Նոր սահմանադրությամբ՝ Նիկոլն այն ամենը, ինչը խանգարում է իշխելուն, որոշել է հարմարեցնել իրեն․ Տիգրան Աթանեսյան
Ցանկացած սահմանադրություն օրվա իշխանության կամքն է, և քանի որ այս իշխանությունն ութ տարում ո՛չ կրթվեց, ո՛չ ազգային դարձավ, սա իրենց քաղաքական կամքն է։ Սա նոր Սահմանադրություն չէ, այն գործող Սահմանադրության վատ, ապազգային ու թերի կազմված նոր խմբագրությունն է։ Նույն խորհրդարանական ձևն է, նույն ԲԴԽ-ն ու ՍԴ-ն են, պարզապես այն ամենը, ինչն իրենց խանգարում է իշխել, իրենց սև գործն անել, որոշել են հարմարեցնել իրենց։ Զավեշտալի է, օրինակ, մարդու իրավական վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ տալու նորամուծությունը։ Խնդիր ունեն նախկիններին դատելու, նրանցից փող պոկելու, բայց վաղեմության ժամկետներն են անցել։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

«Ասել, թե հիմա սրանք չեն վերահսկում դատական համակարգը, սխալ կլինի։ Լավագույն դեպքում՝ մնացել է երկու-երեք անկախ դատավոր։ Բայց երևի թե ուզում են նոր նշանակումներ անել, դա անթաքույց կոռուպցիա է։ Նորաստեղծ մարմնի անունը կարող են դնել դատական բորսա։ Այստեղ խոսքը ոչ թե արդարադատության մասին է, որն իրենք ոչնչացրել են, այլ ֆինանսական հոսքերի։ Քաղաքացիությունից զրկելու ինստիտուտն օգտագործվելու է քաղաքական հակառակորդների դեմ՝ որպես մահակ։ Մարդը ոչինչ էլ չանի, կարող են համոզել, թե իբր նա հակասահմանադրական արարք է կատարել»,- ասաց փաստաբանը:
«Երրորդ Հանրապետության ժառանգականությունը դե յուրե կտրվում է, համարվում է, որ 1991-ից 2026-ի պետությունը չկա, դու էլ կաշկանդված չես նախորդ իրավական ակտերով։ Սա իշխանությունը յուրացնելու դասական գործելակերպ է։ Նիկոլն ընդդիմությանը մեծագույն նվեր է անում՝ իրեն գործից հանելու։ Կարելի է պարտվել պատերազմում, բայց պահպանել ինքնասիրությունը։ Մեր մտածելակերպն ու կենցաղը խանական է, մենք միապետական ժողովուրդ ենք և ղեկավարին ընկալում ենք՝ որպես միապետ։ Ցանկացած ղեկավար, որը չի ուզում այդպիսին լինել, կորցնում է իր աթոռը»,- նշեց Աթանեսյանը:
Փաստաբանի պնդմամբ՝ սա Հայաստանում երբևէ եղած ամենաթույլ իշխանությունն է, որին կարելի է հեռացնել մեկ-երկու օրում.

«Փաշինյանը լավ հասկանում է, որ հեղափոխության դեպքում իրեն ոչ մի ոստիկանություն և ԱԱԾ չի պաշտպանելու։ Եթե սովորական ժողովուրդը դուրս գա փողոց և չուզենա գնալ տուն, դա կլինի։ Յուրաքանչյուր ոք, ով ժողովրդին կներշնչի, որ չի ծախվելու Նիկոլին և կառաջնորդի շարժումը, կհաղթի։ Մեզ հիմա պոռթկում է պետք, այս վեց տարվա ազգային նվաստացումն անհետ չի անցնելու։ Ազգային էներգիան հնարավոր է արթնացնել, դրա պատմական օրինակները շատ են»:
«Անհնար է պատկերացնել ԱՄՆ մի նախագահի, որը կասի՝ ամեն ինչ անելու եմ, որ Առլինգթոնը չմեծանա։ Պատերազմներ լինելու են, և ցավոք սրտի՝ զինվորներ են զոհվելու։ Եթե ազգն ունի զինվորական գերեզմանատուն, դա իր սրբատեղին է։ Մանավանդ այս տարածաշրջանում չես կարող դրանից խուսափել։
Ապագա սերունդների համար այնտեղ թաղված մարդիկ պետք է օրինակ լինեն։ Չես կարող փոխել մարդկության պատմության ընթացքը, և եթե ուզում ես ապրել, պետք է պաշտպանվես, իսկ եթե հարկ լինի՝ հարձակվես»,- ամփոփեց Տիգրան Աթանեսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:

