Ֆանտոմային հավակնությունների արվեստը. ինչպես է Բաքուն վերաշարադրում Հայաստանի և Վրաստանի պատմությունը

Մինչ պաշտոնական Բաքուն միջազգային ասպարեզում հայտարարում է խաղաղության պատրաստակամության մասին, ադրբեջանական պետական լրատվամիջոցները շարունակում են ներքին լսարանին սնել էքսպանսիոնիստական հռետորաբանությամբ։ Այդ հիբրիդային քաղաքականության գլխավոր գործիքը դարձել են կեղծ պատմական պահանջները, որոնք Բաքուն միաժամանակ ներկայացնում է թե Երևանին, թե Թբիլիսիին։

Հայաստանի նկատմամբ ակտիվորեն առաջ է մղվում «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգը, որտեղ ստանդարտ հրապարակումների օրինակով (ինչպիսին է Քյասաման գյուղի մասին Report.az-ի հոդվածը) ի հայտ են գալիս քարոզչության գլխավոր հնարքները։ Նախ՝ տեղի են ունենում էթնոնիմների արդիականացում և ուղղակի կեղծում. 19-րդ դարի ցարական մարդահամարների տվյալները, որտեղ բնակիչներն արձանագրվում էին՝ որպես «թաթարներ» կամ «մահմեդականներ», իսկ նրանց ապրելակերպը հաճախ կիսաքոչվոր էր, հետին թվով հայտարարվում են որպես «հազարամյա ադրբեջանական բնակչության» ապացույց՝ ջնջելով հին հայկական Գեղարքունիք գավառի պատմությունը։

Երկրորդ՝ 1918-1920 թվականների իրադարձությունները ներկայացվում են բացառապես որպես «ադրբեջանցիների կոտորած»՝ լիովին անտեսելով ազգամիջյան դաժան պատերազմի համատեքստը և թյուրքական կազմավորումների հայելային գործողությունները։ Վերջապես, Հայաստանին ուղղված մեղադրանքները «տեղանունները փոխելու» մեջ չափազանց ցինիկ են թվում այն ֆոնին, թե ինչպես ինքը՝ Ադրբեջանը, տոտալ մաքրեց հայկական տեղանունները և Նախիջևանում ֆիզիկապես ոչնչացրեց հազարավոր եզակի միջնադարյան խաչքարեր։

Բայց ավելի ցայտուն է այն, թե ինչպես է աշխատում այդ պատմական ռևիզիոնիզմը Վրաստանի ուղղությամբ, որտեղ Բաքուն օգտագործում է ճնշման շատ ավելի նուրբ գործիքներ, որոնք դուրս են գալիս միայն վիճելի վանական համալիրի շրջանակներից։

Բացի Դավիթ Գարեջիի հետ կապված շահարկվող սյուժեից, որտեղ վրացական քրիստոնեական ժառանգությունը զանգվածաբար վերաշարադրվում է «Կովկասյան Ալբանիայի» հայեցակարգի միջոցով, ադրբեջանական տեղեկատվական դաշտում տարիներ շարունակ կառուցվում է շատ ավելի մասշտաբային աշխարհաքաղաքական միֆ։ Պաշտոնական և մերձիշխանական պարբերականներում պարբերաբար բարձրացվում է Կախեթի և Քարթլիի «հին թյուրքական հողերի» թեման, իսկ բուն Բորչալուի շրջանը ներկայացվում է ոչ թե՝ որպես ինքնիշխան Վրաստանի անբաժանելի մաս, այլ՝ որպես ժամանակավորապես կտրված պատմական արեալ։

Սահմանամերձ շրջանների ինտեգրմանը, կրթական չափորոշիչների միասնականացմանը կամ պետական լեզվի դիրքերի ամրապնդմանն ուղղված Թբիլիսիի ցանկացած ջանք անմիջապես խեղաթյուրվում է Բաքվի ԶԼՄ-ներում՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների իբր ոտնահարման պրիզմայով։ Ընդ որում, Բաքուն պետական մակարդակով հովանավորում է Վրաստանում բնակվող ադրբեջանցիների համար «ակունքներին վերադառնալու» նախագծերը՝ փաստացի ստեղծելով ինքնության զուգահեռ գծեր և ձևավորելով Թբիլիսիի ներքին կայունության վրա երկարաժամկետ ազդեցության լծակ։

caucasus-chronicle.com

Պատրաստեց Ժաննա Ավետիսյանը

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30