Փողի իշխանությունն ու իշխանության փողը

Ինչպես և սպասվում էր, կառավարության երեկվա նիստում Սյունիքի մարզպետ նշանակվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին՝ ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանը, ով այսօր արդեն ներկայացվել է մարզպետարանի աշխատակազմին: Իհարկե, Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանից հետո ցանկացած մեկի թեկնածությունն այդ պաշտոնում կարող էր դրական համարվել՝ ոչ այնքան այդ թեկնածուի դրական հատկանիշներից, որքան Սուրեն Խաչատրյանի կերպարի հանդեպ ունեցած վերաբերմունքից ելնելով:

Վահե Հակոբյանը բացառություն չէ: Նա էականորեն տարբերվում է Սուրեն Խաչատրյանից՝ նորմալ կրթություն ունի, կարողանում է հոդաբաշխ խոսել, նորմալ հարաբերվում է լրատվամիջոցների հետ, դեռևս որևէ սկանդալի կենտրոնում չի եղել:

Բայց բոլոր այս արժանիքներով հանդերձ կամ դրանցից բացի՝ Վահե Հակոբյանն ունի մեկ «առանձնահատկություն»՝ փող, շատ փող: Նա Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի որդին է և, սեփական հայտարարագրի համաձայն՝ Հայաստանի ամենաերիտասարդ միլիարդատերը կամ միլիարդատերերից մեկը: Բնականաբար, հենց այս՝ վերջին հատկանիշն է նաև հիմք հանդիսացել Վահե Հակոբյանին մարզպետի պաշտոնում նշանակելու համար. Վահե Հակոբյանի արժանիքներով 36-ամյա երիտասարդներ Հայաստանում շատ կան, այդպիսիներին կարելի է գտնել անգամ Հանրապետական կուսակցության շարքերում: Բայց միայն Վահե Հակոբյանն ունի այն, ինչի շնորհիվ կարողացավ դառնալ Հայաստանի՝ ռազմավարական նշանակություն ունեցող մարզերից մեկի ղեկավարը:
Տվյալ դեպքում խնդիրը Վահե Հակոբյանի անձը չէ:

Հակառակը, անձնապես նա գուցե շատ ավելի դրական վարքագիծ ունի, քան նրա հասակակից տասնյակ մեծահարուստների որդիներ: Խնդիրն այն է, որ Վահե Հակոբյանի օրինակը ցույց է տալիս Հայաստանում իշխանության ձևավորման տրամաբանությունը, սկզբունքը: Իսկ դրա հիմքում ընկած է փողը: Փողով Հայաստանում գործնականում կարելի է գնել ամեն ինչ՝ հարգանք, հեղինակություն, կոչումներ, հանցագործություն կատարելու և անպատիժ մնալու ինդուլգենցիա, ինչո՞ւ ոչ՝ նաև պաշտոն: Ասվածն, իհարկե, չի նշանակում, թե Վահե Հակոբյանի հայրը որդուն մարզպետ նշանակելու համար ինչ-որ մեկին կանխիկ փող է տվել, թեև հայաստանյան իրողությունների պայմաններում դա ևս չպետք է բացառել: Խոսքը, կրկնում ենք, իշխանության ձևավորման ու պահպանման սկզբունքի մասին է, որը հիմնված է առաջին հերթին՝ փողի վրա: Որովհետև փողի վրա է հիմնված Հայաստանի իշխանության ողջ արժեքային համակարգը:

Վահե Հակոբյանի մարզպետ դառնալը կոսմետիկ առումով դրական լինելով՝ իրականում կարող է շատ ավելի վտանգավոր լինել Սյունիքի մարզի համար: Հակոբյանները և Խաչատրյանները Սյունքի մարզի երկու ազդեցիկ ընտանիքներն են: Սուրեն Խաչատրյանի մարզպետության պարագայում Հակոբյանները որոշակիորեն հակակշռում էին նրա իշխանությանը: Հիմա, փաստորեն, իշխանությունը մարզում գրեթե ամբողջությամբ անցնում է Հակոբյանների ընտանիքին՝ փաստացի առանց հակակշռի: Իհարկե, դա չի նշանակում, թե Սուրեն Խաչատրյանն ամբողջությամբ կկորցնի իր ազդեցությունը մարզում, սակայն, հաշվի առնելով նրա նկատմամբ բացասական վերաբերմունքը, դա կհասցվի նվազագույնի:

Իսկ Սյունիքի մարզն ամբողջությամբ տալ Հակոբյաններին՝ նշանակում է՝ մարզպետարանը ծառայեցնել նրանց սեփականությունը հանդիսացող Պղնձամոլիբդենային կոմբինատի շահերին:
Վահե Հակոբյանի հայրը՝ Մաքսիմ Հակոբյանը, լրատվամիջոցներից մեկին ասել էր, թե մարզպետի պաշտոնը որդու համար դեռ սկիզբն է, նա կարող է նախագահ դառնալ: Դատելով  նրանից, թե ինչպես է Հայաստանում ձևավորվում իշխանությունը, Մաքսիմ Հակոբյանն առանձնապես չի չափազանցրել: Նա, ըստ ամենայնի, հաշվարկել է, թե «ի՞նչ արժե» նախագահ դառնալը, և լինելով Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ հասկացել է, որ դա իր հնարավորությունների սահմաններում է:

Տեսանյութեր

Լրահոս