200 մլն գույքն օտարելու և փողերի լվացմանն օժանդակելու համար 3 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է 7 անձի կողմից ՀՀ սեփականություն հանդիսացած և «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի օգտագործմանը հանձնված Երևան քաղաքի Պուշկինի փողոցի 38/1 շենքի թիվ 59 հասեցում գտնվող 451.1 քմ մակերեսով հասարակական շինությունն ապօրինի օտարելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու, դրանց օժանդակելու դեպքերի վերաբերյալ քրեական վարույթը:
Նախաքննության ընթացքում մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու մեղադրանքով Ա.Ա.-ի, Գ.Գ.-ի և Ա.Ավ.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Մյուս անձանց մասով քրեական վարույթի նախաքննությունը շարունկավում է:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

