Իրանցի կալանավորը փախուստի էր դիմել նոյեմբերի 6-ին․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
ՊԵԿ-ը կարևորում է հանրությանը դեպքերի վերաբերյալ ամբողջական և հավաստի տեղեկատվության տրամադրումը: Միևնույն ժամանակ, ցավալի է, երբ առանձին լրատվամիջոցներ, դեպքի ամբողջական հանգամանքները չներկայացնելով, հանրությանն են փոխանցում միակողմանի տեղեկատվություն՝ անտեսելով նաև իրավապահ մարմինների ձեռնարկած գործողությունների արդյունքները։ Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ից։
Մասնավորապես, որոշ լրատվամիջոցներում դատարանի որոշմամբ կալանավորված Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու փախուստի վերաբերյալ տարածվել են ոչ ամբողջական տեղեկություններ՝ չնշելով, որ փախուստի դիմած քաղաքացին կարճ ժամանակ անց հայտնաբերվել է հենց ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների համատեղ գործողության արդյունքում։
Դեպքի` միայն առանձին դրվագների ներկայացումը կարող է թյուր պատկերացում ձևավորել տեղի ունեցածի և իրավասու մարմինների ձեռնարկած գործողությունների վերաբերյալ։
Նման իրավիճակներում լրատվամիջոցների մասնագիտական պարտականությունն է հրապարակումից առաջ ճշտել դեպքի ամբողջական հանգամանքները՝ դիմելով համապատասխան մարմիններին, և հանրությանը ներկայացնել հավաստի ու բազմակողմանի տեղեկատվություն։
Ներկայացնում ենք դեպքի ամբողջական նկարագրությունը.
2026 թվականի նոյեմբերի 3-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, մաքսային հսկողության շրջանակներում մաքսային զննման է ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանած՝ ԻԻՀ քաղաքացի Մ. Մ.-ի կողմից շահագործվող բեռնատար ավտոմեքենան։ Բեռնատարի զննության արդյունքում հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ։ Թմրամիջոցների մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով վերջինս ձերբակալվել և տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, այնուհետև դատարանի համապատասխան որոշմամբ կալանավորվել։
Քրեական վարույթի շրջանակում գաղտնի քննչական գործողություններ իրականացնելու ընթացքում 2026 թվականի նոյեմբերի 6-ին` ժամը 22։00-ի սահմաններում, վերջինս դիմել է փախուստի։
ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի Շենգավիթի բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և որոնողական աշխատանքների արդյունքում 2026 թվականի նոյեմբերի 11-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, փախուստի դիմած կալանավորված անձը՝ ԻԻՀ քաղաքացի Մ. Մ.-ն, հայտնաբերվել է, տեղափոխվել ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն, այնուհետև՝ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։

