ՀՀ-ն ԵԱՏՄ-ում արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների կարևոր սպառող է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը Չոլպոն-Ատա քաղաքում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին։ Վերջինիս, բացի Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների վարչապետներից, մասնակցել են նաև Իրանի, Ուզբեկստանի և Կուբայի ներկայացուցիչները։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը:
Իր ելույթում Փաշինյանն անդրադարձել է նաև ԵԱՏՄ շրջանակներում ՀՀ տնտեսական ակտիվությանը:
«Կցանկանայի անդրադառնալ այն օբյեկտիվ տնտեսական ցուցանիշներին, որոնք համոզիչ կերպով վկայում են, որ Հայաստանի Հանրապետության մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությանը հիմնված է փոխադարձ պարտավորությունների կատարման, այլ ոչ թե միակողմանի առավելություններ ստանալու վրա։ 2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ ներմուծման մաքսատուրքերի ընդհանուր բյուջե է փոխանցել շուրջ 319 միլիոն ԱՄՆ դոլար, մինչդեռ Հայաստանի օգտին բաշխված միջոցների ծավալը կազմել է շուրջ 175 միլիոն ԱՄՆ դոլար։ Այսպիսով, Հայաստանը Միության ընդհանուր բյուջե է փոխանցել զգալիորեն ավելի շատ միջոցներ, քան ստացել է, ինչը մեր պատասխանատու դիրքորոշման և ԵԱՏՄ շրջանակում պարտավորությունների բարեխիղճ կատարման անմիջական հաստատումն է»,- շեշտել է Փաշինյանը։
Ըստ ՀՀ վարչապետի՝ խոսուն է նաև փոխադարձ առևտրի դինամիկան. 2025 թվականի արդյունքներով՝ ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծումը կազմել է շուրջ 5 միլիարդ ԱՄՆ դոլար, մինչդեռ նույն ժամանակահատվածում հայկական արտադրանքի արտահանումը Միության շուկա կազմել է շուրջ 3,2 միլիարդ ԱՄՆ դոլար։
«Այս թվերը ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն ԵԱՏՄ ընդհանուր շուկայի մասնակից է, այլև Միության անդամ պետություններում արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների կարևոր սպառող»,- նշել է Փաշինյանը։

