Ես ցինիկ եմ, որպեսզի պաշտպանվեմ հիմարներից․ Նարեկ Մալյան

168TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրը Նարեկ Մալյանն է։ Հաղորդման ընթացքում Մալյանն անդրադարձավ իր մանկությանը, Գեղարդի վանքում անցկացրած տարիներին, ռազմական կրթություն ստանալու որոշմանը, ոստիկանությունում ծառայությանը, Վլադիմիր Գասպարյանի հետ հարաբերություններին, բանտում անցկացրած ժամանակահատվածին և քաղաքական իրադարձություններին։

Զրույցի ընթացքում Մալյանը պատմել է նաև այնպիսի դրվագներ, որոնք, իր խոսքով, մինչ այս հանրությանը հայտնի չեն եղել։

Մանկություն՝ Գեղարդի վանքում

Կարդացեք նաև

Նարեկ Մալյանի մանկության զգալի մասն անցել է Գեղարդի վանքում։ Նրա հայրը՝ Տեր Պետրոսը, հոգևորական է, և Մալյանը դեռ փոքր տարիքից հնարավորություն է ունեցել շփվելու հոգևորականների, գիտնականների և վանական միաբանության ներկայացուցիչների հետ։

Նրա խոսքով՝ այդ միջավայրն էականորեն տարբերվել է խորհրդային տարիների սովորական մանկությունից։

«Մանկությանս շատ մեծ, զգալի մասն անցել է Գեղարդի վանքի բակում, Գեղարդի վանքում, և հիմնական հաճելի, հետաքրքիր մանկական պատմությունները կապված են այդ վանքի հետ»,- ասում է նա։

Մալյանը հիշում է նաև Արցախյան շարժման և պատերազմի տարիները, երբ զինվորականները ռազմաճակատ մեկնելուց առաջ գալիս էին Գեղարդի վանք՝ աղոթելու։ Նա պատմում է, որ զենքերը թողնում էին իր մոտ, քանի որ եկեղեցի զենքով մտնելն ընդունված չէր։ Նրանցից շատերն այլևս տուն չվերադարձան։

Հետագայում հայրը նրան առաջարկել է երկու ճանապարհ՝ հոգևոր կամ ռազմական կրթություն։ Մալյանը նախընտրել է երկրորդը՝ պատճառաբանելով, որ իրենից լավ հոգևորական դուրս չի գա։

«Ես գիտակցեցի, որ իմ մեջ շատ արատներ կան, որոնք անհամատեղելի են հոգևոր ծառայության հետ, և ընտրեցի զինվորական գործը, որը, ի դեպ, շատ էի սիրում»,- ասում է նա։

Նարեկ Մալյանը պատմում է նաև, որ դեռ պատանի տարիքում մի քանի անգամ փորձել է տնից փախչել և մեկնել ռազմաճակատ։

Ինչո՞ւ Նարեկ Մալյանը չդարձավ զինվորական սպա

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում սովորելուց հետո Մալյանը հրաժարվել է զինվորական կարիերան շարունակելու առաջարկից։

Պատճառը, ինչպես ինքն է խոստովանում, բավական անսովոր է եղել.

«Ես մտածեցի, որ 25 տարի նույն գույնի շոր չեմ կարող հագնել։ Լուրջ եմ ասում։ Արդեն երկուսուկես տարի այդ խակի գույնից հոգնել էի»։

Նրա խոսքով՝ այդ ժամանակ զինվորական կրթություն ստացածների առջև 25 տարվա ծառայության պայմանագիր կնքելու պահանջ էր դրված։ Նա նախընտրել է հրաժարվել սպայական ուղուց և հետագայում սովորել համալսարանում։

Զրույցի ընթացքում Մալյանը պատմեց նաև սահմանապահ զորքերում ծառայության ընթացքում ունեցած մի դրվագի մասին։ Նրա խոսքով՝ 2000 թվականի փետրվարի 10-ին Մարգարայի հատվածում սահմանախախտ է բռնել, ինչի համար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից պետական պարգևի է արժանացել։

Վլադիմիր Գասպարյանն անձամբ է զրկել Մալյանին սպայական կոչումից և հեռացրել Ռազմական ոստիկանությունից

Հարցազրույցի ամենահետաքրքիր հատվածներից մեկը վերաբերում էր Նարեկ Մալյանի՝ ռազմական ոստիկանությունում աշխատելու տարիներին և Վլադիմիր Գասպարյանի հետ հարաբերություններին։

Մալյանը պատմում է, որ Գասպարյանն իրեն ճանաչել է դեռ մանկությունից՝ հոր հետ ունեցած հարաբերությունների շնորհիվ։ Սակայն դա, ըստ նրա, ամենևին չի նշանակել, որ ոստիկանությունում ինքն արտոնյալ կարգավիճակ է ունեցել։

Ավելին՝ Մալյանի խոսքով՝ ինքը միակ մարդն է, ում Վլադիմիր Գասպարյանը հեռացրել է ոստիկանությունից՝ զրկելով նաև սպայական կոչումից.

«Եթե չգիտեք, ասեմ՝ ես Վլադիմիր Գասպարյանի կենսագրության մեջ միակ մարդն եմ, ում նա հեռացրել է ոստիկանությունից։ Իմ սպայական կոչումն իմ ձեռքից վերցրել է Վլադիմիր Գասպարյանը»։

Նա նշեց, որ հերթապահություններից մեկի ժամանակ է միջադեպը տեղի ունեցել: Նոր տարվա օրերին, կարծելով, թե հանգիստ օր է, նա ժամանակ է անցկացրել մեկ այլ աշխատակցի կաբինետում։ Այդ ընթացքում մի քանի ծանր հանցագործություններ են տեղի ունեցել, իսկ օպերատիվ խմբերն արդեն մեկնել են տարբեր ուղղություններով՝ առանց իր մասնակցության։

Վերադառնալուց հետո քրեական հետախուզության պետի հետ վիճաբանություն է ունեցել, վերջինս զեկուցագիր է ներկայացրել Գասպարյանին, որն էլ Մալյանին առաջարկել է ներողություն խնդրել՝ աշխատանքում մնալու հնարավորությունը պահպանելու համար։

Սակայն Մալյանը հրաժարվել է.

«Ինձ ասաց՝ ներողություն կխնդրես։ Ասացի՝ չեմ խնդրի, որովհետև ես ճիշտ եմ»։

Արդյունքում՝ Գասպարյանը ոչ միայն հեռացրել է նրան աշխատանքից, այլև զրկել է սպայական կոչումից։ Այսօր, հետադարձ հայացք գցելով այդ պատմությանը, Մալյանը կարծում է, որ Վլադիմիր Գասպարյանի որոշումը ճիշտ է եղել։

«Գասպարյանը շատ բարի մարդ է, բայց իր մտերիմներից ավելի շատ է պահանջում»

Նարեկ Մալյանը խոսել է նաև Վլադիմիր Գասպարյանի բնավորության և նրա հետ աշխատելու առանձնահատկությունների մասին՝ նշելով, որ Գասպարյանի մտերիմ շրջապատում լինելը բնավ արտոնություն չի եղել.

«Վլադիմիր Գասպարյանի հետ ինչքան մոտ ես լինում, այնքան ավելի պահանջկոտ է դառնում քո հանդեպ։ Ինքն ավելի քիչ պահանջում է այն մարդկանցից, ովքեր իրենից ավելի հեռու են»։

Մալյանը նաև բացահայտել է 2015 թվականի «Էլեկտրիկ Երևանի» իրադարձությունների ժամանակ տեղի ունեցած մի դրվագ, որի մասնակիցն ինքն է եղել։

Նրա խոսքով՝ Գասպարյանը, ով այդ ժամանակ ՀՀ ոստիկանապետն էր, կտրականապես արգելել էր ոստիկաններին ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ և անձամբ էր ներկա գտնվել, որպեսզի որևէ մեկն ինքնագլուխ գործողությունների չդիմի։

Մալյանը պատմում է, որ այդ օրերին Գասպարյանի հրահանգով ընդդիմադիր պատգամավորներին հրավիրել են ոստիկանական պատնեշից այն կողմ՝ զրույցի։ Նրանց թվում են եղել Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը, Թևան Պողոսյանը և այլք։

Նրա նկարագրությամբ՝ պատգամավորների հետ բավական կոշտ խոսակցություն է տեղի ունեցել։ Գասպարյանը փորձել է բացատրել, որ նման հայտարարություններով ու գործողություններով իրավիճակն ավելի են սրում։

Հետագայում ցուցարարներից մեկը դատարկ շիշ է նետել նրանց ուղղությամբ։ Այդ պահին Գասպարյանը, ըստ Մալյանի, բարկացած մոտեցել է ցուցարարներին և փորձել բացատրել, որ իրենց թշնամին չէ.

«Ասաց՝ ես հո ձեր թշնամին չե՞մ, ես ձերն եմ»։

Մալյանի պնդմամբ՝ այդ կադրերում երևացող Գասպարյանի հուզական արձագանքն անկեղծ է եղել։

«Վովայի կոֆե դնողը»․ ինչպե՞ս Մալյանը պատասխանեց իրեն ուղղված վիրավորանքին

Հաղորդման ընթացքում անդրադարձ եղավ նաև Մալյանի հասցեին հնչեցվող՝ «Վովայի կոֆե դնողը» արտահայտությանը։

Ասում է՝ այդ բնորոշումը ստացել է, երբ հրապարակայնորեն քննադատել է իշխանության ներկայացուցիչ Արարատ Միրզոյանին՝ Նյու Յորք կատարած այցի և հյուրանոցում մնալու հետ կապված ծախսերի համար։

Մալյանի խոսքով՝ ինքը համապատասխան փաստաթղթեր է ունեցել, իսկ քննադատությանն ի պատասխան՝ իրեն սկսել են անվանել «Վովայի կոֆե դնող»։

Նա որոշել է այդ արտահայտությունից ոչ թե վիրավորվել, այլ այն դարձնել իր հրապարակային պատկերի մաս.

«Ես ասացի՝ օքեյ, ես «Վովայի կոֆե դնողն» եմ, չնայած երբեք Վովայի համար կոֆե չեմ դրել։ Եթե առիթ լիներ, կդնեի, խնդիր չէ»։

Նա սոցիալական իր էջում նույնիսկ փոխել է իր գլխավոր լուսանկարը՝ դրա տակ գրելով այդ արտահայտությունը։ Մալյանի ասելով՝ Գասպարյանն այդ քայլից այնքան է ծիծաղել, որ զանգահարել է իրեն։

Բանտում առաջին անգամ զգաց պատասխանատվության բեռից ազատ լինելու զգացողությունը

Մալյանը խոստովանում է, որ բանտում հայտնվելն իր համար այնքան էլ անսպասելի իրադարձություն չի եղել, քանի որ մինչ այդ բազմաթիվ անգամ ձերբակալվել է։

Նրա խոսքով՝ իր 100-րդ ձերբակալությունը նույնիսկ նշել են տորթով՝ քննչական կոմիտեի շենքի դիմաց։

Սակայն բանտում հայտնվելու առաջին օրերն ունեցել են մեկ այլ՝ հոգեբանական նշանակություն։ Մալյանի խոսքով՝ առաջին անգամ զգացել է, որ այլևս պատասխանատվություն չի կրում որևէ գործընթացի համար։

«Ես բանտում զգացի, որ այս պահին ես այլևս որևէ պրոցեսի վրա պատասխանատվություն չունեմ։ Այսինքն՝ ես դարձա հանդիսատես, հասկանո՞ւմ եք, մասնակցից, կազմակերպչից՝ դարձա հանդիսատես»։

Նա ասում է՝ երկար ժամանակ անց այդ օրերին առաջին անգամ կարողացել է հանգիստ քնել։ Սակայն բանտային կյանքում նրան սպասել է նաև ծանրագույն հոգեբանական հարվածը։

Մալյանի խոսքով՝ երբ Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում տեղափոխվել է ընդհանուր խուց, հեռուստացույցով հենց այդ պահին հայտարարել են Արցախի Հանրապետության լուծարման մասին.

«Ես մտա խուց ու ասացի՝ խնդրում եմ, ինձ մի որոշ ժամանակ մենակ թողեք։ Պառկեցի ու սկսեցի լաց լինել»։

Ասում է՝ այդ պահին իր մեջ խառնվել են հիասթափությունը, զայրույթը, կռվելու ցանկությունն ու այն զգացողությունը, որ տեղի ունեցածն իզուր էր.

«Ես այդքան խառը, վատ զգացումներ ունեցա։ Այն զգացողությունը, որ այս ամենն իզուր էր»։

«Ես ամբիցիոզ եմ, բայց իմ ամբիցիաները հիմնավոր են»

Հաղորդման ավարտին Մալյանն անդրադարձավ իր անձի վերաբերյալ հասարակության շրջանում ձևավորված երկու բնորոշումներին՝ ամբիցիոզ և ցինիկ։

Նա նշեց, որ երկուսի հետ էլ որոշ չափով համաձայն է, սակայն ցինիզմը համարում է պաշտպանական շերտ, որը տարիների ընթացքում ձևավորել է իր շուրջ.

«Ցինիզմն ավելի շատ պաշտպանիչ շերտ է ինձ համար, որով ես պաշտպանվում եմ բազմաթիվ հիմարներից, հիմարների ներխուժումից իմ կյանքի միջավայր»։

Անդրադառնալով ամբիցիաներին՝ Մալյանն ընդգծել է, որ դրանք կապված են իր գիտելիքների և փորձի հետ, այլ ոչ թե պաշտոն զբաղեցնելու ցանկության։

«Ես իրականում էմպատիկ եմ։ Այդ ցինիզմը, որ ասում եք, այդ էմպատիան քողարկելու համար է։ Ես շատ կարող եմ ապրումակցել մարդուն, չափից շատ, ինչը միանշանակ վնաս է»,- ասում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30