Ուկրաինայի հատուկ ծառայությունների հետ կապված ՌԴ երկու քաղաքացի է ձերբակալվել. ՌԴ ԱԱԾ
Ռյազանի և Վոլոգդայի մարզերում ձերբակալվել են ՌԴ երկու քաղաքացիներ, որոնք կապված են Ուկրաինայի հատուկ ծառայությունների հետ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԱԾ-ն։
«Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը Ռյազանի և Վոլոգդայի մարզերում կանխել է Ռուսաստանի երկու քաղաքացիների ապօրինի գործունեությունը, որոնք կասկածվում են պետական դավաճանության մեջ՝ ի շահ ուկրաինական հատուկ ծառայությունների»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում հայտնաբերվել է Ռյազանի մարզի 1978 թ.-ին ծնված բնակիչը, որը Telegram և WhatsApp (պատկանում է Meta-ին*, որը Ռուսաստանում արգելված է որպես ծայրահեղական- խմբ.) մեսենջերների միջոցով «սեփական նախաձեռնությամբ կապ է հաստատել Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ներկայացուցիչների հետ՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմն անցնելու և ՌԴ ԶՈւ-ի դեմ մարտական գործողություններին մասնակցելու հարցում աջակցություն ստանալու նպատակով»։
«Երկրորդ կասկածյալը՝ ծնված 2001 թ.-ին, հայտնաբերվել է Վոլոգդայի մարզի Վելիկոուստյուգսկի շրջանում։ Պարզվել է, որ նա Telegram մեսենջերի միջոցով հավաքագրվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակցի կողմից և աջակցություն է ցուցաբերել ուկրաինացի հավաքագրողներին՝ տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներում դիվերսիաներ և ահաբեկչություններ իրականացնելու համար անձանց փնտրելու հարցում»,-ասված է հաղորդագրության մեջ։
Ռյազանի և Վոլոգդայի մարզերի ԱԱԾ վարչությունների քննչական ստորաբաժանումների կողմից ձերբակալվածների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել համապատասխանաբար օտարերկրյա պետության հետ գաղտնի հիմունքներով համագործակցելու և պետական դավաճանության հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

