Գլխավոր դատախազի և ԲԴԽ նախագահի փոփոխություն է սպասվում. Փաշինյանը դժգոհ է
Արդեն մի քանի օր է` Նիկոլ Փաշինյանի ողջ քարոզչական քաղաքական ռեսուրսն ուղղված է դատական համակարգի դեմ։ Իր բոլոր հրապարակային ելույթներում նա դատափետում է դատական իշխանությանը` բնականաբար, դա փաթեթավորելով ժողովրդի պահանջով։
Հասկանալի էր, որ դրանք սոսկ օդում կախված խոսքեր չէին լինելու, և Փաշինյանը փորձելու է եզակի բացառություններով գրեթե ամբողջությամբ կախյալ դատական համակարգն ամբողջովին դարձնել ձեռնասուն։
Դատախազության օրվա իր խայտառակ ելույթից, սակայն, պարզ էր, որ Փաշինյանը դժգոհ է նաև դատախազության աշխատանքից։ Եվ մինչ իրավապահ համակարգն ու լրատվական դաշտը փորձում էին հասկանալ` ինչ է հետևելու սրան, պատասխանը չուշացավ։
168.am-ի տեղեկություններով Նիկոլ Փաշինյանի սնանկ կադրային բանկում տեղաշարժեր կլինեն. գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կնշանակվի Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ, ինչը, բնականաբար, գործող նախագահ Արթուր Աթաբեկյանը չի կարող ողջունել։
Վերջինս փորձում է դրա դեմն առնել իր ձևով` հույս ունենալով դատական համակարգի իր մտերիմների միջոցով Փաշինյանի հոգին փառավորող դատական ակտեր ստանալով՝ շահել նրա սիրտը։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի աբսուրդային կալանքը ևս մեկ ամսով երկարաձգելու` Հակակոռուպցիոն դատարանի այսօրվա որոշումն այդ տրամաբանությամբ է գրվել։
Բայց Արթուր Աթաբեկյանը, ով հլու-հնազանդ Դատախազության օրվա առթիվ հանդիսավոր միջոցառման ժամանակ լսում էր, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը լուտանքներ թափում իր իսկ ղեկավարած համակարգի գլխին, այս պատմության միակ շահառուն չէ։
Խնդիրն այն է, որ ԲԴԽ նախագահի հաջորդ պաշտոնը խոստացվել էր ԲԴԽ իրավաբան-գիտնական (իրավաբան-գիտնականները սա կարող են վալոկարդինով կարդալ.- Ս.Գ.) Կարեն Թումանյանին, և հիմա նաև այդ հարցը պետք է լուծեն, որովհետև Աննա Վարդապետյանն այլընտրանքային առաջարկներին, օրինակ` Վճռաբեկ դատարանի պալատի նախագահ դառնալ, չի համաձայնել։
Թափուր մնացած գլխավոր դատախազի պաշտոնը հավանաբար կառաջարկվի Նիկոլ Փաշինյանի անփոխարինելի կադրին` Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանին, ինչը մղձավանջ կլինի Աննա Վարդապետյանի համար, բայց երանություն` երկու քննչական մարմինների ղեկավարների համար։
Այս մասով դեռ հստակ որոշում կարծես թե չկա… Դեռ…
Դատական համակարգի դեմ այլ գործողություններ ևս նախատեսվում են, բայց դրանց ժամանակագրությունն ու այլ դետալներ դեռևս ճշգրտման փուլում են։

