Ադրբեջան-Սլովակիա ռազմական գործարքների առաջին արդյունքները կներկայացվեն այս տարի սեպտեմբերին, ինչի՞ մասին է խոսքը

Հուլիսի 13-ին Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինի ինքնաթիռը վայրէջք է կատարել Ֆիզուլիի` Վարանդայի օդանավակայանում։ Այսօր նա արդեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ այցելել է օկուպացված Արցախ՝ Շուշի, Աղդամ (Ակնա):

Ավելի ուշ Շուշիում տեղի ունեցած առանձնազրույցից և բանակցություններից հետո Ադրբեջանի և Սլովակիայի նախագահները լրատվամիջոցների համար հայտարարություններ են արել:

Ալիևը, մասնավորապես, նշել է, որ համագործակցությունն էներգետիկ և ռազմատեխնիկական ոլորտներում առաջնահերթությունների շարքում է:

Սլովակիայի նախագահը պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության հետ կապված առավել առարկայական հայտարարություն է արել՝ նշելով.

Կարդացեք նաև

«Նաև կցանկանայի վերահաստատել, որ 2027 և 2028 թվականներին Սլովակիան Բաքվում իր դեսպանատան միջոցով կշարունակի իրականացնել Ադրբեջանում ՆԱՏՕ-ի կոնտակտային դեսպանատան գործառույթները։ Ես շատ ուրախ եմ, որ մեր պաշտպանության նախարարները հիանալի համագործակցում են անվտանգության և պաշտպանական կարողությունների ոլորտում: Ես ուրախ եմ նաև, որ Սլովակիան կկարողանա ցուցադրել մեր փոխգործակցության և համաձայնագրերի առաջին արդյունքները պաշտպանական խոշոր ցուցահանդեսում, որը կանցկացվի այս տարվա սեպտեմբերին Բաքվում»։

Այս տարվա փետրվարին գրել ենք, որ Ադրբեջանը և Սլովակիան խոշոր գործարք են կնքել: Խոսքը 210 միլիոն եվրո արժողությամբ շրջանակային պայմանագրի մասին է, որով SAM-120 ավտոմատ ականանետեր են մատակարարվելու։

Սոլովակիայի պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը հայտնել էր, որ համաձայնեցվել է մատակարարումների առաջին խմբաքանակը, որը ներառում է 96 ականանետ:

Մենք դեռ 2025 թվականի դեկտեմբերին ենք գրել, որ Բաքուն մտադիր է Սլովակիայից հրետանային ավտոմատ համակարգեր ձեռք բերել, երբ Ալիևը մեկնել էր Բրատիսլավա:

Այդ համատեքստում հայտնել ենք նաև, որ Ադրբեջանը և Սլովակիան քննարկում են ինքնագնաց հրետանային կայանքների, զինամթերքի արտադրության ոլորտում համագործակցություն սկսել՝ սլովակական տեխնոլոգիա՝ գումարած ադրբեջանական գումարներ:

«Այստեղ խոսքը սիներգիայի ձևավորման մասին է, երբ սլովակական տեխնոլոգիաների և Ադրբեջանի ֆինանսական հնարավորությունների համատեղմամբ՝ հնարավոր է ստեղծել նոր արտադրանք, որը կհետաքրքրի նաև համաշխարհային շուկաներին: Ավելին, սա մեծ օգուտներ կբերի մեզ: Մենք այս ուղղությամբ աշխատում ենք կոնկրետ նախագծերի վրա»,- այցի ընթացքում հրավիրված ասուլիսի ժամանակ շեշտել էր Ադրբեջանի ղեկավարը:

Իր հերթին՝ հանդիպմանը ներկա Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինին հավելել էր.

«Մենք հատկապես մեծ փորձ ունենք ինքնագնաց հրետանային կայանքների, զինամթերքի արտադրության ոլորտում և ոչ միայն: Մենք կարող ենք Ադրբեջանի հետ աշխատել, այն է՝ փոխանցել տեխնոլոգիաներ և օգտագործել ադրբեջանական ֆինանսական միջոցները՝ ստեղծելու ժամանակակից արտադրություն և վաճառելու այն երրորդ երկրների: Ուրախ եմ նաև, որ Ադրբեջանը հետաքրքրություն է դրսևորել հրետանային ավտոմատ համակարգեր ձեռք բերելու հարցում և արդեն հայտարարել է իր այս մտադրության մասին։ Վստահ եմ, որ այս տեսակի սպառազինությունը կուժեղացնի Ադրբեջանի զինված ուժերը»:

Եվ հնարավոր է, որ հիմա Բաքվում, երբ Սլովակիայի նախագահն ասում է, որ այս տարվա սեպտեմբերին Բաքվում կայանալիք պաշտպանական խոշոր ցուցահանդեսում կտեսնեք Ադրբեջան-Սլովակիա փոխգործակցության և համաձայնագրերի առաջին արդյունքները, առաջին հերթին հենց նկատի ունի SAM-120 ինքնագնաց ականանետի նմուշները, քանի որ գործնականում համատեղ ձեռնարկության բացման մասին և առաջին արտադրանքի մասին տեղեկություններ չկան: Ամեն դեպքում, սպասենք սեպտեմբերին Բաքվի կազմակերպած ռազմական ցուցահանդեսին:

Իսկ վերոնշյալ բոլոր պայմանագրերի և պայմանավորվածությունների հիմքերը, ըստ էության, դրվել են, երբ 2024 թվականի մայիսին Սլովակիայի վարչապետ Ֆիցոն այցելել էր Բաքու, որի ժամանակ որոշվել էր բանակցություններ սկսել կոնկրետ սպառազինության մատակարարումների և պաշտպանական արդյունաբերության ոլորտում համատեղ արտադրական հարթակների ստեղծման շուրջ, Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է Ադրբեջանի հետ համատեղ արտադրություն սկսել ռազմական ոլորտում:

Նշենք, որ 44-օրյա պատերազմում ադրբեջանական հաղթանակի 5-րդ տարվան նվիրված Բաքվի զորահանդեսին ներկա են եղել Սլովակիայի փոխվարչապետը և պաշտպանության նախարարը:

Հիշեցնենք նաև, որ երբ 2019 թվականին այդ ժամանակ Սլովակիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակն այցելել էր Հայաստան և ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիս էր տվել, նրա ուշադրությունը հրավիրվել էր այն հանգամանքի վրա, որ իրենց սպառազինությունն Ադրբեջանում է հայտնվում ոչ թե ուղղակիորեն, այլ՝ միջնորդավորված, երրորդ երկրների միջոցով, մասնավորապես՝ Իսրայելի միջոցով:

«Սլովակիայի ու Իսրայելի միջև առանձին համաձայնագիր է եղել, առանձին փաստաթղթեր են եղել, որոնցում ամրագրված է եղել, որ վերջնական ստացողն Իսրայելն է։ Մենք այդ հարցը մի քանի անգամ քննարկել ենք նաև նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Կարծում եմ՝ գործը փակ է։ Մենք ամեն ինչ մանրամասն բացատրել ենք միմյանց, հասկացել ենք միմյանց, կարծում եմ, որ այս քննարկումը դադարել է ու չի շարունակվելու, ինչպես նաև պայմանագիրը դադարեցված է»,- վստահեցրել էր Լայչակը:

Թե որքանով է այն գործնականում տեղի ունեցել, կարելի է միայն ենթադրություն անել:

Ի դեպ, այս տարվա մայիսին «44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակին օգնած, 210 միլիոն եվրոյի պայմանագիր կնքած Սլովակիան «օկուպանտ» Հայաստանին զե՞նք կվաճառի» վերտառությամբ հոդված ենք հրապարակել, որովհետև Լեհաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել էր նաև Սլովակիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակի հետ, ով ևս «Defence24 Days» համաժողովին է մասնակցել, և քննարկել ռազմատեխնիկական համագործակցության ուղղությունները, պայմանավորվածություն էր ձեռք բերվել համագործակցությանն առաջիկայում գործնական ընթացք հաղորդելու վերաբերյալ։

Իսկ Սլովակիայի նախագահ Պելեգրինի օկուպացված Արցախ այցի և Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման մյուս դրվագներին կանդրադառնանք հաջորդիվ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031