Անհատականություն և ինքնություն. ինչպես է Հայաստանը կորցնում գլխավոր դաշնակցին. Profile
Մոսկվայի և Երևանի հարաբերություններում փոփոխություններ չկան։ Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում, Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որը նրանց առաջին առանձնազրույցն էր Հայաստանում հունիսյան խորհրդարանական ընտրություններից հետո, ավարտվեց նույն դիրքերում։
Պուտինը հերթական անգամ հստակեցրեց՝ ԵԱՏՄ տնտեսական գոտում մնալն ու Եվրամիությանը հարելը հակասում են միմյանց՝ առաջարկելով խնդիրը լուծել հանրաքվեով, որպեսզի ժողովուրդն ինքն ընտրի ինտեգրման վեկտորը։ Ի պատասխան՝ Հայաստանի վարչապետը մերժեց հանրաքվեի գաղափարը՝ պատճառաբանելով, թե «պահը հարմար չէ», և հավելեց, որ խորհրդարանի ընդունած՝ ԵՄ-ին անդամակցելու օրենքն արդեն իսկ փակել է այդ հարցը։ Մոսկվայի ընկալմամբ՝ հենց այդ օրենսդրական քայլն էլ հանդիսանում է տնտեսական միությունից դուրս գալու պաշտոնական ազդակ։
Տարաձայնությունների էությունը պարզ է։ Երևանը ցանկանում է անսահմանափակ օգտվել եվրասիական, հատկապես՝ ռուսական շուկայի բարիքներից, բայց գործընկերներին հասկացնում է, որ իր ներկայությունն այնտեղ ժամանակավոր է՝ մինչև ավելի գրավիչ Եվրամիության դռները բացվեն։ Զարմանալի չէ, որ ԵԱՏՄ մյուս անդամների մոտ այդ մոտեցումն ըմբռնում չի գտնում։
Ինտեգրացիոն կառույցները, որտեղ պետությունները զիջում են իրենց սուվերենության մի մասը, կիսվում են առևտրային գաղտնիքներով և համադրում արդյունաբերական քայլերը, հիմնված են փոխադարձ վստահության վրա։ Երբ դաշնակիցներից մեկը բացահայտ այլ կողմ է նայում, այդ վստահությունը վերանում է, և նրանից օրինաչափորեն պահանջում են հստակ ռազմավարություն։
Ռուսաստանը, որն այս դեպքում ներկայացնում է ամբողջ ԵԱՏՄ-ի դիրքորոշումը, շուրջ մեկ տարի, այն բանից հետո, երբ 2025-ի հունվարին Հայաստանի խորհրդարանը սկսեց քննարկել ԵՄ-ին անդամակցելու մասին օրենքը, այդ խնդիրը բացատրում էր պաշտոնական Երևանին։ Կտրուկ շրջադարձ եղավ Փաշինյանի՝ ապրիլյան Մոսկվա կատարած այցից հետո, երբ նա հայտարարեց, թե երկիրը կշարունակի վաստակել ԵԱՏՄ-ում, միաժամանակ կսիրահետի եվրոպացիներին, իսկ վերջնական որոշումը կթողնի անորոշ ապագային։
Դրանից հետո Մոսկվան անցավ գործի՝ բուսասանիտարական արգելքներ կիրառելով հայկական արտահանման դեմ, ինչը շատերն ընկալեցին որպես քաղաքական ազդակ։ Իսկ մայիսի վերջին ԵԱՏՄ պետությունների ղեկավարների հանդիպմանը, որին Փաշինյանը չէր մասնակցում, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի ղեկավարները համատեղ հայտարարությամբ կոչ արեցին Երևանին հանրաքվե անցկացնել իր ինտեգրացիոն ծրագրերի վերաբերյալ և ակնարկեցին Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության հնարավոր դադարեցման մասին։
Դատելով Բիշքեկում տեղի ունեցած քննարկումներից՝ դեկտեմբերին այս կասեցումը կարող է դառնալ իրականություն։ Հայաստանի համար սա կլինի ծանրագույն հարված, ուստի ապշեցուցիչ է, որ երկիրը գնում է դեպի տնտեսական աղետ՝ չունենալով դրա համար ոչ մի հիմնավոր դրդապատճառ։
Հայկական Մակրոն
Առանց հեգնանքի՝ Նիկոլ Փաշինյանը քաղաքական մեծ տաղանդի տեր մարդ է։ Նա Հայաստանի պատմության մեջ միակն է, ով կարողացավ փողոցից գալ իշխանության։ Շատերը փորձել են, բայց միայն նրա մոտ դա ստացվեց։ Նա երեք անգամ անընդմեջ հաղթեց ընտրություններում։ Եթե 2018-ի հաջողությունը հեղափոխական ալիքի արդյունք էր, ապա 2021 և 2026 թվականներին նա պետք է տանուլ տար ընտրությունները. Ղարաբաղյան երկրորդ պատերազմում կրած պարտության, Լեռնային Ղարաբաղի հանձնման, Հայ Առաքելական Եկեղեցու հետ մենամարտի և առանցքային դաշնակից և գլխավոր տնտեսական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ փչացած հարաբերությունների պատճառով։
Այնուամենայնիվ, իշխանությունը նա պահեց։ Ընտրություններից անմիջապես հետո՝ երեք ամիս չանցած, նա քննչական մեկուսարան ուղարկեց խորհրդարանական երկու ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներին, որոնցից մեկը՝ Գագիկ Ծառուկյանը, Հայաստանի ամենահարուստ մարդկանց թվում է, իսկ երկրորդը՝ Ռոբերտ Քոչարյանը, երկրի նախկին նախագահն է։ Իսկ մեկ այլ ազդեցիկ ընդդիմադիր՝ գործարար Սամվել Կարապետյանը, կալանավորված էր դեռ նախորդ տարվանից։

Իր էներգիայով նա հիշեցնում է Միխայիլ Սահակաշվիլիին, բայց եթե վրացի առաջնորդն ութ տարում ձանձրացրեց իր ժողովրդին, ապա Փաշինյանի կարիերան նույն ժամկետից հետո, դատելով նրա ելույթներից, նոր է թափ հավաքում։
Ոչ մի կոնկրետ հայկական բան նման առաջնորդի կերպարի մեջ չկա։ Փաշինյանը տեղավորվում է այն համաշխարհային թրենդի մեջ, որը ծնեց Էմանուել Մակրոնին կամ նրա հակոտնյա Դոնալդ Թրամփին։ «Պոպուլիզմն» այստեղ այնքան էլ ճիշտ բառ չէ, մանավանդ որ, գլոբալիստ մեկնաբաններն այն ամրագրել են իրենց ընդդիմախոս ազգայնականներին։ Ավելի շուտ տեղին է խոսել հանրային քաղաքականության և պետական կառավարման ոլորտների միջև տեղի ունեցած անջրպետի մասին։
Այս մտածողությունը կարող է օգտակար լինել ընտրարշավների համար, քանի որ թույլ է տալիս ճկունորեն խաղալ հանրային տրամադրությունների հետ, հեշտությամբ դաշինքներ կազմել ու քանդել։ Բայց դիվանագիտության մեջ սա կործանարար է։ Փաշինյանն՝ ամբողջ կյանքում լրագրող, իսկ հետո՝ անմիջապես վարչապետ, պատահական չէ, որ այդպես ընկերացավ ֆրանսիացի գործընկերոջ հետ։ Նրանց միջև տարբերությունն այն է, որ Մակրոնի հետևում կանգնած է հին և ուժեղ պետական ապարատ՝ հսկայական դիվանագիտական ավանդույթով, որը կարող է սրբագրել առաջին դեմքի էսկապադների հետևանքները:
Հայաստանում այդ ապարատը չկա, իսկ եղածի հիմքերը գործող իշխանությունը քանդեց։ Առաջնորդի սոցցանցի էջի և արտաքին քաղաքականության միջև չկա ոչ մի զսպանակ. բլոգերի վարքագիծը տեղափոխվել է դիվանագիտություն՝ երեկ Մոսկվային հավաստիացնում են, որ ԵՄ-ն ուտոպիա է, այսօր իշխող կուսակցությունն ընդունում է Եվրամիությանն անդամակցելու մասին օրենքը։
Երբ տեղացի վերլուծաբաններն ասում են, թե Նիկոլ Փաշինյանը վաղուց էր Հայաստանին կոչ անում խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ հիմա «տանում է դեպի Արևմուտք», նրանք թերագնահատում են բլոգերային բնույթի անկայունությունը։ Խնդիրն այն չէ, որ Հայաստանի առաջնորդն ունի ինչ-որ ռազմավարություն։ Այն, ամենայն հավանականությամբ, չկա, կամ, ավելի ստույգ՝ հանգում է պարզ բանի՝ ունենալ բացարձակ իշխանություն՝ նվազագույն պատասխանատվությամբ։ Հայաստանին այնտեղ, որտեղ նա հիմա գտնվում է, հասցրել է ոչ թե ռազմավարությունը, այլ տակտիկական քայլերի շղթան, որոնք առանձին-առանձին, հնարավոր է, ռացիոնալ են եղել, բայց իրենց համակցությամբ խորապես սխալ են։ Սոցցանցերում կայծկլտացող գրառումների հեղինակներին ընդհանրապես հազվադեպ են հաջողվում խոշոր, բարդ կազմակերպված գրական ձևերը։
Առանց խորանալու հեռավոր անցյալի մեջ՝ նայենք վերջին ամիսների իրադարձություններին։ Ապրիլյան մոսկովյան այցը Փաշինյանին պետք էր զուտ ներքին ընդդիմությանը լռեցնելու համար, որպեսզի հետ մղեր ընդդիմության քննադատությունը Ռուսաստանի հետ փչացած հարաբերությունների համար։ Բայց քանի որ ռուս-հայկական հարաբերությունները նրան այդ պահին քիչ էին հետաքրքրում՝ ի տարբերություն սպասվող խորհրդարանական ընտրությունների, Փաշինյանը, փոխանակ հանդիպման գոնե բաց մասում ընդուներ Մոսկվայի մտահոգությունները, նախընտրական ճառ արտասանեց. իբր մենք ազատ երկիր ենք, և Եվրամիության հետ մեր գործերը ձեզ չեն վերաբերում։
Երբ հետևեցին Հայաստանից ապրանքների ներմուծման սահմանափակումները, Երևանում դա նույնպես կապեցին ընտրությունների հետ՝ ասելով, թե Ռուսաստանն այդպիսով ցանկանում է օգնել ընդդիմությանը և քվեարկությունից հետո կհանի արգելքները։ Ըստ Փաշինյանի տրամաբանության՝ Մոսկվային ընտրությունների արդյունքը հուզում էր նույնքան ուժգին, որքան հենց իրեն, և հաղթելով՝ ինքը նրան կկանգնեցնի փաստի առաջ։ Դրանից հետո տնտեսական սահմանափակումները կկորցնեն իմաստը. չէ՞ որ Ռուսաստանը չի ցանկանում վանել Հայաստանին, նշանակում է՝ գործ կունենա Նիկոլ Փաշինյանի հետ՝ հակառակ ամեն տեսակ հակակրանքի։
Նա չէր գիտակցում, որ Եվրամիությանն անդամակցելու մասին օրենքը Մոսկվայում և ԵԱՏՄ մյուս մայրաքաղաքներում տեսնում են որպես քաղաքական լուրջ որոշում, այլ ոչ թե սովորական գրառում բլոգում, և, որ Երևանի դիրքորոշման անորոշությունը խարխլում է հենց եվրասիական ինտեգրացիոն գործընթացը։
Դաշինքի բովանդակության ճգնաժամը
Որքան էլ պատահական լինեն Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական քայլերը, նա միանշանակ պատմության մեջ կմտնի հայ ազգային ինքնագիտակցությունը վերափոխելու իր փորձով։ Փորձ՝ հարկադրված, կատարման որակի առումով վիճելի, բայց անխուսափելի։
Հայաստանցի վերլուծաբանները միանգամայն իրավացի են, երբ բարձրաձայնում են, որ երկիրն ինքնության երկարատև ու սուր ճգնաժամ է ապրում։ Պետական և ազգային գոյության նախկին գաղափարական հիմքերը՝ այն, որ Հայաստանի Հանրապետությունը խորհրդանշորեն փոխհատուցում էր ազգի հարյուրավոր տարիների պարտություններն ու տառապանքները՝ պաշտպանելով Լեռնային Ղարաբաղը, կործանված են: Ղարաբաղը կորսված է, և այն վերադարձնելն անհնար է։
Հայաստանի ղեկավարի ընտրած պարզ ուղին ղարաբաղյան շարժումը պատմական սխալ հռչակելն է։ Սակայն սա երկու մեծ խոչընդոտի է բախվում։ Առաջինն այն է, որ այդ շարժումն անբաժանելի է հայկական ազգայնականությունից՝ որպես այդպիսին՝ Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության հիշողությունից, նախնիների կորուսյալ հողի կարոտից, աշխարհով մեկ սփռված ժողովրդի կերպարից, որը միավորված է ազգային եկեղեցով և ընդհանուր պատմական ապրումներով։
Չեղարկելով Ղարաբաղը՝ դժվար է չչեղարկել նաև ողջ հայկական ազգայնականությունը, իսկ առանց դրա՝ ո՞րն է Հայաստանի Հանրապետության իմաստը։ Երկրորդ դժվարությունը՝ հինը փոխարինելու համար անհրաժեշտ է նոր առասպել, իսկ այն վերցնելու տեղ չկա։ Փաշինյանը, իհարկե, փորձեց նման մի առասպել ստեղծել. նա հիմա Միխայիլ Գորբաչովի «նոր մտածողության» պես մի բան է «վաճառում»՝ իբր մենք սխալվել ենք, բայց հիմա աչքներս բացվել են, դեն ենք նետել նախկին մոլորությունները և ցանկանում ենք խաղաղ ապրել նրանց հետ, ում թշնամի ենք համարել, կեցցե՛ն համամարդկային արժեքները։

Բայց այժմ 1980-ականները չեն, և Հայաստանի վարչապետի ելույթները հակադրվում են ժամանակակից աշխարհի ողջ գաղափարական տրամադրվածությանը՝ իր աճող ազգային եսասիրությամբ և ավանդույթների մեծարմամբ։ Բացի այդ, Գորբաչովը սկսեց քարոզել «նոր մտածողությունը» պատմական պարտությունից առաջ, այլ ոչ թե հետո։ Եվ դժվար է լիովին հավատալ այն առաջնորդին, ով սկզբում ասում էր, թե Ղարաբաղը Հայաստան է, իսկ պատերազմը տանուլ տալուց հետո ղարաբաղյան շարժումը հայտարարեց գրեթե հանցավոր։
Այսպես թե այնպես, ինքնության ճգնաժամն ակնհայտ է։ Ըստ երևույթին, այն հաղթահարելու այլ փորձեր էլ կլինեն, թերևս, ավելի հաջողված, քան ներկայինս է։ Հասկանալի է նաև հայ մտավորականների՝ Ռուսաստանին ուղղված չբարձրաձայնված կոչը. մեզ հանգիստ թողեք, թույլ տվեք ուշքի գալ։ Բայց այստեղ նշանակություն ունի նաև այն բարդ երկընտրանքը, որի առջև կանգնած է Ռուսաստանը։
Անցյալի հայ քաղաքական գործիչները, որոնք դաստիարակվել էին, եթե կարելի է այսպես ասել, «հին» ազգայնականության ոգով, ելնում էին թշնամիների հասկանալի հավաքակազմից՝ Ադրբեջան և Թուրքիա։ Նրանք կարող էին չսիրել Ռուսաստանը, բայց նրա հետ դաշինքը համարում էին անհրաժեշտ ուժերի հավասարակշռության համար։
«Համամարդկային» Հայաստանը չի մտածում ուժերի հավասարակշռության կատեգորիաներով, և Ռուսաստանը՝ որպես ռազմական դաշնակից, նրան, ընդհանուր առմամբ, այնքան էլ պետք չէ։ Ուստի Գյումրիում ռուսական ռազմաբազայի փակումը լիովին հավանական սցենար է։
Բայց Ռուսաստանն էլ իր դաշինքներն էր կառուցում՝ ելնելով «հին» հայկական ազգայնականությունից։ Մի բան է Հայաստանը, որին անհրաժեշտ է զսպել Ադրբեջանին ու Թուրքիային, և որն անուղղակիորեն վերահսկում է Լեռնային Ղարաբաղը, որն իր աշխարհագրական պայմաններով, փաստորեն, լեռնային ամրոց է։ Լիովին այլ բան է նախկին թշնամիների առջև զինաթափված, քաղաքական կամքից զուրկ և արտերկրում իր շահերը միայն առևտրի հարցերով սահմանափակած Հայաստանը։
Ընտրությունը «հին» ազգայնականության և «համամարդկային արժեքների» միջև, որն այսօր կատարում է Հայաստանը, կապված է Ռուսաստանի հետ «ուժեղ» կամ «թույլ» դաշինքի միջև ընտրության հետ։ Ռուսաստանի առջև նույնպես ընտրություն է կանգնած։ Եթե Մոսկվան ցանկանում է պահպանել Հայաստանի հետ «ուժեղ» դաշինքը, ապա դա նրանից կպահանջի շատ ավելի մեծ ներգրավվածություն դաշնակցի անվտանգության ապահովման գործում, քան դա եղել է մինչև Ղարաբաղի երկրորդ պատերազմը։
Այնուհետև շրջանը փակվում է. հայ հասարակության համար ինքնության երկու տարբերակների միջև ընտրությունը կախված է նաև այն բանից, թե որքանով է Ռուսաստանը պատրաստ ներդրում կատարել դաշինքում, այսինքն, եթե նայենք հայերի աչքերով, մինչև որ աստիճան նա կարող է աջակցել «հին» հայկական ազգայնականության հավակնություններին։ Որոշումը, որը կընդունի դաշնակիցներից յուրաքանչյուրը, կախված է այն որոշումից, որը կընդունի մյուսը։ Այսպես հայկական ինքնության ճգնաժամը վերածվում է ռուս-հայկական դաշինքի բովանդակության ճգնաժամի։
Ի՞նչ կապ ունի այստեղ Եվրամիությունը
Այստեղ էլ ուժի մեջ է մտնում հանրային քաղաքականության և պետական կառավարման միջև առկա բախումը։ Պետական գործչի և դիվանագետի տեսանկյունից՝ երկկողմ հարաբերությունների նման պահին կարևոր է կտրուկ շարժումներ չանել։ Մոսկվան, ի դեպ, դրանք չի էլ արել, ինչի համար նրան քննադատել են և ռուսական մամուլը, և հայկական ընդդիմությունը։ Հայաստանից մատակարարումների բուսասանիտարական արգելքներն այն ժամանակ եղան, երբ արդեն համբերության բաժակը լցվել էր, երբ Երևանի գործողությունները կասկածի տակ դրեցին եվրասիական ինտեգրման հետ կապված ողջ ձեռնարկի լրջությունը։ Իսկ բլոգերի տեսանկյունից՝ կտրուկ շարժումների բացակայությունն անտանելի է։
ԵԱՏՄ-ին անդամակցության շնորհիվ վերջին 10 տարում Հայաստանի տնտեսության եռակի աճի մասին շատ է խոսվել ամենաբարձր ամբիոններից։ Նշենք նաև այլ ցուցանիշներ։ Ագրարային Հայաստանը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով (ըստ գնողունակության պարիտետի) անցավ արդյունաբերական-ագրարային Ուկրաինայից դեռ 2020-ականների վերջին։
Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալները ցույց են տալիս, որ 2015-2024 թվականներին (ավելի թարմ թվեր դեռևս չկան) արտերկրում գտնվող Հայաստանի քաղաքացիների մասնաբաժինը՝ այսինքն, կոպիտ ասած, աշխատանքային միգրանտների թիվը, կրճատվել է մեկ քառորդից մինչև մոտ մեկ հինգերորդը։ Նույն ցուցանիշը, օրինակ, դեպի Եվրամիություն ձգտող Մոլդովայում 26-ից աճել է մինչև 36 տոկոսի։ Սա նշանակում է, որ Հայաստանի ավելի ու ավելի շատ քաղաքացիներ աշխատանք են գտնում տանը։ Հաշվի առնելով երկրի քրոնիկ ժողովրդագրական խնդիրները, որոնք կապված են ոչ թե բնական աճի հետ, այն դեռ դրական է, որքան զանգվածային արտագաղթի հետ, նկատվում է կարևոր տեղաշարժ։
Ռուսաստանի դեմ կիրառված եվրոպական պատժամիջոցները և զուգահեռ ներմուծումը մեծ եկամուտների աղբյուր են դարձել նախկին ԽՍՀՄ մի քանի հանրապետությունների համար։ Վերջին տարիներին ռուս-հայկական ապրանքաշրջանառության ռեկորդային աճն արտացոլում է հենց այս հանգամանքը։
Ամենաբնորոշ օրինակը, իհարկե, 2023–2024 թվականներին ռուսական ոսկու տարանցիկ առևտուրն է. Հայաստանը դարձել է այդ առևտրի առանցքային միջնորդներից մեկը։ Ուրվագծվել է մասնագիտացում. ԵԱՏՄ բաց շուկան թույլ է տալիս գումար վաստակել Հայաստանի շարքային քաղաքացիներին, զուգահեռ ներմուծումը՝ էլիտային։
Նման պայմաններում Եվրամիություն մտնելու մտադրությունը դժվար է այլ կերպ անվանել, քան խելահեղություն, տնտեսական ինքնասպանություն։ Չէ՞ որ, նույնիսկ, եթե ԵԱՏՄ գործընկերները չպահանջեին Հայաստանից կողմնորոշվել իր ինտեգրացիոն մտադրություններում, դա կպահանջեր Բրյուսելը։ Հիմա եվրաբյուրոկրատները խոստանում են Երևանին մեղմացումներ տալ հայկական ներմուծման համար, բայց դրա հետ մեկտեղ՝ պնդում են, որ Հայաստանը բացի շուկան եվրոպական ապրանքների համար, այսինքն՝ բառացիորեն դուրս գա ԵԱՏՄ ընդհանուր մաքսային տարածքից։ Միաժամանակ և՛ ժողովրդի, և՛ էլիտայի համար վաստակի խոշոր աղբյուրներ կտրելն այն հեռանկարն է, որի առջև հիմա կանգնած է Նիկոլ Փաշինյանը։
Հասկանալի է, որ այդ հեռանկարից նրան չի փրկի ինտեգրման ուղղության ընտրության հանրաքվեն, որը պնդում են ԵԱՏՄ երկրները։ Եթե հանրաքվեում հաղթեն Եվրամիության կողմնակիցները, հարկ կլինի անհապաղ դուրս գալ ԵԱՏՄ-ից՝ հասկանալի տնտեսական հետևանքներով, որոնց երկար սպասել պետք չի լինի։ Եթե եվրաինտեգրման կողմնակիցները տանուլ տան, պետք է հրաժարական տալ, քանի որ հենց Փաշինյանն է վերջին մի քանի տարիներին երկիրը տարել Եվրամիություն։
Դրա համար էլ Հայաստանի վարչապետը պատրվակներ է փնտրում հանրաքվե չանցկացնելու համար։ Բայց միևնույն ժամանակ խուսափում է վճռական քայլերից։ Նա այդպես էլ Հայաստանին դուրս չբերեց ՀԱՊԿ-ից, որն իր կազմով գրեթե համընկնում է ԵԱՏՄ-ին։ Նա Վլադիմիր Պուտինին ասել է, որ Եվրասիական միության հիմնադիր փաստաթղթերը չեն նախատեսում երկիրը միավորումից հանելու մեխանիզմ:
Իհարկե, չեն նախատեսում, բայց Հայաստանի նկատմամբ պայմանագրի գործողության կասեցման մեխանիզմ կարելի է գտնել, դրա վրա էլ հիմա աշխատում են թեմայի մեջ խորասուզված իրավաբանները։ Եվ նույնիսկ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն օրերս ասաց, որ Ռուսաստանն ու Հայաստանը մնում են դաշնակիցներ՝ դրանով իսկ մեղմելով կառավարության նոր ծրագրի ձևակերպումները, որտեղ դաշինքը հիշատակված չէ։
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը նույնպես բացարձակապես շահագրգռված չէ, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, համենայնդեպս, Մոսկվայի համար ոչ մի օգուտ դուրս գալուց չի լինի։ Իսկ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մասին օրենքի քաղաքական իմաստի մասին քննարկումը, որը ծավալվել է Բիշքեկում երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ, ցույց է տալիս, թե ինչպիսի լուծում կարող է քննարկվել: Չէ՞ որ, եթե Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ այս օրենքը փոխարինել է ԵՄ անդամակցության հանրաքվեին, ապա օրենքի չեղարկումն էլ, հավանաբար, կարող է փոխարինել։
Նիկոլայ Սիլաև
ՌԴ ԱԳՆ ՄԳԻՄՕ-ի (Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

