Բաժիններ՝

ՌԴ-ն ապաօֆշորացման խնդիր է դրել. Հայաստանը կհետևի՞ նրան

Օֆշորային գոտիներ հանդիսացող Բահամյան կղզիներում ընկերություն բացելու համար հարկավոր է 5 հազար դոլար կանոնադրական կապիտալ, իսկ ահա Բելիզում, Կայմանյան կղզիներում, բրիտանական Վիրջինյան կղզիներում հարկավոր է 50 հազ. դոլար: Կան ավելի էժանները՝ 10 հազ. դոլար Դոմինիկյան Հանրապետությունում, 100 դոլար՝ Մավրիկիայում և այլն, ըստ ճաշակի: Այս ցուցակը ներկայացված է իրավաբանական «ԷՄ-ՎԻ-ԷՄ Քոնսալթինգ Քամփնի» ՓԲ ընկերության կայքում:

Օֆշորներում ընկերություն բացելը մի կողմից՝ շահավետ է, բայց միաժամանակ՝ վտանգ կա, որ դրանք մի օր «կպայթեն», ինչպես եղավ Կիպրոսի հետ: Ամեն դեպքում ներկայում գնալով ավելի ու ավելի շատ ընկերություններ են ձգտում դեպի օֆշորային գոտիներ, որոնք ցանկացած պետության ֆիսկալ համակարգի դժբախտությունն են: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց Եվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան, տնտեսագիտության պրոֆեսոր Անդրեյ Սուզդալցևը, վերջին 2-3 տարիներին ԱՄՆ Պետդեպարտամենտը հալածանք է սկսել օֆշորային գոտիների հանդեպ, սակայն բոլորը հիանալի հասկանում են, որ համաշխարհային տնտեսությունում օֆշորային գոտիներն ավանդական և անբաժանելի մաս են դարձել:

Չհարկվող գոտիները կամ նվազագույն հարկման համակարգով տարածքներն օգտագործում են գրեթե բոլոր կորպորացիաները, այդ թվում՝ ռուսական պետական կառույցները: Սուզդալցևի բնորոշմամբ՝ օֆշորային գոտին անեծք է հարկային մարմինների համար, դրանց պատճառով հարկերի հավաքագրումն է նվազում, և դրա դեմ պայքարելն անիմաստ է, թեև փորձում են:

«Ամեն դեպքում՝ մայիս-հունիսին ՌԴ նախագահը ռուսական տնտեսության ապաօֆշորացման խնդիր է դրել, բայց դեռևս չկան այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան ռուսական տնտեսությունը ձերբազատել բազմաթիվ օֆշորային գոտիների կապանքներից, այդ թվում՝ Կիպրոսի գոտուց, որը ճգնաժամի մեջ է»,- ասաց Ա. Սուզդալցևը:

Իրենց ակտիվներն օֆշորային գոտիներ տեղափոխող ընկերությունների դրդապատճառները տարբեր են, դրանք հիմնականում 3-ն են՝ հարկերի նվազեցում, անանուն գործունեություն, կամ ինչ-որ բան չի գոհացնում սեփական երկրի բիզնես-մթնոլորտում: Այսինքն, երբ խնդիրներ կան ներդրումների համար, և ավելի շահավետ է ոչ թե ազգային ներդրում անել, այլ՝ Կայմաններից կամ Կիպրոսից: Ա. Սուզդալցևի խոսքով՝ բոլորն իմանում են, որ փողերն ազգային են, թեև փաստաթղթերով դրանք որպես օտարերկրյա են ձևակերպված:

ԱՊՀ տարածքում պարբերաբար նման գաղափար ծագում է՝ ներքին օֆշորային գոտի ստեղծել: Օրինակ՝ Բելառուսում երկար ժամանակ քննարկում էին երկիրը փոքր Շվեյցարիայի վերածել, ինչն, ըստ ռուս տնտեսագետի, իհարկե, հիմար գաղափար է:

«Հայաստանում, որն ունի բավականին արտաքին խնդիրներ լուրջ ներդրումային ծրագրեր իրականացնելու համար, տրանսպորտային մեկուսացում, սահմանափակ ռեսուրսային բազա, նաև իրավիճակը տարածաշրջանում պայթյունավտանգ է, պետությունը ներդրումներ է փնտրում ցանկացած ձևով: Այդ դեպքում գուցե արդարացվում է օֆշորային գոտին: Միաժամանակ՝ շատ մեծ փողեր հոսում են երկրից: Դրա դեմն առնելու համար հարկավոր է ներդրումների դաշտ ստեղծել: Այսօր ամբողջ խնդիրն այն է, թե որտեղ ներդնել»,- ասաց Ա. Սուզդալցևը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս