«Մեծածավալ վերափոխումների» պատրանք. մեծ խոստումների փոքր կատարողականը

Օրերս Ազգային ժողովի կողմից հաստատված Կառավարության 2026-2031թթ. գործունեության ծրագիրը ներկայացվում է որպես երկրի «ապագա վերելքի» և ենթակառուցվածքային թռիչքի հայեցակարգ։ Սակայն, քաղաքական լոզունգներից դուրս փաստաթուղթը մեկ այլ պատկեր է ցույց տալիս. ութ տարվա իշխանությունից հետո «Քաղաքացիական պայմանագիրը» ՀՀ քաղաքացիներին կրկին հրամցնում է խոստումների փաթեթ, որում անցյալի ձախողումները կոծկվում են նոր, աստղաբաշխական թիրախներով։

Այդ թիրախները հիմնված չեն պետական ապարատի իրական կատարողական հնարավորությունների վրա, և զուտ PR տեխնոլոգիա է՝ «մեծածավալ վերափոխումների» պատրանք ստեղծելու համար։

Կառավարության ծրագրերը պետք է գնահատել ոչ թե դրանց ներկայացման օրը, այլ այն պահին, երբ դրանում հայտարարված այս կամ այն ծրագրի արդյունքը չափելի է դառնում։ Հենց այստեղ է կայանում հիմնական հակասությունը. խոստումների պակաս վերջին ութ տարում երբեք էլ չի եղել, բայց այ, դրանց կատարողականը տարիներով մնում է անհամեմատ ավելի համեստ, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ խիստ թերակատարված։ Եվ որքան ավելի մասշտաբային են նոր խոստումները, այնքան ավելի սուր է դառնում հարցը՝ եթե պետությունը դեռևս չի կարողանում արդյունավետ կատարել արդեն իսկ ունեցած ծրագրերը, ինչպե՞ս է հանկարծ կարողանալու իրականացնել շատ ավելի մեծածավալ նախագծեր։

Ամենախոսուն օրինակներից են պետական կապիտալ ծախսերը (ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը)։ Դրանք պետք է ուղղվեն ենթակառուցվածքների զարգացմանը (ճանապարհներ, ջրամբարներ, դպրոցներ, հիվանդանոցներ), մեծացնեն տնտեսության արտադրական հնարավորությունները և երկարաժամկետում բարձրացնեն դրա դիմադրողականությունն ու աճի պոտենցիալը։ Սակայն, անգամ այդ ամենի համար նախատեսված գումարի պակաս չունենալով, կառավարությունը չի կարողանում ամբողջությամբ և ժամանակին ավարտին հասցնել հայտարարագրված նախագծերը։ Կապիտալ ծախսերի քրոնիկ թերակատարման սովորությունից այս կառավարությունը չի կարողանում ձերբազատվել՝ անգամ նախարարների փոփոխությամբ, որովհետև խնդիրն իրականում համակարգային անկազմակերպվածության մեջ է։ Էլ չենք խոսում այն մասին, որ այս կամ այն նախագծին առաջնահերթություն կամ գերվերահսկողություն է տրվում միայն այն ժամանակ, երբ դրանից հնարավոր է քաղաքական դիվիդենտ կորզել։

Եվ այս պայմաններում 2026-2031թթ. ծրագրով կառավարությունը հավակնոտ նշաձող է սահմանում՝ կապիտալ ծախսերը հասցնել ՀՆԱ-ի նկատմամբ 6.3%-ի։ Թվով տպավորիչ է, փաստերով՝ անիրատեսական. 2026թ. առաջին կիսամյակում այդ ցուցանիշը կազմել է ՀՆԱ-ի ընդամենը 4.1%-ը։ Եվ չենք մոռանում, որ կառավարության գործունեության նախորդ ծրագրի ամբողջ ընթացքում՝ 2021-2025թթ.-ին, կապիտալ ծախսերը մշտապես թերակատարվել են. միջին տարեկան թերակատարումը կազմել է 8.5% է, իսկ 2026թ. առաջին կիսամյակում՝ 43.6%։ Ավելին, 2026թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կապիտալ ծախսերը կրճատվել են 28.3%-ով՝ շուրջ 83.7 մլրդ դրամով։

Եթե ունես թերացումների բազմամյա պատմություն, որը պայմանավորված չի եղել ռեսուրսի բացակայությամբ, ապա ինչո՞ւ է պետք ինքդ քեզ ավելի մեծ ճահիճի մեջ գցել՝ միայն թե մի քանի օր լրատվականներում լայնածավալ խոստումների մասին վերնագրեր ստանաս։ Դու խոստանում ես ոչ միայն ավելի շատ ծախսել, այլ նաև այդ ծախսերի հիման վրա իրականացնել խոշոր ենթակառուցվածքային ու քաղաքաշինական վերափոխումներ։ Բայց շինարարական ծրագրերի ցանկի ընդլայնումն ինքնին չի նշանակում դրանց իրականացման կարողության ընդլայնում։ Մեկ է՝ համակարգը շարունակում է թերի աշխատել, և «թռնես վերև, իջնես ցած», ամիս առ ամիս արձանագրելու ես չկատարված աշխատանքի էլ ավելի մեծ ցուցանիշներ։

Խոսենք կոնկրետ օրինակներով։

Կառավարությունը նախատեսում է 10 նոր ջրամբարների կառուցման մեկնարկ։ Ոչ վաղ անցյալում, իսկ ավելի կոնկրետ՝ 2021-2026թթ. ծրագրով, խոստացվել էր նախագծել և սկսել 15 ջրամբարների կառուցումը, նույնիսկ կառավարության առանձին որոշմամբ դրանց թիվն ավելացվել էր երկուսով։ Ի՞նչ ունենք 8 տարում` կառուցվել է ընդամենը 1 ջրամբար (Վեդու ջրամբարը)։ Ու ամենազավեշտալին այն է, որ հենց այդ ջրամբարի կառուցման աշխատանքները մեկնարկել էին ոչ թե Փաշինյանի, այլ նախկին իշխանությունների օրոք։

Վարքի օրինաչափության (pattern of behaviour) տեսության համատեքստում պարզ տրամաբանական հարց՝ ինչպե՞ս է Փաշինյանի իշխանությունը պատրաստվում 7 տարում 10 նոր ջրամբար կառուցել, եթե 8 տարում կառուցել է ընդամենը մեկը, ու, ոչ ավել, ոչ պակաս, այդ ամենն ավարտելու է 2033 թվականին։ Այսինքն՝ հերիք չէ Փաշինյանի թիմը խոստանում է մի բան, որի իրականացումն անիրատեսական է, մի հատ էլ դրա վերջնարդյունքի պատասխանատվությունը տեղափոխում է հաջորդ քաղաքական ցիկլ։

Նույն պատկերն է նաև քաղաքաշինության ոլորտում։ «Հին Երևանը», 33-րդ թաղամասը (Ֆիրդուս), Կոնդը և Նորագյուղի «Դաունթաուն Երևան» նախագիծը, ըստ կառավարության ծրագրի, պետք է նոր վերափոխումների խորհրդանիշը դառնան։ Երևանի գրեթե յուրաքանչյուր բնակիչ քաջատեղյակ է, որ «Հին Երևան» ու 33-րդ թաղամասի ծրագրերը մոտ մեկ տասնամյակ ավարտին չեն հասցվում, քանի որ ուղեկցվում են երկարատև դատական վեճերով և քաղաքացիների սեփականության իրավունքի հետ կապված խնդիրներով։ Պարզ է, չէ՞, որ նմանօրինակ խնդիրներ կարող են ի հայտ գալ նաև Կոնդի և Նորագյուղի պարագայում։ Ի՞նչ է անելու կառավարությունը նշված ժամկետում նախագծերն ավարտելու համար. դիմելո՞ւ է սեփականությունը խլելու արդեն իսկ փորձված գործիքակազմին։

Ու քանի որ բոլոր նման «պարզունակ» նախագծերը պետական կառավարիչները հոյակապ իրագործում են, ժամանակն է եկել դուրս գալու Երկիր մոլորակի սահմաններից ու գրավել Տիեզերքը։ Փաշինյանի կառավարությունը Հայաստանի ազգային տիեզերական կարողությունների զարգացման նպատակով պատրաստվում է ձեռք բերել ու շահագործել Երկրի դիտարկման առնվազն երկու և հեռահաղորդակցական մեկ արբանյակ։ Ոլորտի պատասխանատու ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունը տարիներ շարունակ լրջորեն թերակատարում է իր բոլոր բյուջետային ծրագրերը։

Կարո՞ղ է պատճառն այն է, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ այդ ոլորտում որևէ գործունեություն իրականացնել՝ հատկապես, որ անգամ տարրական խցանումների խնդիրը չի կարողանում կարգավորել։

Պետական բյուջեի կապիտալ ծախսերի յուրաքանչյուր թերակատարում չկառուցված տրանսպորտային ենթակառուցվածք է, չստեղծված տեխնոլոգիական հզորություն, ձգձգված քաղաքաշինական ծրագիր։ Կարելի է թղթի վրա ժամանակակակից բառեր գրել՝ «դաունթաուն», «արբանյակ», բայց դրանով ո՛չ այդ բնակելի տարածքն է բարենորոգվելու, ո՛չ արբանյակն է տիեզերքում պտտվելու, ո՛ էլ ջրամբարն է կառուցվելու։ Մինչև շեֆ-խոհարարի աշխատանքի դիմելը, առնվազն փորձիր ձվածեղ պատրաստել։ Սեփական կարողությունների վրա նման ինքնավստահությունը երբեք լավ բանի չի բերել՝ հատկապես պետական կառավարման մակարդակում։

Ուրիշ հարց, եթե նման ամբիցիոզ նախագծերը, ոչ թե սեփական կոմպլեքսները հաղթահարելու ու հասարակությանն ինչ-որ բան ապացուցելու նպատակ են հետապնդում, այլ շատ հարմար մեխանիզմներ են պետական միջոցները վատնելու, յուրայիններին գումար վաստակելու հնարավորություն ստեղծելու համար։ Ժամանակը, ինչպես միշտ, ցույց կտա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930