Չինաստանը պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի հետ ռшզմական ոլորտի հարցերով. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանը պատրաստ է համագործակցել Միացյալ Նահանգների հետ ռազմական ոլորտի հարցերով, սակայն վճռականորեն դեմ է Թայվանին ամերիկյան սպառազինության վաճառքին: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Լյու Չանը:
Նա մեկնաբանել է Politico թերթի հոդվածը, որում ասվում է, որ Թայվանին զենքի վաճառքին կողմ արտահայտվող Պենտագոնի քաղաքական հարցերով տեղակալ Էլբրիջ Քոլբին արդեն տևական ժամանակ չի կարողանում Չինաստանի կառավարությունից երկկողմ հարաբերությունների հաստատման համար ՉԺՀ այցելելու հրավեր ստանալ:
«Ռազմական ոլորտում չին-ամերիկյան հարաբերությունների կայուն զարգացումը համապատասխանում է երկու կողմերի ընդհանուր շահերին և արդարացնում է միջազգային հանրության սպասելիքները:
Չինաստանը պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի հետ՝ երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված կարևոր համատեղ պայմանավորվածություններն անկեղծորեն կատարելու, միմյանց հիմնական շահերն ու հիմնական մտահոգությունները հարգելու, փոխազդեցությունն ու երկխոսությունն ամրապնդելու, տարաձայնությունները պատշաճ կերպով կարգավորելու, փոխադարձ վստահությունը մեծացնելու և կասկածները փարատելու, ինչպես նաև ռազմական հարաբերությունների կայուն և անընդհատ զարգացմանը կայուն ու դրական հունով նպաստելու նպատակով, որպեսզի կառուցողական դեր խաղա չին-ամերիկյան հարաբերությունների համար ավելի պայծառ ապագա կերտելու և ամբողջ աշխարհում խաղաղությունն ու կայունությունն ապահովելու գործում», – ընդգծել է մամուլի քարտուղարը:
«Միևնույն ժամանակ ես ցանկանում եմ ընդգծել, որ Չինաստանի դիրքորոշումը, որը վճռականորեն դեմ է ԱՄՆ-ի կողմից Թայվանին զենքի վաճառքին, հետևողական է և հստակ», – հավելել է նա:
Նշենք, որ Վաշինգտոնը 2025 թվականի դեկտեմբերին հավանություն է տվել Թայվանի հետ ռեկորդային՝ 11 միլիարդ դոլարի զենքի վաճառքի գործարքին: Քոլբին աշխատել է այդ համաձայնագրի շուրջ:

