Վանաձորցիները միացել են տրանսպորտի թանկացման դեմ ակցիային
Վանաձորում այսօր մեկնարկեց «Ընդդեմ Վանաձորում տրանսպորտի թանկացման» քաղաքացիական նախաձեռնությունը, որն իր բողոքի ձայնն է բարձրացնում տրանսպորտի թանկացման վերաբերյալ սկսված գործընթացներում քաղաքացիներին մասնակից չդարձնելու, հանրային լսումներ չկազմակերպելու համար:
«Հանրային լսումների պրակտիկան ընդունված է ժողովրդավարական բոլոր երկրներում, եթե իշխանությունների կողմից Հայաստանը հորջորջված է որպես ժողովրդավար պետություն, այս դեպքում պարտավոր են պատկան մարմինները հաշվի առնել Վանաձորի քաղաքացիների կարծիքը և կազմակերպել հանրային լսումներ»,-նշեց «Ընդդեմ Վանաձորում տրանսպորտի թանկացման» քաղաքացիական նախաձեռնության» անդամ Հովհաննես Ղազարյանը:
Հանրային լսումների բացակայությունը անընդունելի է նախաձեռնության անդամների համար և մտահոգում է նրանց: Գրավոր ձևակերպված իրենց այս պահանջը նրանք այսօր հանձնեցին պատկան մարմնին` քաղաքապետարանին:
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի խոսքով` հանրային քննարկումներ չեն կազմակերպվում, քանի որ տրանսպորտային կազմակերպությունները դեռ գնային առաջարկ չեն ներկայացրել: Ընդամենը դիմել են, որ վերջին 5 տարիների ընթացքում ավտոպահեստամասերի, ավտոդողերի, վառելիքի հետ կապված թանկացումները արտահայտվեն նաև տրանսպորտային գնի մեջ:
«Ի՞նչն ենք դնում հանրային լսումների: Դեռ կազմակերպությունը գնային առաջարկ չի ներկայացրել, որպեսզի մենք մասնագետների հետ քննարկենք, տեսնենք ինչքանով է համապատասխանում իրականությանը և ինչքանով չի համապատասխանում, նոր նրանից հետո հանրային լսումների ինստիտուտը արդեն կաշխատեր: Այս պահին դրան չենք հասել: Կարող է նաև առաջարկը բերեն, իհարկե սա վերջնական չեմ ասում, մենք ինքներս մասնագետների հետ քննարկենք և տեսնենք, որ թանկացում չի լինելու»,-ասաց պարոն Դարբինյանը:
Քաղաքապետն անդրադարձավ նաև խնդրի մյուս կողմին` այն դիտարկելով վարորդների տեսանկյունից. «Ես որպես քաղաքապետ ինձ ընտրող ժողովրդին թշնամին չեմ, որ նրանց տրանսպորտային գինը թանկացնեմ, այն էլ սոցիալական այս բարդ վիճակում: Բայց եթե տրանսպորտային կազմակերպությունները իրենց առաջարկներում լրիվ ռեալ գներ առաջարկեն, իսկ հասարակությունը ասում է ոչ, չպիտի թանկանա, եթե թույլ չտանք, հիմա էլ հակառակ վատ բանը կունենանք: Նրանք կասեն` եթե 100 դրամի մեջ մենք չենք տեղավորվում, չենք աշխատում, այդ դեպքում ի՞նչ ենք անելու, ամբողջ քաղաքի հասարակությանը թողնելու ենք առանց տրանսպո՞րտ»,- նկատեց քաղաքապետը:
Նախաձեռնության անդամները նշեցին, որ հետևողական կլինեն նաև տրանսպորտային կազմակերպությունների բարձրացրած խնդիրների վերաբերյալ, որ ազատ մրցակցության պայմաններում նրանք էլ ներգրավվեն որոշումների կայացման գործընթացում:
Քաղաքապետարանի պաշտոնյա Գագիկ Սիմոնյանն էլ իր հերթին վստահեցրեց, որ Վանաձորում անպայման կանցկացվեն հանրային լսումներ, որ դա օրենքի պահանջն է, և այն կկատարվի: «Անպայման կլինեն, բայց պետք է այդ հարցը քննարկվի, նյութ լինի, նոր միայն հանրային լսումներ կազմակերպվեն: Ընդ որում ասեմ, որ այդ օրենքը ուժի մեջ է մտել այսօրվանից»,- ասաց Գ. Սիմոնյանը:
Լոռի