Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի ավելի քան 1000 հեռահար հարվածային անօդաչու թռչող սարք
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի ավելի քան 1000 հեռահար հարվածային անօդաչու թռչող սարք։ Մատակարարումները կներառվեն 260 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթում։ Այս մասին հաղորդվում է բրիտանական կառավարության պաշտոնական կայքում։
Օգնության նոր փաթեթի մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնհեմը կհայտարարի նոյեմբերի 19-ին՝ Բեռլինում «Կամավորների կոալիցիայի» հանդիպման ժամանակ։
Փաթեթում ներառված են ծանր մարտագլխիկներ կրելու ունակ հարվածային անօդաչուներ, որոնք Ուկրաինային հնարավորություն կտան հարվածներ հասցնել ռազմաճակատի գծից բավական հեռու գտնվող օբյեկտներին։
Բացի այդ, Մեծ Բրիտանիան Ուկրաինային կարտադրի և կմատակարարի ծովային, լոգիստիկ և հետախուզական անօդաչու սարքեր, որոնք, մասնավորապես, նախատեսված են առաջնագծում գտնվող ստորաբաժանումների մատակարարումն ապահովելու համար։
«Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ուկրաինան կարողանա պաշտպանվել ռուսական հարձակումներից և կարևոր ենթակառուցվածքների համակարգված հարվածներից»,- հայտարարել է Բերնհեմը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, պնդում է, որ ռուսական հարվածներն ուղղվում են բացառապես Ուկրաինայի ռազմական և էներգետիկ օբյեկտներին, ինչպես նաև դրանց հետ կապված ենթակառուցվածքներին։
Բրիտանական կառավարությունը հայտնել է նաև Ուկրաինային լրացուցիչ թեթև բազմաֆունկցիոնալ հրթիռների (LMM) մատակարարումների մեկնարկի մասին։ Լոնդոնի գնահատմամբ՝ գործընկերների աջակցությամբ Ուկրաինայի կողմից խոցվող անօդաչու թռչող սարքերի մասնաբաժինը սեպտեմբերի սկզբի 30 տոկոսից հասել է մոտ 70 տոկոսի։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ 240 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ օգնության փաթեթի շրջանակում Ուկրաինային կտրամադրի ավելի քան 1000 կարճ հեռահարության զենիթային հրթիռ, արձակման կայաններ և ավելի քան 12 ռադար։ Մատակարարումները նախատեսվում է սկսել դեկտեմբերի կեսերին։
Գերատեսչության տվյալներով՝ մինչև ձմռան սկսվելը Լոնդոնն արդեն Կիևին փոխանցել է 400 զենիթային հրթիռ։ Իսկ հոկտեմբերին Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջոն Հիլին հայտարարել էր Ուկրաինային լրացուցիչ 10 միլիարդ ֆունտ ստեռլինգի տնտեսական և ռազմական օգնություն տրամադրելու մասին։

