Հովիկ Աբրահամյանն ու ռուսական խալաթը
Պոդոլսկում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից հետո ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի նկատմամբ Ռուսաստանում դրսևորված անմարդկային վերաբերմունքին ի պատասխան՝ Հայաստանում առաջացած բողոքի ալիքը ՀՀ իշխանությանը դրել է հերթական, մեղմ ասած, անհարմար վիճակի մեջ: Ռուսաստանում ոտնահարվել է ՀՀ քաղաքացու, այսինքն՝ Հայաստան պետության արժանապատվությունը, դրա դեմ մեր երկրում գուցե սպասվածից ավելի հուժկու բողոքի ալիք է բարձրացել, սակայն իշխանությունը համարձակություն չունի պաշտոնապես արձագանքելու կատարվածին: Իրավիճակի նրբությունն այն է, որ իշխանությունները, ըստ ամենայնի, զգում են, որ բողոքի ալիքը ոչ թե մարում, այլ ավելի մեծ թափ է հավաքում, բայց միաժամանակ չեն կարող Ռուսաստանին պատասխանել այնպես, ինչպես ընդունված է նման դեպքերում:
Այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տարածել է մի հայտարարություն, որով երկրորդ անգամ ցավակցելով ողբերգական վթարի հետևանքով զոհվածների հարազատներին՝ շատ զգուշությամբ, լղոզված արտահայտություններով, իբրև թե, դատապարտում է ՀՀ քաղաքացու նկատմամբ տեղի ունեցածը: «ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կրկին ցավակցելով Պոդոլսկի մոտակայքում տեղի ունեցած ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով զոհվածների հարազատներին` ափսոսանք է հայտնում և դատապարտում է վթարի կապակցությամբ մեղադրվող բեռնատարի վարորդ, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի հանդեպ դատարանում դրսևորված անթույլատրելի, անմարդկային վերաբերմունքի առիթով:
ԱԺ նախագահը հույս է հայտնում, որ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններն ու համապատասխան կառույցներն անհրաժեշտ քննություն կանցկացնեն և պատշաճ գնահատական կտան ՀՀ քաղաքացու նկատմամբ մարդկային արժանապատվությունը վիրավորող գործողություններ կատարած անձանց՝ համարժեք պատասխանատվության ենթարկելով նրանց, ինչպես նաև կպարզեն վթարի իրական հանգամանքները»,- նշված է ԱԺ-ի տարածած հաղորդագրության մեջ, որը, մեղմ ասած, ծիծաղելի է՝ ոչ միայն բովանդակությամբ, այլև այն պատճառով, որ երեկ Հովիկ Աբրահամյանն արդեն իսկ ցավակցական հեռագիր հղել է Ռուսաստանի իր գործընկերներին: Ընդ որում, հղել է այն ժամանակ, երբ արդեն իսկ հայտնի էր, թե ինչ է տեղի ունեցել Հրաչյա Հարությունյանի հետ դատարանում:
Բայց երեկվա հեռագրում որևէ բառ չկար ՀՀ քաղաքացու նկատմամբ կատարված անմարդկային վերաբերմունքի մասին: Ուրեմն ինչո՞ւ է Հովիկ Աբրահամյանը երկրորդ անգամ ցավակցական հեռագիր հղել, ինչն աննախադեպ է՝ անգամ պաշտոնական արարողակարգի տեսանկյունից: Ամենայն հավանականությամբ, իշխանությունն այսկերպ փորձել է մեղմել հասարակական դժգոհության ալիքը, որպեսզի որպես արդարացում՝ ներկայացնի Հովիկ Աբրահամյանի «դատապարտող» հայտարարությունը: Սա, թերևս, առավելագույնն է, որ իրեն կարող էր թույլ տալ ՀՀ իշխանությունը Ռուսաստանի հետ ներկայիս հարաբերությունների պայմաններում: Ոչինչ չասող հայտարարություն՝ ԱԺ նախագահի մակարդակով, այն դեպքում, երբ նման դեպքերում պաշտոնապես դատապարտող ու բողոքի նոտա հղող կառույցը պետք է լիներ Արտգործնախարարությունը, որն այս օրերին կատարվածի վերաբերյալ ընդամենը տեղեկատվական հաղորդագրություններ է տարածում:
Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, ապա այն գրված է չափազանց զգուշորեն: Որևէ խոսք չկա այն մասին, որ ՀՀ քաղաքացու նկատմամբ անմարդկային վերաբերմունքը նաև պետության դեմ ուղղված քայլ է, որը չէր կարող տեղի ունենալ՝ առանց բարձր մակարդակի հովանավորության կամ հանձնարարության:
«ԱԺ նախագահը հույս է հայտնում, որ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններն ու համապատասխան կառույցներն անհրաժեշտ քննություն կանցկացնեն և պատշաճ գնահատական կտան ՀՀ քաղաքացու նկատմամբ մարդկային արժանապատվությունը վիրավորող գործողություններ կատարած անձանց՝ համարժեք պատասխանատվության ենթարկելով նրանց, ինչպես նաև կպարզեն վթարի իրական հանգամանքները» արտահայտությունից ստացվում է, որ Հրաչյա Հարությունյանի դեմ կատարվածը կարող է բարդվել հիվանդանոցի որևէ աշխատակցի վրա:
Հ. Աբրահամյանի հեռագրում որևէ խոսք չկա նաև Ռուսաստանի պետական հեռուստաընկերությամբ ցուցադրված՝ ՀՀ քաղաքացուն նվաստացնող ռեպորտաժի մասին, ինչն էլ բորբոքել է բողոքի ալիքը Հայաստանում: Այդ մասին խոսել՝ կնշանակեր՝ տալ քաղաքական գնահատականներ և պահանջել քաղաքական պարզաբանումներ, ինչը, բնականաբար, ՀՀ իշխանությունների ուժերից վեր է:
Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի անձի ընտրությանը, ապա դա ևս, ըստ ամենայնի, պատահական չէ: Աբրահամյանը Հայաստանի իշխանական համակարգում համարվում է «ամենառուսական» մարդկանցից մեկը: Իշխանությունները, թերևս, հաշվարկել են, որ Ռուսաստանում ըմբռնումով կմոտենան Աբրահամյանի շուրթերով հնչած «դատապարտմանը»: Հակառակ դեպքում, եթե ռուսական իշխանությունների զայրույթն, այնուամենայնիվ, խիստ լինի, դա կարող է հիմք դառնալ ԱԺ նախագահի փոփոխության համար, ինչի հավանականությունը, ներիշխանական ներկայիս հարաբերությունների պայմաններում, առանց այն էլ առկա է: