ՏԻԿՏՈԿԸ ԶԻԲԻԼԱՆՈՑ Է. ԱՄԵՆԱԿԵՂՏՈՏ ԲԱՆՆ Է՝ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ
«Ռանդևու»-ի հերթական թողարկման հյուրը սցենարիստ, հումորիստ, պոետ և բազմաթիվ հայտնի նախագծերի հեղինակ Վարդան Զադոյանն է։

Տարիներ շարունակ հիմնականում իր ստեղծագործություններով հանրությանը ներկայացած Զադոյանն այս անգամ խոսեց ոչ միայն արվեստի, այլև հասարակության, ժամանակակից մեդիայի, ընտանիքի արժեքի ու ստեղծագործողի պատասխանատվության մասին։
Զրույցի հենց սկզբում նա բացատրեց, թե ինչու է տարիներ շարունակ խուսափել բազմամարդ հարցազրույցներից.
«Ստեղծագործողը չպետք է խոսի, այլ պետք է ստեղծի։ Թող իմ փոխարեն խոսեն իմ գործերը»։
Նա շեշտում է՝ խոսելու սիրահար չէ, քանի որ վստահ է՝ մարդուն պետք է գնահատեն իր ստեղծածով, ոչ թե՝ ինքնագովազդով։
Անդրադառնալով սոցիալական ցանցերում տարածված վիրավորանքներին ու մեկնաբանություններին՝ նա նշեց, որ երբեք առանձնապես չի տուժել դրանցից.
«Եթե մարդու մասին անընդհատ վատ մեկնաբանություններ են գրում, գուցե պետք է մտածի՝ ինքն ինչ է անում։ Ես որևէ մեկին վատություն չեմ արել, դրա համար էլ նման խնդիր չունեմ»։

Հումորիստը համոզված է, որ արվեստագետին քաղաքական դաշտ մտցնելը սխալ մոտեցում է.
«Նկարչին քաղաքականությունից հարց տալ չի կարելի, ինչպես քաղաքական գործչին՝ նկարչությունից։ Ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով»։
Վարդան Զադոյանը խոսեց նաև հայկական КВН-ի մասին՝ նշելով, որ դրա անկման հիմնական պատճառը լեզվական փոփոխություններն են եղել։
«Այսօր արդեն դժվար է գտնել այն երիտասարդներին, որոնք ռուսերենով կարող են խաղալ КВН։ Բայց դա վատ չէ։ Ժամանակն է, որ ոչ թե մենք ուրիշների խաղերը խաղանք, այլ ուրիշները՝ մերը»։
Ժամանակակից հումորի վերաբերյալ նա բավական կոշտ գնահատական տվեց՝ նշելով, որ այսօր հաճախ հաջողության են հասնում ոչ թե որակյալ, այլ հեշտ սպառվող նախագծերը։ Այդ պատճառով էլ ստեղծել է «Green Wolf» նախաձեռնությունը, որի նպատակը, ինչպես ինքն է ասում, «լուսավոր նախագծեր» ստեղծելն է։
«Մեզ մոտ չեն կարող աշխատել մարդիկ, որոնք քարոզում են թմրանյութ, բռնություն կամ անբարոյականություն։ Մենք ուզում ենք արժեք թողնել Հայաստանի համար»։
Զադոյանը համոզված է՝ արագ հաջողության ճանապարհը վտանգավոր է։
«Կա երկու սենյակ։ Մեկի վրա գրված է՝ «Արագ և հեշտ», որտեղ նստած է սատանան, և ներսը լիքն է մարդկանցով։ Մյուսի վրա գրված է՝ «Դժվար և դանդաղ», որտեղ նստած է Աստված, բայց սենյակը դատարկ է։ Ես ընտրել եմ երկրորդը»։
Անդրադառնալով ժամանակակից մեդիային՝ նա ցավով նշեց, որ տեղեկատվական հոսքը գրեթե ամբողջությամբ կառուցված է բացասական լուրերի վրա, իսկ արվեստը մղվել է երկրորդ պլան։
«Այսօր միացնում ես հեռուստացույցը՝ սպանություն, պատերազմ, աղետ… Բայց արվեստի մասին գրեթե ոչինչ չկա»։
Նրա համոզմամբ՝ պետության հիմքը մշակույթն է, իսկ արվեստի նկատմամբ վերաբերմունքն այսօր սխալ է ձևավորվում դեռ ընտանիքներում։

«Մենք ինքներս ենք ստեղծել «սոված արվեստագետ» արտահայտությունը։ Երբ ծնողն իր երեխային ասում է՝ «գնա բժշկություն սովորիր, հանկարծ նկարիչ չդառնաս», արդեն կանխորոշում է արվեստագետի ապագան»։
Հաղորդման ընթացքում Վարդան Զադոյանը խոսեց նաև գրաքննության մասին՝ ընդգծելով, որ КВН-ի տարիներին բոլոր ելույթներն անցնում էին խիստ վերահսկողության միջով։
«Ցենզուրան միշտ էլ եղել է։ Եթե կատակը վիրավորական էր կամ կարող էր խնդիր ստեղծել, այն պարզապես հանում էին։ Եվ դա բնական էր»,- ասում է նա։
Նրա կարծիքով՝ այսօր ազատ խոսքը հաճախ շփոթում են անպատասխանատվության հետ.
«Մարդիկ ունեն խոսքի ազատություն, բայց չեն հասկանում, որ խոսքից հետո պատասխանատվություն էլ կա»։
Առանձնահատուկ անդրադարձ եղավ նաև հայտնիների անձնական կյանքի ցուցադրությանը։ Զադոյանի համոզմամբ՝ հանրայնացման մոլուցքը խլում է աստղի խորհրդավորությունը։
«Աստղը պետք է անհասանելի լինի։ Երբ ամբողջ օրը ցույց ես տալիս՝ որտեղ ես, ինչ ես ուտում, ինչ ես անում, դու դադարում ես աստղ լինել»։
Ընտանիքի մասին խոսելիս՝ նա կրկին հրաժարվեց անձնական թեմաներից.
«Ընտանիքն ինձ համար սուրբ տարածք է։ Այն պետք է մնա փակ»։
Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաև «Դորիանս» խմբի հետ տարիներ շարունակ ունեցած համագործակցությանը։ Զադոյանը հերքեց շրջանառվող լուրերը, թե իր և խմբի անդամների միջև եղել են տարաձայնություններ.
«Մեր միջև երբեք կոնֆլիկտ չի եղել։ Բոլոր երգերը, բոլոր աշխատանքներն արվել են ընկերական հարաբերությունների հիման վրա, առանց որևէ շահի»։
Հաղորդման բլից հարցուպատասխանի ընթացքում Վարդան Զադոյանը խոստովանեց, որ մինչև այսօր չի կարողացել ներել ինքն իրեն, իսկ ամենամեծ կորուստը, որի մասին մտածելիս դեռ հուզվում է, հոր կորուստն է։
«Կուզեի ևս մեկ անգամ ասել հորս, որ սիրում եմ իրեն»։
Հարցին, թե բնավորության ո՞ր գիծը կուզենար փոխել, նա պատասխանեց՝ համբերատարությունը.
«Շատ են չարաշահում։ Իսկ ես շարունակում եմ համբերել»։

Մանրամասները՝ տեսանյութում:

