2016թ. հեղաշրջման փորձից հետո բանակին առնչվող ի՞նչ քայլերի է գնացել Էրդողանը, ի՞նչ նմանօրինակ քայլ է արվել Փաշինյանի կողմից ԳՇ պահանջի ֆոնին
«Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ, թուրքագետ Գեղամ Մանուկյանի հետ օրերս քննարկել ենք 10 տարի առաջ՝ 2016 թվականի հուլիսին Թուրքիայում իրականացված ձախողված ռազմական հեղաշրջման և Թուրքիայում ավելի վաղ տեղի ունեցած ու արդեն հաջողված ռազմական հեղաշրջումների տարբերությունները:
Այժմ ցանկանում ենք ներկայացնել Թուրքիայի զինված ուժերի մի քանի տրանսֆորմացիաները, որոնց Էրդողանը գնաց 2016 թվականի հեղաշրջման փորձից հետո, թեև, ինչպես նշեցինք, այն ձախողվել էր:
Եվ այսպես՝
■ 2018 հուլիսի 10-ին հրապարակված նախագահական հրամանագրի 338-րդ հոդվածի համաձայն՝ Գլխավոր շտաբը տրվեց Ազգային պաշտպանության նախարարությանը: Նույն ժամանակում Թուրքիայի պաշտպանության նախարար նշանակվեց Հուլուսի Աքարը, որը մինչ այդ Գլխավոր շտաբի պետն էր: Նա, դեռ լինելով ԳՇ պետ, 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ դրա մասնակիցների կողմից առևանգվել էր և տարվել Ակինջիլար ավիաբազա։ Մի քանի ժամ նրան պահել էին այնտեղ և ստիպել դուրս գալ իշխանությունների դեմ, բայց չնայած ճնշումներին՝ Աքարն անկոտրում էր մնացել, չէր դավաճանել Էրդողանին, իսկ պատանդային վիճակից ազատվել էր արդեն իշխանական գործողությունների արդյունքում։
Մենք գրել ենք, որ Հուլուսի Աքարը հուլիսյան մարտերից հետո խոստացել էր պատժել հայերին և Թուրքիայի պաշտպանության նախարարի կարգավիճակում լուրջ դերակատարում էր ունեցել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ:
Իսկ Թուրքիայի նախագահ Էրդողանն իր այս գաղափարը տեղավորել էր ԵՄ անդամակցության համար անհրաժեշտ բարեփոխումների տրամաբանության մեջ, ինչը, պարզից էլ պարզ է՝ զուտ պատրվակ է:
«Երկիշխանությունն անթույլատրելի է»,- մի առիթով ընդգծել էր Էրդողանը՝ հավելելով, որ Թուրքիայի պաշտպանության նախարարության և Զինված ուժերի միջև կապերը հիմնված կլինեն համերաշխության վրա, որոշումների կայացման գործընթացներում որևէ տարաձայնություն չի լինի:
Այս փոփոխությունները նախագահ Էրդողանին միաժամանակ օժտեցին Գլխավոր շտաբի պետից և զորատեսակների հրամանատարներից անմիջականորեն տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև՝ նրանց ուղիղ հրամաններ տալու իրավունքով, որոնք պետք է անմիջապես կատարվեն՝ առանց որևէ այլ պետական մարմնի կողմից հաստատման։
Այսինքն, հրամանատարական հիերարխիան վերածվեց մի կառուցվածքի, որտեղ Նախագահը գտնվում է սահմանադրական և գործադիր իշխանության գագաթնակետին, պաշտպանության նախարարն անմիջականորեն ղեկավարում է նախարարությունը, իսկ Գլխավոր շտաբը պատասխանատու է զուտ ռազմական պլանավորման և օպերատիվ հրամանատարության համար։
■ Բարձրագույն ռազմական խորհուրդը պատասխանատու է բարձրաստիճան սպաների կոչումների բարձրացման, նրանց ծառայության ժամկետի երկարաձգման և թոշակի ուղարկելու հարցերի դիտարկման համար։ Եվ մինչ վերակազմավորումը Խորհուրդը նիստեր էր գումարում վարչապետի նախագահությամբ, և դրա կազմի մեջ մտնում էին Գլխավոր շտաբի պետը, զորատեսակների և բանակների հրամանատարները, ժանդարմերիայի հրամանատարը, ինչպես նաև՝ ավագ գեներալներն ու ծովակալները՝ պաշտպանության նախարարի և անվտանգության հարցերով պատասխանատու կառավարության անդամների հետ մեկտեղ:
Սակայն 2016 թվականի հեղաշրջման փորձից հետո Խորհրդի կազմը փոխվեց: Եվ 2017 թվականի նիստին առաջին անգամ հայտարարվեց Արդարադատության և Ներքին գործերի նախարարների մասնակցության մասին, իսկ 2018 թվականի հուլիսի 15-ին էլ նախագահական հրամանագրով Խորհրդի կազմը վերանայվեց՝ համապատասխանեցվելով նախագահական համակարգին։
Երկրի նախագահը դարձավ նաև Խորհրդի նախագահը, իսկ դրա կազմի մեջ, բացի Գլխավոր շտաբի պետից և Ցամաքային, Ռազմածովային ու Ռազմաօդային ուժերի հրամանատարներից, մտան Թուրքիայի փոխնախագահները և Արդարադատության, Արտաքին գործերի, Ներքին գործերի, Ֆինանսների, Ազգային կրթության, Պաշտպանության նախարարները և այլք: Արդյունքում՝ թուրքական կառավարության պաշտոնյաների թիվը Խորհրդում ռազմական հրամանատարների համեմատությամբ մեծացվեց:
■ 2025 թվականին հայտնի դարձավ, որ թուրքական խորհրդարանը հաստատել է մի օրենք, որով Թուրքիայի նախագահ Էրդողանին թույլ է տրվելու, ըստ էության, միանձնյա փոխել երկրի զինված ուժերում ծառայողական առաջխաղացման համար անհրաժեշտ տարիների (ծառայության ժամկետի) պահանջները: Այս «բարեփոխման» քննադատները պնդում էին, որ այն խարխլելու է մասնագիտական արժանիքների վրա հիմնված ծառայողական առաջխաղացման համակարգը և ուժեղացնելու է Էրդողանի ուղղակի ազդեցությունը հրամանատարական կառուցվածքի վրա։ Ռազմական վերլուծաբանները նաև նախազգուշացնում էին, որ նախագահին առաջխաղացման ժամկետները փոփոխելու իրավունք շնորհելը հանգեցնելու է սպաների նկատմամբ անհավասար վերաբերմունքի և զինվորականության շրջանում խթանելու է լոյալությունը, և ոչ թե կոմպետենտությունը:
■ 2016 թվականի հուլիսին Ժանդարմերիայի հրամանատարությունը թուրքական ԳՇ-ի ենթակայությունից վերցվեց և փոխանցվեց Ներքին գործերի նախարարության ենթակայությանը:
■ 2016 թվականի հեղաշրջման փորձից հետո ռազմական ուսումնարաններն ու ակադեմիաները փակվեցին, ստեղծվեց միասնական Ազգային պաշտպանության համալսարան:
ԵՄ անդամակցությանն անհրաժեշտ բարեփոխումների անվան տակ զինվորականության ազդեցությունը երկրի ներքաղաքական կյանքում և երկրի կառավարման համակարգում նվազեցնելուն միտված Էրդողանի կատարած քայլերը կարելի շարունակել, բայց սահմանափակվենք այսքանով: Մյուս կողմից, հարկ է նշել, որ Թուրքիայի զինված ուժերի տրանսֆորմացիոն գործընթացը սկսել է նույնիսկ Էրդողանի իշխանության գալուց առաջ, պարզապես նրա իշխանության գալուց և 2016 թվականի հեղաշրջման փորձից հետո դրանք շատ ավելի կտրուկ են եղել թերևս:
Թուրքիայի զինված ուժերում Էրդողանի կատարած վերը նշված «բարեփոխումների» համատեքստում հարկ է հիշել մի քանի դրվագ՝ ՀՀ զինված ուժերին առնչվող:
2021 թվականի փետրվարի 25-ին Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ ՀՀ զինված ուժերի՝ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջից հետո Փաշինյանը որոշեց բանակում փոխել կառավարման մոդելը և ԳՇ պետին դարձրեցին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ: Այս օրենսդրական փոփոխությունը հակասահմանադրական է, քանի որ ՀՀ գործող Սահմանադրության համաձայն՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը զինված ուժերի անմիջական հրամանատարն է և հանդիսանում է զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը։
Հետաքրքիր զուգադիպություն է, չէ՞՚, հատկապես, երբ հիշում ենք ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հիմնավորումները: Մասնավորապես, 2022 թվականի հուլիսին ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստում նա հայտարարել էր.
«Այսօր Պաշտպանության նախարարությունը միաձույլ կառույց լինելու անհրաժեշտություն ունի»:
Այնուհետև Պապիկյանը շարունակել էր.
«Շատ բարդ է մեկ նախարարության ներսում տարբեր զինվորականների՝ սպաների, գնդապետների ու գեներալների հագուստի վրա կարդալ՝ «Պաշտպանության նախարարություն», «Գլխավոր շտաբ»: Մեկ մարմին, մեկ ամբողջություն պետք է լինի, որպեսզի հնարավոր ռազմական գործողությունների ու տարբեր մարտահրավերների ժամանակ անջրպետ չլինի, և շատ կարևոր է, որ այս փոփոխությունները կատարվեն օր առաջ և կատարվեն նոր Գլխավոր շտաբի պետի նշանակումից առաջ:
Այս փոփոխությունները դրական են անդրադառնալու բանակի կառավարման վրա և որևէ կերպ չեն խաթարելու պաշտպանության նախարարի քաղաքացիական վերահսկողության լիազորությունները: Գլխավոր շտաբը չպետք է զբաղվի ֆինանսական խնդիրներով, զինվորականը պետք է ձևակերպի խնդիրը, իսկ քաղաքական պատասխանատուները պետք է իրականացնեն ապահովումը, որպեսզի ամեն մեկը կարողանա լինել իր տեղում և կատարել օրենքով իրեն վերապահված գործառույթը»:
Մեկ այլ առիթով էլ պաշտպանության գործող նախարարը հայտարարել էր, որ ԶՈւ-ն պիտի զբաղվի միայն երկրի պաշտպանությամբ, մարտական պատրաստությամբ, իսկ գնում, սպասարկում, ապահովում՝ այդ ամենով պիտի զբաղվեն ՊՆ այլ վարչություններ: Ավելի ուշ ՀՀ ԶՈՒ ԳՇ ուղիղ ենթակայությունից ՊՆ ուղիղ ենթակայությանն անցավ սպառազինության վարչությունը և վերանվանվեց ՀՀ ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության:
168.am-ն ուսումնասիրություն էր ներկայացրել, թե նախկինում էր ԳՇ պետը եղել Պաշտպանության նախարարի տեղակալ և երբ է այս դրվածքը փոխվել:
Վերադառնանք 2021 թվականի Գլխավոր շտաբի հայտարարությանը և հիշեցնենք, որ այն Նիկոլ Փաշինյանը գնահատել էր՝ որպես ռազմական հեղաշրջման փորձ:
Մեկ օր հետո՝ 2021 թվականի փետրվարի 26-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել էր, որ Հայաստանում կառավարության փոփոխմամբ պետք է զբաղվի ժողովուրդը, այլ ոչ՝ բանակը։
«Մենք դեմ ենք ցանկացած հեղաշրջման։ Երբ բանակը խառնվում է քաղաքականությանը, դա անընդունելի է։ Եթե պետք է փոխել կառավարությանը, ապա դա պետք է անի հայ ժողովուրդը, այդ գործը պետք է թողնել նրան»,- հայտարարել էր նա։
Ավելի ուշ Փաշինյանը նշանակեց ԱԺ արտահերթ ընտրություններ:
Եվ քանի որ վերևում խոսք գնաց ռազմաուսումնական հաստատությունների օպտիմալացումից, հավելենք, որ 2023թ. հունիսի 8-ի ՀՀ կառավարության թիվ 914 Ա որոշմամբ «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան» և «Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան» պետական հիմնարկների միաձուլմամբ վերակազմակերպվեց և ստեղծվեց ՊՆ «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա» պետական հիմնարկը:
Իհարկե, ՀՀ-ի դեպքում սրանից դուրս գործում է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը ու ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը:
Մի ուշագրավ դրվագ ևս: Ոստիկանական բարեփոխումների համատեքստում ստեղծվեց Ոստիկանության գվարդիան, որը դուրս բերվեց «այլ զորքեր» օրենսդրական բնորոշումից: Նշենք, որ «Պաշտպանության մասին» օրենքի համաձայն՝ ՀՀ ԶՈւ ԳՇ-ն և ԳՇ պետը ռազմական դրության ժամանակ համակարգում է «այլ զորքերի և ռազմական դրության ժամանակ ստեղծվող հատուկ ստորաբաժանումների զորահավաքային պատրաստությունը»:
Ավելին, օրենքով «այլ զորքերը» զինված ուժերի կազմում են մասնակցում Հայաստանի Հանրապետության նկատմամբ անմիջական սպառնալիքի չեզոքացմանը կամ Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակմանը դիմակայելուն, և պատերազմի ժամանակ նրանց նյութական միջոցներով ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը: Եվ երբ ԳՇ պետն Օնիկ Գասպարյանն էր, «այլ զորքերի» մեջ մտնում էր նաև ոստիկանական զորքերը, ավելի ուշ սա փոխվեց, ինչպես նշեցինք:
Այնպես որ՝ և՛ Թուրքիայում 2016 թվականի ռազմական հեղաշրջման չհաջողված փորձը, և՛ ՀՀ-ում 2021 թվականի փետրվար 25-ի ԳՇ հայտարարությունը, որը ռազմական հեղաշրջման փորձ հեշտությամբ չի կարելի անվանել, ստիպել են Էրդողանին և Փաշինյանին ապահովության համար գնալ բանակի նկատմամբ խստացումների և ազդեցության նվազմանը միտված գործողությունների:



