Ինչո՞ւ է Արտակ Բուդաղյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը դիմել Վլադիմիր Գասպարյանին
Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ հունիսի 1-ին հնչած կրակոցների հետևանքով վիրավորված Արտակ Բուդաղյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը «Իրավունք» թերթի հետ զրույցում ասել էր, որ նամակով դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: «Որոշ հիմնավորումներ բերելով՝ պահանջել եմ ծառայողական քննություն նշանակել այդ օրը Ս. Խաչատրյանի առանձնատանը խուզարկություն անցկացրած ոստիկանների նկատմամբ»,- ասել էր նա:
168.am-ը Հայկ Ալումյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է ծառայողական քննություն պահանջել և ի՞նչ հիմնավորումներ է ներկայացրել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:
«Ես գտնում եմ, որ այնտեղ կատարված խուզարկության ժամանակ թույլ են տրվել այնպիսի խախտումներ, որոնք հնարավորություն են տվել ցանկության դեպքում տանը գտնվող զենքերը թաքցնել: Եվ այն զենքերը, որոնք որ այնուամենայնիվ առգրավվել են խուզարկության ընթացքում, Ոստիկանությունը դրանք ձևակերպել է՝ որպես կամովին ներկայացված, ինչը շատ կոպիտ խախտում է: Այսինքն՝ ստացվում է, թե իբր դրանք կամովին են ներկայացվել տանտիրոջ կողմից: Ես նաև նշել եմ, որ չեմ բացառում, որ դա ոչ թե պարզապես պարտականությունները կամ օրենքը վատ իմանալու հետևանք է, այլ ուղղակիորեն նրա՝ կողմի օգտին արված քայլ»,- ասաց Հայկ Ալումյանը:
Ինչպես հայտնի է, Հայկ Ալումյանը միջնորդություն էր ներկայացրել նախաքննական մարմնին Արտակ Բուդաղյանին գործով տուժող ճանաչելու մասին, սակայն քննիչը հետաձգել էր միջնորդության քննարկումը, ինչի առիթով փաստաբանը բողոք էր ներկայացրել գլխավոր դատախազին: Ալումյանի միջնորդությունը, սակայն, ուղարկվել են ՀՀ զինդատախազություն: Մեզ հետ զրույցում Ա. Բուդաղյանի ներկայացուցիչն ասաց, որ իր բողոքում գրել է՝ չի դիմել զինդատախազին, քանի որ կարծում է՝ զինդատախազին դիմելն անարդյունավետ կլինի.
«Երբ ես դիմել եմ գլխավոր դատախազին, ես գրել եմ, որ ինքս զինդատախազին չեմ դիմել, այլ միանգամից դիմում եմ դատախազին, քանի որ, կարծում եմ, որ զինդատախազին դիմելն անարդյունավետ կլինի՝ նկատի ունենալով զինդատախազի հրապարակային ելույթները՝ կապված այս գործի հետ: Ընդ որում՝ նշել եմ, որ շատ ավելի ակտիվ է ինքը ելույթներ ունենում՝ կապված կոնկրետ այս գործի հետ, քան, օրինակ, Դատախազության մամլո ծառայությունը: Եվ, իհարկե, ծայրահեղ միակողմանի: Դրա համար ես ուղղակի իմ բողոքի վերջում նշել եմ, որ այս պատճառով ես բաց եմ թողնում այն մի ատյանը, որտեղ կարող էի բողոքս ներկայացնել, և միանգամից դիմում եմ ՀՀ գլխավոր դատախազին»:
Մեր հարցին՝ այժմ, երբ բողոքն արդեն ուղարկվել է Զինդատախազություն, կարելի՞ է ասել՝ հույս չունեք, որ բողոքն արդյունք կունենա, Հայկ Ալումյանը պատասխանեց. «Ո՛չ: Ես միշտ էլ հույսեր ունեմ, շատ վատ կլինի, եթե հանկարծ ես իմ վստահորդին հայտարարեմ, որ՝ վերջ, այլևս ես հույսեր չունեմ: Ես առայժմ հույսեր ունեմ, և իմ վստահորդներն էլ դրան են ապավինում»:
168.am-ը Հայկ Ալումյանից հետաքրքրվեց՝ արդյոք արդեն հայտնի՞ է՝ Սուրեն Խաչատրյանի տանից հայտնաբերված զենքերն օրինակա՞ն են, թե՞ ոչ: Նշենք, որ մինչ այժմ ՊՆ քննչական ծառայությունը չի հրապարակել զենքերի օրինական կամ անօրինական լինելու մասին տեղեկությունները: «Ես բոլորովին չեմ զարմանա, եթե պարզվի, որ դրանք բոլորն օրինական զենքեր են, օրինական կա՛մ չակերտներում, կա՛մ առանց չակերտների, որովհետև դրանք այն զենքերն են, որոնք տանտերն ինքն է ցանկացել ներկայացնել ոստիկաններին: Փոխարենը՝ տունը տակնուվրա անեն, ամբողջը՝ անկյուններով տակնուվրա անեն, իրենք փնտրեն, իրենք բավարարվում են նրանով, որ տանտերը ներկայացրել է զենքերը, և ընդ որում՝ եթե նրանք եկել են խուզարկության, ու տանտերն այդ զենքերը բերում է, հետաքրքիր ձևակերպում են տալիս: Իրենք ձևակերպել են, որ տանտերը կամովին ներկայացրեց այդ զենքերը»: