Ոստիկանները ձերբակալել են մեկ տասնյակից ավելի անձանց․ մանրամասներ` Դաշտավան գյուղում կատարված խուլիգանությունից
Օգոստոսի 9-ին՝ ժամը 00.40-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղում վիճաբանություն է․ հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
«Դեպքի վայր մեկնած ոստիկանները կանխել են հետագա զարգացումները և պարզել, որ միջադեպին մասնակից մի խումբ անձանց վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի արդյունքում միմյանց հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով։
Նախնական տեղեկություններով վիճաբանությունը ծագել է մեքենան արագ վարելու հարցի շուրջ։
Ոստիկանության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով միջադեպին մասնակից մեկ տասնյակից ավելի անձինք ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին։
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասված է հայտարարության մեջ։

