Հայաստանն ու Իրանը տարանցիկ համագործակցության և էլեկտրոնային առևտրի վերաբերյալ փաստաթուղթ են ստորագրել
Հայաստան կատարած պաշտոնական այցից վերադառնալուց հետո կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Սաթթար Հաշեմին Պատգամավորների խորհրդի նիստում զեկույց է ներկայացրել այցի շրջանակում կարևորագույն ծրագրերի և բանակցությունների վերաբերյալ։
Ինչպես հաղորդում է Mehr-ը, նախարարը, պարզաբանելով Հայաստան կատարած այցի նպատակները, զեկույց է ներկայացրել երկրի կառավարության ներկայացուցիչների և տեխնոլոգիական ոլորտի ակտիվ դերակատարների հետ հանդիպումների ու խորհրդակցությունների վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձել երկկողմ համագործակցության կարևորագույն ոլորտներին։
Նա այցի հիմնական ուղղություններ է անվանել երկու երկրների միջև կապի ենթակառուցվածքների, արհեստական բանականության, թվային տնտեսության, տվյալների փոխանակման, ինչպես նաև կիբեռանվտանգության և կիբեռկայունության ոլորտներում համագործակցության զարգացումը։ Քննարկվել են նաև գիտատար ընկերությունների գործունեության ընդլայնման համատեղ հնարավորությունները և երկու երկրների մասնավոր հատվածների միջև փոխգործակցությունը։
Այցի շրջանակում Իրանի ազգային փոստային ընկերության և «Հայփոստի» միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված փոստային փոխանակման, տարանցիկ համագործակցության և էլեկտրոնային առևտրի զարգացմանը։

