
Հոկտեմբերի 5-ին Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի միջև բանակցություններ կանցկացվեն Եգիպտոսում. ԶԼՄ

Վաղը` հոկտեմբերի 5-ին, Եգիպտոսում Իսրայելի և ԱՄՆ-ի պատվիրակությունների մասնակցությամբ բանակցություններ կսկսվեն։ Այս մասին հայտնում է իսրայելական «Channel 12» հեռուստաալիքը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆն արդեն մեկնել է Եգիպտոս: Նշվում է, որ ԱՄՆ-ի կողմից բանակցություններին կարող է մասնակցել ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, որը եղել է Գազայի կարգավորման վերաբերյալ ծրագիրը մշակողների թվում: Իսրայելական պատվիրակությունը կարող գլխավորել ռազմավարական ծրագրման նախարար և վարչապետ Բենիամին Նեթանյահուի վստահված անձ Ռոն Դերմերը։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հոկտեմբերի 3-ին հայտնել է, որ պատրաստ է ազատ արձակել իսրայելցի բոլոր պատանդներին և փոխանցել զոհվածների մարմինները`համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրի:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել էր 20 կետից բաղկացած ծրագիր, որը նախատեսում է անհապաղ հրադադար՝ 72 ժամվա ընթացքում պատանդներին ազատ արձակելու պայմանով: Փաստաթղթի համաձայն՝ ՀԱՄԱՍ-ը և այլ խմբավորումներ պետք է հրաժարվեն մասնակցել Գազայի հատվածի կառավարմանը։
Վերահսկողությունը պետք է անցնի տեխնոկրատ իշխանություններին՝ միջազգային մարմնի հսկողության ներքո, որը, ըստ մտահղացման, պետք է գլխավորի ինքը՝ Թրամփը։
ԱՄՆ նախագահը նաև սպառնացել է սարսափելի հետևանքներով, եթե ՀԱՄԱՍ-ը մինչև կիրակի դրական պատասխան չտա իր առաջարկին: