Էրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախում
Թուրքական ԶԼՄ-ները գրում են, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հոկտեմբերի 27-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններից առաջ փորձում է մեծացնել հանրային աջակցությունը՝ թիրախավորելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ենթադրվում է, որ Նեթանյահուն նպատակ ունի մեծացնել ներքին քաղաքական աջակցությունը՝ օգտագործելով այն փաստը, որ Էրդողանի հետ ունի լարված հարաբերություններ։
Ըստ իսրայելական «i24NEWS»-ի՝ Նեթանյահուն պաշտոնյաներին հանձնարարել է սեպտեմբերի վերջին ապացույցներ հավաքել Էրդողանի դեմ։ Նշվում է, որ գործը նախատեսվում է ուղարկել Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ):
Բացի այդ հաղորդվում է, որ այս նախաձեռնությունը, հավանաբար, իրավական հետևանքներ չի ունենա, քանի որ Թուրքիան և Իսրայելը Հռոմի կանոնադրության կողմեր չեն հանդիսանում և չեն ճանաչում Միջազգային քրեական դատարանի իրավասությունը։ Դա սահմանափակում է դատարանի կարողությունը հետաքննություն անցկացնել երկու երկրում։
Մյուս կողմից, ըստ Միջազգային քրեական դատարանի Նեթանյահուի վերաբերյալ գործի, Իսրայելի վարչապետի նկատմամբ դատարանի կողմից տրված ձերբակալման օրդեր է տրամադրվել՝ Գազայում խաղաղ բնակիչների սպանության, դաժանության և պատերազմի վարման մեթոդի կիրառման մեղադրանքներով։ Սակայն Իսրայելն այդ օրդերը համարում է անօրինական։
Էրդողանն էլ պնդում է, որ Իսրայելի վարչապետը և իշխող «Լիկուդ» կուսակցությունը պետք է պատասխանատվության ենթարկվեն Պաղեստինում բռնության համար և աջակցում է Իսրայելի վրա միջազգային ճնշում գործադրելուն։
Ըստ թուրքական աղբյուրների՝ Նեթանյահուի կողմից Էրդողանին և Թուրքիային իր ընտրարշավի կենտրոնում դնելը դիտվում է որպես իր ներքին քաղաքական աջակցությունը ամրապնդելու ջանքերի մի մաս։ Իսրայելի վարչապետի փորձը՝ Էրդողանի դեմ Միջազգային քրեական դատարանի միջոցով հետապնդում սկսելու, նույնպես քաղաքական պայքարի նշանակալի մաս է։

