Եկեղեցու հեղինակության և նրա հոգևոր առաքելության դեմ ուղղված ՀՀ իշխանությունների գործողությունները հակասահմանադրական են և հակազգային. ՀՅԴ Բյուրո

Եկեղեցու հեղինակության և նրա հոգևոր առաքելության դեմ ուղղված ՀՀ իշխանությունների գործողությունները հակասահմանադրական են և հակազգային: Այս մասին գրել է ՀՅԴ Բյուրոն:

«Սիրելի հայրենակիցներ,

Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, պատմական նախադեպը չունեցող փաստին: Վարչախմբի կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ծրագրավորված թիրախավորումն ու հալածանքները հատել են բոլոր կարմիր գծերը։ Ապօրինաբար հարուցված քրեական վարույթի շրջանակներում դատական գործընթաց է հարուցվել Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների դեմ:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ եղել և մնում է հայ ժողովրդի հոգևոր, ազգային և մշակութային ինքնության անսասան հենասյունը, որն առաջնորդել է մեր ժողովրդին ամենածանր փորձությունների միջով, պահպանել է մեր Սուրբ հավատքը, ազգային ինքնությունը, լեզուն և դարավոր արժեքները։

Եկեղեցու հեղինակության և նրա հոգևոր առաքելության դեմ ուղղված ՀՀ իշխանությունների գործողությունները հակասահմանադրական են և հակազգային: Այսպիսով հիմնովին խարխլվում է պետություն-եկեղեցի հարաբերությունների տարանջատման սահմանադրական սկզբունքը, ոտնահարվում հազարավոր հավատացյալների խղճի ազատության իրավունքն ու հոգևոր արժանապատվությունը, խորանում հանրային պառակտվածությունը, թուլանում մեր ինքնության հիմքերն ու նոր ցնցումների ենթարկվում պետական ու հասարակական կյանքը:

Որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակներ՝ դատապարտում ենք իշխանությունների որդեգրած հակաօրինական գործողությունները, անսակարկ վստահությամբ վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին։

Կոչ ենք անում դատաիրավապահ համակարգին՝ մնալ սահմանադրականության և ՀՀ օրենքների շրջանակներում և չտրվել քաղաքական խարդավանքների պարտադրանքին։ Թեմերի կառավարման և առհասարակ կանոնական իրավունքի ու ներքին ընթացակարգերի հետ կապված հարցերը գտնվում են բացառապես Եկեղեցու իրավասության տիրույթում, և ցանկացած միջամտություն անթույլատրելի է։

Կոչ ենք ուղղում մեր հայրենակիցներին՝ ազգային գիտակցությամբ ու համերաշխության սկզբունքներով առաջնորդվելով, պահպանել ազգային միասնությունը, համախմբվել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, նրա հոգևոր առաքելության և Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի շուրջ»,- նշված է հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31