնենք, որ 168.am-ը վերջերս անդրադարձել էր Արմավիրի մարզի մեկ այլ՝ Մեծամորի ավագ դպրոցի խնդրին, որը նույնպես վթարային է և հրատապ վերանորոգման կարիք ունի, սակայն տարիներ շարունակ, կառավարությունը չի կարողանում գումար հատկացնել կրթօջախի հիմնանորոգման համար: