«Անկախությունը, որը պետք է լիներ պետականության գաղափարի ամենաբարձր արտահայտությունը, այս քաղաքականության մեջ կորցրել է իր բովանդակությունը». Արմեն Հովասափյան
Արմեն Հովասափյանը գրում է. «Անկեղծ ասած՝ ես այնքան էլ համակարծիք չեմ այն մտքի հետ, թե Նիկոլ Փաշինյանը Հայաստանում «Չուչխե» (Հս. Կորեայի պետական գաղափարախոսություն) է հաստատում։ Ոչ այն պատճառով, որ նրա քաղաքականության մեջ չկան չուչխեացման տարրեր, այլ որովհետև «չուչխեիզմը» ենթադրում է ամբողջական գաղափարախոսություն։ Իսկ Փաշինյանի քաղաքականությունը դրանով չի բնորոշվում։
Նա ոչ թե «իզմեր» ստեղծող , այլ գոյություն ունեցող հստակ համակարգերը կազմաքանդող ապաքաղաքական կերպար է։
Փոխարենը՝ տարիներ շարունակ իրեն դրել է «քաղաքական տեսաբանի» տեղ՝ սովորական մտքերը, կենցաղային դատողություններն ու երբեմն ուղղակի անհասկանալի, տրամաբանական հիմք չունեցող ձևակերպումները ներկայացնելով որպես քաղաքական նոր մտածողություն, հետո դրանք վերածելով լոզունգների ու կարգախոսների։
«Լավ սովորիր, որ լավ ապրես»։
«Հայրենիքը պետությունն է»։
«Այստեղ հաց, այստեղ կաց»։
Առանձին վերցրած՝ սրանք պարզապես արտահայտություններ են։ Բայց երբ դրանցից փորձում ես քաղաքական փիլիսոփայություն կառուցել, ստացվում է ոչ թե գաղափար, այլ գաղափարի իմիտացիա։
Իմ կարծիքով՝ հենց սա է առանցքայինը։ Փաշինյանը ոչ այնքան նոր գաղափարախոսություն է ստեղծում, որքան սովորական միտքը ներկայացնում է որպես «տեսություն», արտահայտությունը՝ որպես «սկզբունք», իսկ կարգախոսը՝ որպես պետական մտածողություն։
Այստեղ խնդիրը ոչ թե նոր «իզմի» հաստատումն է, այլ գաղափարախոսության բացակայությունը քաղաքական մեթոդի վերածելը։
Փաստացի պետությունը կորցրել է իր պատմական շարունակականության, ազգային ինքնության, պետական նպատակի ու արժեքային հենքի մասին հստակ պատկերացումը։ Ավելին, այն լցվում է իշխանության կողմից տվյալ պահին արտադրվող ու անհրաժեշտության դեպքում փոխվող իմաստներով։
Եվ գուցե հենց սեպտեմբերի 21-ն է դրա մասին մտածելու ամենահարմար օրը։
Այսօր ՀՀ Անկախության օրն է։ 35 տարի առաջ հայ ժողովուրդը ոչ թե հերթական կարգախոս ընտրեց, այլ վերականգնեց իր պետականությունը՝ իր վրա վերցնելով պետություն կառուցելու պատասխանատվությունը։
Իսկ այսօր մենք հասել ենք մի կետի, որտեղ նույնիսկ անկախության ու պետության մասին խոսակցությունն է վերածվում իշխանության կողմից արտադրվող բառերի ու սահմանումների խաղի։
Ըստ էության՝ անկախությունը, որը պետք է լիներ պետականության գաղափարի ամենաբարձր արտահայտությունը, այս քաղաքականության մեջ կորցրել է իր բովանդակությունը։
Ցանկացած այլ դեպքում, երբ պետությունը դադարում է լինել պատմական շարունակականություն, ազգային պատասխանատվություն ու ապագայի ծրագիր, և սկսում է սահմանվել իշխանության օրվա պահանջով, ինքնին լրջագույն վտանգ է դառնում նրա գոյության համար։
Վտանգն այն է, որ պետությունն ինքն է սկսում կորցնել իր իմաստը»:

