Չինաստանում բանակցություններից հետո Թրամփը կարծում է, որ Ուկրաինայում խաղաղությունը հասանելի է. Քուշներ
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները Բեռլինում՝ «ցանկացողների կոալիցիայի» շրջանակում եվրոպացի առաջնորդների և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, հայտարարել է, որ Չինաստանում Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումից հետո Դոնալդ Թրամփը հանգել է այն եզրակացության, որ խաղաղության հասնելը հնարավոր է, գրում է The Guardian-ը։
Քուշների տվյալներով՝ բանակցությունները հաջող են անցել, իսկ դրանց մասնակիցները զգալի առաջընթաց են գրանցել կարգավորման մի քանի առանցքային ուղղություններով։
Քուշները հանդիպումը որակել է «շատ բովանդակալից և բարեհաջող»՝ նշելով, որ այն օգնել է մշակել հետագա քայլերի մոտեցումները։ Նա միաժամանակ հաստատել է, որ Թրամփը հեռախոսով միացել է բանակցություններին։
Ամերիկացի ներկայացուցիչն առանձին ընդգծել է եվրոպացի առաջնորդների, նրանց թվում՝ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի աջակցությունն Ուկրաինային։ Նա նաև հիշատակել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբին և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեին։
Քուշների գնահատմամբ՝ Եվրոպան պահպանում է միասնությունը և շատ մեծ աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային։ Ինքը և ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն այդ դիրքորոշումը փոխանցել են Թրամփին։
«Մեզ համար հաջող արդյունք կլիներ այն, որ պատերազմի ավարտից հետո Ուկրաինան մնար ինքնիշխան, անվտանգ, բարգավաճ և ազատ երկիր»,- հայտարարել է Քուշները։
Նա հայտնել է Ուկրաինայի հետպատերազմյան տնտեսական վերականգնման ծրագրի, անվտանգության երաշխիքների և ռազմագերիների փոխանակման քննարկումներում զգալի առաջընթացի մասին։ Միաժամանակ նա չի բացահայտել ձեռք բերված պայմանավորվածությունների մանրամասները։
Խոսելով անվտանգության ապագա համակարգի մասին՝ Քուշներն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն դառնալու է դրա առանցքային տարրը։ Ըստ նրա՝ առաջարկվող մեխանիզմները պետք է նախատեսեն անհրաժեշտ կառույցներ, որոնք հնարավորություն կտան խուսափել պատահական սրացումից։
Քուշները նշել է նաև, որ Ռուսաստանը, ըստ ամենայնի, պատրաստ է վստահել բանակցային գործընթացին եվրոպական երկրների մասնակցության անհրաժեշտության վերաբերյալ ԱՄՆ առաջարկին։ Նրա կարծիքով՝ դա անհրաժեշտ է՝ ապահովելու համար, որ բոլոր կողմերը պահպանեն հնարավոր համաձայնագիրը։
Առաջիկայում ամերիկացի ներկայացուցիչները հանդիպումներ կանցկացնեն ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հետ՝ առաջարկների մանրամասները համաձայնեցնելու համար։
«Նախագահ Թրամփը ցանկանում է համաձայնագիր կնքել Եվրոպայի հետ միասին, որը կլինի իր կողքին»,- ընդգծել է Քուշները։
Նա հավելել է, որ ամերիկյան վարչակազմի նպատակն է ավարտել պատերազմը և հիմք դնել կայուն խաղաղության համար։ Ըստ Քուշների՝ Թրամփն իր ներկայացուցիչներին հանձնարարել է կարգավորմանը հատկացնել այնքան ժամանակ, որքան կպահանջվի, և շարունակել աշխատանքը եվրոպացի գործընկերների հետ սերտ համակարգմամբ։

