ԵՄ-ի հետ մեր մերձեցումը մտավախություններ է առաջացրել ՌԴ-ում. Նիկոլ Փաշինյան
«Մի բան է՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունը հակամարտության պայմաններում, և բոլորովին այլ բան՝ այն պայմաններում, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված»,- այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր հռչակած հավասարակշռված և հավասարակշռման քաղաքականությանը:
Նրա խոսքով, հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությունը դարձավ այն առանցքային գործիքներից մեկը, որը թույլ տվեց կայունացնել Հայաստանի Հանրապետության արտաքին միջավայրը։
Փաշինյանը նշեց, որ Կառավարությունը ոչ միայն շարունակելու է հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությունը, այլև այն որդեգրում է՝ որպես արտաքին քաղաքական ռազմավարություն, որի առանցքային խնդիրն արտաքին հարաբերությունների մեջ անհամաչափություններ թույլ չտալն է կամ անհամաչափությունները հավասարակշռելու գործիք ունենալը։
«Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության մեջ առանցքային դեր ունի տարածաշրջանացումը, որի նպատակը սեփական միջավայրում առանց արտաքին օգնության ապրելը Հայաստանի Հանրապետության համար ոչ միայն հնարավոր, այլև հարմարավետ դարձնելն է։ Այս իմաստով հարաբերությունների հետագա զարգացումը Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության հետ ունեն կարևոր նշանակություն։
Միացյալ Նահանգների հետ արդեն արտատարածաշրջանային քաղաքականության մասով մեր հարաբերությունները գտնվում են վերընթաց վիճակում։ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության հուշագիրն ընդամենը 2025 թվականի հունվարին է ստորագրվել, և տեսեք, թե այս ընթացքում ինչ զարգացումներ են տեղի ունեցել»,- ասաց Փաշինյանը՝ թվարկելով, որ դրա ստորագրումից 1 տարի անց Հայաստանում 3 սուպեր համակարգչային կենտրոն է բացվել, որոնցից մեկը՝ Երևանի պետական համալսարանում, մյուս 2-ն արհեստական բանականության գործարաններ են:
Ավելին, նրա խոսքով, այս ոլորտում Հայաստան-Միացյալ Նահանգներ մասնավոր ներդրողներ համագործակցության պլաններն այնպիսին են, որ թերևս ստիպված կլինեն կրկին անդրադառնալ էներգետիկ ռազմավարությանը, որովհետև արհեստական բանականության ոլորտի ներդրումը ներդրումային նախանշվող ծրագրեր էներգետիկայի պահանջարկը մեծացնելու են ահռելի տեմպերով։
Փաշինյանի որակմամբ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ՀՀ-ի հարաբերությունները հիմա արդեն հիմնված են Համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության վրա, որը բոլորովին վերջերս է ստորագրվել, և սա մեր երկրների հարաբերությունների բարձրակետն է։ «Վերջին տարիներին մենք ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Վրաստանի, Ֆրանսիայի։ Չինաստանի, Նիդեռլանդների, Ղազախստանի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Միացյալ Թագավորության, Բուլղարիայի, Խորվաթիայի, Լիտվայի հետ։ Ֆրանսիայի հետ մեր հարաբերությունները գնալով դառնում են ավելի բազմաչափ ու բազմաշերտ, և մենք արդեն համագործակցում ենք այնպիսի ոլորտներում, որ նախկինում երբեք չենք գործակցել։ Եվրոպական միության հետ մեր գործընկերության ռազմավարական օրակարգն իրացվում է տեսանելի տեմպերով։
Նախորդ տարի Ազգային ժողովի կողմից ընդունված «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը նոր թափ տվեց այս գործընթացին։ 2026 թվականի մայիսին Երևանում տեղի ունեցավ եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, ապա և Հայաստան-ԵՄ՝ առաջին գագաթնաժողովը։ Հայաստանն այսօր միակ երկիրն է, որի հետ Եվրոպական միությունը վիզաների ազատականացման ակտիվ բանակցություններ է վարում, և մենք մտադիր ենք Եվրամիության հետ վիզաների ազատականացման հասնել 2029 թվականի ընթացքում»,- ասաց Փաշինյանը:
Նրա կարծիքով, Եվրոպական միության հետ ՀՀ-ի հարաբերությունների մերձեցումը որոշակի մտավախություններ է առաջացրել Ռուսաստանի Դաշնությունում։
«Իմ կարծիքով, Եվրամիության հետ մեր հարաբերությունների զարգացումն իրականում առիթ է տվել դրան, և դրա խորքային պատճառը չէ, իսկ Ռուսաստանում առաջացած մտահոգությունների հիմնարար պատճառն այն տրանսֆորմացիան է, որ սկսվել է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Ընդ որում, այդ տրանսֆորմացիան ոչ թե ինչ-որ մեկի քմահաճույքն է, այլ մեծ հաշվով՝ բնական գործընթաց։
Մի բան է՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունը հակամարտության պայմաններում, և բոլորովին այլ բան՝ այն պայմաններում, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված, իսկ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում լարվածություն ընդհանրապես չկա և հեռանկարը դրական է։ Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատմական հանգամանքների բերումով Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների ընկալումը հիմնականում եղել է ռազմական, անվտանգային»,- ասաց նա:

