Լիտվայում փակվում են Mere բոլոր խանութները. LRT
20 խանութից բաղկացած ցանցը պատկանում է ռուս գործարար Սերգեյ Շնայդերին, որի նկատմամբ Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել։
Աղբյուրների տվյալներով՝ խանութներում հանկարծակի սկսել են անջատել լույսերը, իսկ աշխատակիցներին անսպասելիորեն հրամայել են փակել առևտրի կետերը և լքել տարածքը՝ անկախ աշխատանքային ժամերից։
Mere-ի ներկայացուցիչը չի մեկնաբանել՝ արդյոք խանութները ժամանակավոր են փակված, և թե արդյոք դա կապված է պատժամիջոցների հետ։
«Տեխնիկական խնդիրների պատճառով մենք չենք աշխատում ողջ Լիտվայում»,-հայտարարել է ընկերության ներկայացուցիչը։
Կաունասում Mere խանութների այցելուներին խնդրել են լքել տարածքը՝ հայտնելով, որ տեխնիկական խնդիրների պատճառով խանութն այլևս չի աշխատելու։
ԵՄ-ն պատժամիջոցների ցանկում է ներառել «Սվետոֆոր» առևտրային ցանցերի խմբի սեփականատերերին, որոնց են պատկանում նաև Լիտվայում գործող Mere խանութները։ Այս անձանց բոլոր գումարներն ու ակտիվները ԵՄ-ում պետք է սառեցվեն, նրանց արգելված է տրամադրել միջոցներ կամ այլ տնտեսական ռեսուրսներ։
Շնայդերը ներառվել է պատժամիջոցների ցանկում, քանի որ, Լատվիայի ֆինանսական հետախուզության ծառայության տվյալներով, նա նյութապես կամ ֆինանսապես աջակցում է այն գործողություններին, որոնք խախտում կամ սպառնալիք են ստեղծում Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և անկախության համար։

