«Միջին միջանցքի» հայկական հանգույցը. Հարավային Կովկասը ներառվում է «թյուրքական գոտու» մեջ
Հարավային Կովկասում ձևավորվում է նոր աշխարհաքաղաքական իրողություն, որը գնալով ավելի դժվար է բացատրել բացառապես հայ-ադրբեջանական ավանդական դիմակայության պրիզմայով:
Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը, որը 2023 թվականի իրադարձություններից հետո փաստացի վերացավ որպես տարածաշրջանային քաղաքականության ինքնուրույն գործոն, ավելի մասշտաբային գործընթացի տարրերից մեկն էր միայն։
Այսօր խոսքը Եվրասիայի տրանսպորտային, տնտեսական և քաղաքական նոր ճարտարապետության ձևավորման մասին է՝ Չինաստանից և Կենտրոնական Ասիայից մինչև Կասպյան տարածաշրջան, Թուրքիա և Եվրոպա: Այս համակարգում Ռուսաստանը վտանգում է աստիճանաբար կորցնել իր ավանդական դիրքերի մի մասը, իսկ պետությունները, որոնք նախկինում համարվում էին ռուսական աշխարհաքաղաքական տարածքի մաս, սկսում են արտաքին քաղաքական մանևրի նոր հնարավորություններ փնտրել։
Այդ գործընթացի առանցքային տարրերից մեկը դառնում է Ադրբեջանը։ Դեռևս մի քանի տարի առաջ Բաքուն ընկալվում էր որպես դասական բազմավեկտոր քաղաքականություն վարող պետություն՝ պահպանելով աշխատանքային հարաբերություններ Մոսկվայի հետ, զարգացնելով գործընկերությունն Անկարայի հետ և միաժամանակ փոխգործակցելով Արևմուտքի հետ։
Սակայն 2020 թվականից և հատկապես 2021 թվականին Թուրքիայի և Ադրբեջանի միջև Շուշիի հռչակագրի ստորագրումից հետո տարածաշրջանային քաղաքականության բնույթն էապես փոխվեց։ Այս փաստաթուղթը պաշտոնապես ամրագրեց երկու թյուրքական պետությունների դաշնակցային հարաբերությունները։ Սակայն փաստացի այն հիմք դարձավ պաշտպանության, անվտանգության, հետախուզության, արտաքին քաղաքականության և ռազմավարական պլանավորման ոլորտներում առավել խորը ռազմաքաղաքական համակարգման համար։
Իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ խոսքը միայն երկու պետությունների դաշինքի մասին չէ։ Բաքվի հետևում կանգնած է ՆԱՏՕ–ի անդամ Թուրքիան, որն ունի սեփական մասշտաբային աշխարհաքաղաքական հավակնություններ։ Եվ եթե ինչ-որ մեկը կարծում է, որ Անկարայի այդ հավակնությունները սահմանափակվում են Սիրիայով, Իրաքով կամ Արևելյան Միջերկրական ծովով, ապա բավական է ուշադիր նայել Թյուրքական պետությունների կազմակերպության գործունեությանը, թուրքական դասագրքերին, Անկարայի պաշտոնական հռետորաբանությանը և այն բանին, թե ինչպես է հետևողականորեն կառուցվում թյուրքական տարածության քաղաքական, տրանսպորտային և տնտեսական ինտեգրման համակարգը՝ Բոսֆորից մինչև Չինաստանի հյուսիսային նահանգներ։
2020 թվականի պատերազմից և Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության վերացումից հետո Ադրբեջանը հնարավորություն ստացավ անցնել լոկալ խնդիրների լուծումից դեպի շատ ավելի մասշտաբային նախագծի իրականացում։ Ադրբեջանական քաղաքականության կենտրոնական տարր է դառնում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»՝ տրանսպորտային երթուղին, որը պետք է միացնի Չինաստանը, Կենտրոնական Ասիան, Կասպյան տարածաշրջանը, Ադրբեջանը, Թուրքիան և Եվրոպան՝ շրջանցելով Ռուսաստանը:
Լոգիստիկայի մասին դատողություններ անելու սիրահարները սովորաբար նման նախագծերը նվազեցնում են բեռնարկղերի, երկաթուղիների և բեռների տերմինալների մակարդակի: Սակայն 21-րդ դարում ճանապարհները վաղուց դադարել են պարզապես տրանսպորտային երթուղիներ լինելուց։ Ով վերահսկում է հաղորդակցությունը, վերահսկում է կապիտալի, առևտրի, ներդրումների, քաղաքական ազդեցության և անվտանգության հոսքերը:
Եթե «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը կառուցվում է Ռուսաստան-Իրան-Հնդկաստան կապուղու շուրջ, ապա «Զանգեզուրի միջանցքը», որը գլոբալ «Միջին միջանցքի» մաս է կազմում, բոլորովին այլ աշխարհատնտեսական առանցք է ձևավորում՝ Կենտրոնական Ասիա-Կասպից ծով-Ադրբեջան-Թուրքիա-Եվրոպա։ Ընդ որում՝ հայկական Սյունիքում այս երթուղու առանցքային հատվածի փոխանցումն ԱՄՆ-ին պոտենցիալ կերպով կտրում է չինական բեռներն այս մայրուղուց:
Այս սխեմայում Ադրբեջանը վերածվում է ոչ միայն տարանցիկ տարածքի, այլ դառնում է ամբողջ համակարգի առանցքային համակարգողը: Ընդ որում, սխալ կլիներ տեղի ունեցողը դիտարկել բացառապես Բաքվի և Անկարայի պրիզմայով։
Այս սխեմայի իրականացման հարցում առանձնահատուկ հետաքրքրություն է ցուցաբերում Ղազախստանը։ Պաշտոնապես մնալով Ռուսաստանի և Հայաստանի դաշնակիցը ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում՝ Աստանան օբյեկտիվորեն շահագրգռված է այնպիսի երթուղիների զարգացմամբ, որոնք թույլ կտան նվազեցնել կախվածությունը ռուսական հաղորդակցություններից։
Ղազախստանի համար «Միջին միջանցքը» միայն նավթի, գազի և ուրանի արտահանումը չէ՝ շրջանցելով ռուսական տարածքը։ Սա հնարավորություն է՝ ամրապնդել սեփական դերը Չինաստանի և Եվրոպայի միջև տրանսպորտային կապերի ձևավորվող համակարգում, ընդլայնել արտաքին քաղաքական մանևրի տարածքը և ուժեղացնել սեփական սուբյեկտիվությունը։
Պատահական չէ, որ Ալիևը Շուշիի մեդիաֆորումում հատուկ ընդգծել է Բաքվի և Աստանայի միջև համագործակցության ռազմավարական նշանակությունը՝ ուղղակիորեն հայտարարելով, որ առանց Ադրբեջանի և Ղազախստանի ակտիվ փոխգործակցության Կասպից ծովում տրանսպորտային խոշոր նախագծերի իրականացումն անհնար է։
Մոսկվայի համար նման գործընթացներն առանձնահատուկ նշանակություն ունեն։ Եթե դեռ վերջերս Ռուսաստանը Կենտրոնական Ասիայի պետությունների համար ծառայում էր որպես բնական ձգողականության կենտրոն, որոշ տարածաշրջանային էլիտաներ այժմ ավելի ու ավելի են դիտարկում այլընտրանքային զարգացման տարբերակներ, որոնցում Ռուսաստանի դերն աստիճանաբար նվազում է։
Մինչդեռ Իրանը շարունակում է մնալ հայկական տարածքով արտատարածքային միջանցքի ստեղծման գլխավոր և ամենահետևողական հակառակորդը։ Պատճառը պարզ է. Թեհրանում շատ լավ հասկանում են, որ խոսքը ճանապարհների և երկաթուղային գծերի մասին չէ։ Խոսքը Եվրասիայի ամբողջ տրանսպորտային հաշվեկշռի վերաբաշխման մասին է։ Դրա համար էլ այսօր Իրանի շուրջ տեղի ունեցողը խիստ մտահոգիչ է թվում։
Ամերիկա-իրանական դիմակայության վերջին էսկալացիան ցույց տվեց, որ տրանսպորտային երթուղիները դառնում են ուղիղ աշխարհաքաղաքական պայքարի թիրախներ։
Օրերս հարվածների տակ են հայտնվել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի գործունեության հետ անմիջական առնչություն ունեցող ենթակառուցվածքային օբյեկտները։ Հարձակման թիրախների թվում էր Գոլեստան նահանգում գտնվող Ակ-Թեքե Խանի երկաթուղային կամուրջը՝ Գորգան-Ինչե-Բուրուն գծի վրա։ Այս հատվածը երկաթուղային կապ է ապահովում Իրանի և Թուրքմենստանի, Ղազախստանի, ապա՝ Ռուսաստանի միջև՝ «Հյուսիս-Հարավ» միջանցքի արևելյան ճյուղի միջոցով։ Հաղորդվում է նաև Թեհրան-Մաշհադ ուղղությամբ երկաթուղային ենթակառուցվածքի այլ օբյեկտների վնասման մասին: Միաժամանակ հարվածների տակ են հայտնվել Չաբահար և Կոնարակ շրջանների էներգետիկ օբյեկտները։
Հարկ է նշել՝ Չաբահար նավահանգիստը «Հյուսիս-Հարավ» միջանցքի հարավային ճյուղի առանցքային հանգույցներից մեկն է, որը Մոսկվան, Թեհրանը և Նյու Դելին դիտարկում են՝ որպես այլընտրանքային Եվրասիական լոգիստիկայի հիմք: Եվ հենց այստեղ է սկսվում ամենահետաքրքիրը: Որքան նվազ կայուն է թվում Իրանով անցնող երթուղին, այնքան ավելի գրավիչ է դառնում Կասպից ծովով, Ադրբեջանով և Թուրքիայով անցնող ուղղությունը: Որքան ավելի շատ ռիսկեր են առաջանում Ռուսաստան-Իրան-Հնդկաստան կապի համար, այնքան բարձր է «Միջին միջանցքի» արժեքը։
Այս խորապատկերին ուշադրության են արժանի նաև 2026 թվականի Շուշիի գլոբալ մեդիաֆորումում Ալիևի հայտարարությունները խորհրդային անցյալի և ռուս-ուկրաինական հակամարտության մասին, որոնք ցույց են տալիս Բաքվի արտաքին քաղաքական ինքնության աստիճանական փոփոխությունը։
Երբ Ադրբեջանի առաջնորդն Ուկրաինային ասում է՝ երբեք չհամաձայնել «օկուպացիայի» հետ, դա արդեն պարզապես վերացական դիվանագիտական բանաձև չէ։ Ռուսաստանի և Արևմուտքի հակամարտության պայմաններում նման հայտարարությունները դառնում են ռազմավարական գծի մաս։
Միաժամանակ փոխվում է վերաբերմունքը խորհրդային շրջանի նկատմամբ։ Այն ավելի ու ավելի է ներկայացվում ոչ թե որպես նախկին ԽՍՀՄ ժողովուրդների ընդհանուր պատմություն, այլ որպես անկախության կորստի և օկուպացիայի դարաշրջան։ Ռուսաստանի համար դա նշանակում է ընդհանուր պատմական տարածքի վերջին տարրերից մեկի ոչնչացում, որը տասնամյակներ շարունակ ապահովել է Մոսկվայի ազդեցությունը։
Արդյունքում նոր պատկեր է ձևավորվում։ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաքաղաքական դաշինքն ամրապնդվում է։ «Միջին միջանցքը» փակվում է Հայաստանի հարավում։ Ղազախստանը և Կենտրոնական Ասիայի մյուս պետությունները շահագրգռված են դրա ընդլայնմամբ։ Իրանը բախվում է աճող արտաքին ճնշումների։
Հայաստանը կորցնում է իր դիրքերն ու տարածաշրջանային գործընթացների վրա ազդելու հնարավորությունները՝ վերածվելով Արևմուտքի խամաճիկի։ Իսկ Ռուսաստանը մնում է կլանված ուկրաինական ուղղությամբ։
Թվարկված բոլոր գործընթացները զարգանում են միաժամանակ և ուժեղացնում միմյանց: Ըստ էության, հենց դրանում է Ռուսաստանի համար գլխավոր մարտահրավերը։
Ձևավորվում է տարածաշրջանային նոր համակարգ, որտեղ Ադրբեջանը դառնում է Հարավային Կովկասը, Կենտրոնական Ասիան, Կասպյան տարածաշրջանը և թյուրքական աշխարհի զգալի մասն ընդգրկող լայնածավալ աշխարհաքաղաքական նախագծի կարևորագույն տարրը: Միևնույն ժամանակ, Բաքուն շարունակում է խոսել Մոսկվայի հետ գործընկերության մասին, պահպանում է աշխատանքային հարաբերությունները Ռուսաստանի հետ և փորձում է առայժմ խուսափել բացահայտ առճակատումից: Բայց աշխարհաքաղաքականությունը դիվանագիտությունից տարբերվում է նրանով, որ գնահատում է ոչ թե հայտարարությունները, այլ արդյունքները։
Իսկ արդյունքները ցույց են տալիս, որ Ադրբեջանն Ալիևի ղեկավարությամբ քիչ ջանքեր չի գործադրում Եվրասիայի տրանսպորտային, տնտեսական և քաղաքական ճարտարապետության մեջ Ռուսաստանի դերը նվազեցնելու համար: Եթե տեղի ունեցողն ընկալենք որպես ժամանակավոր մարտավարական դրվագների ամբողջություն, մի օր կարելի է պարզել, որ Հարավային Կովկասն արդեն վերջնականապես ներդրված է կոորդինատների նոր համակարգում, իսկ տարածաշրջանի առանցքային գործընթացները զարգանում են առանց Ռուսաստանի մասնակցության կամ նրա շահերին հակառակ։
Աշխարհն այսօր սրընթաց փոխվում է։ Չափազանց արագ՝ ակնհայտը չնկատելու շռայլություն թույլ տալու համար:
Գրիգորի Երյոմին
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

