Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը պաշտպանական համաձայնագիր կստորագրեն. AFP
Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանն օգոստոսի 7-ին Ջիդդայում կստորագրեն համատեղ պաշտպանական համաձայնագիր։ Այս մասին AFP գործակալությանը հայտնել են Սաուդյան Արաբիայի զինվորականներին և կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները։
Գործակալությունը նշում է, որ տարածաշրջանային տերությունները ձգտում են ամրապնդել անվտանգության կապերն Իրանի շուրջ պատերազմի ֆոնին, որը ներգրավել է Պարսից ծոցի երկրները և խաթարել նավագնացությունը Հորմուզի նեղուցով և Կարմիր ծովով։
Կարմիր ծովի ափին գտնվող Ջիդդայում նախատեսվում է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի հետ։
Շարիֆը և Պակիստանի բանակի գլխավոր հրամանատար Ասիմ Մունիրը թագավորություն են ժամանել օգոստոսի 6-ին։ Այցը պետք է տևի մինչև օգոստոսի 8-ը։ Ըստ Թուրքիայի նախագահի գրասենյակի՝ Էրդողանի այցը սպասվում է օգոստոսի 7-ին։
Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ այցը տեղի է ունենալու օգոստոսի 6-ից 8-ը։

