Հայկական Կարմիր խաչի ընկերությունն օգնում է կարկուտից տուժածներին
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը սկսել է մարդասիրական օգնության բաշխումը Արմավիրի մարզի կարկուտից առավել տուժած 14 համայնքներում: 4000 մարդու կտրամադրվեն սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ: Յուրաքանչյուր փաթեթի պարունակությունը հաշվարկված է բավարարելու տուժած ընտանիքների 2-3 ամսվա սննդի և հիգիենիկ պարագաների կարիքները: Այս մասին հայտնում են Հայկական Կարմիր խաչի ընկերությունից:
Այսպես` հուլիսի 4-ին, ժամը 12:30-ին մարդասիրական օգնության բաշխումն իրականացվելու է Արևիկ, Մրգաշատ և Ալաշկերտ համայնքներում: Բաշխմանը ներկա կլինեն նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը:
ՀԿԽԸ-ն որոշում է կայացրել դիմել Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Արտակարգ իրավիճակներին արձագանքման հիմնադրամին` կարկուտից առավել տուժած 14 գյուղական համայնքներին, որտեղ վնասը կազմում է 100 % և բնակվում են տուժած 7131 ընտանիք, մարդասիրական օգնություն տրամադրելու համար:
Հայկական Կարմիր խաչի ընկերության դիմումն ստացել է դրական արձագանք և հատկացվել է մոտ 100 մլն. ՀՀ դրամ կամ` 224 400 շվեյցարական ֆրանկ: