Դոնալդ Թրամփի մասին նոր գիրքը վաճառքի առաջին շաբաթում դարձել է բեսթսելլեր
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին պատմող նոր գիրքը՝ «Regime Change: Inside the Imperial Presidency of Donald Trump» («Ռեժիմի փոփոխություն. Դոնալդ Թրամփի կայսերական նախագահության ներսում»), թողարկման առաջին շաբաթվա ընթացքում վաճառվել է ավելի քան 300 հազար օրինակ տպաքանակով, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Simon & Schuster հրատարակչության տվյալներին։
Հրատարակչի տվյալներով՝ այս թվի մեջ ներառված են նախնական պատվերները, տպագիր ու էլեկտրոնային գրքերի, աուդիոգրքերի վաճառքը, ինչպես նաև բարձր պահանջարկի պատճառով առաջացած դեռևս չկատարված պատվերները։ Գիրքն արդեն տպագրվում է երրորդ անգամ. լրացուցիչ պատվիրվել է ևս 200 հազար օրինակ այն բանից հետո, երբ առաջին տպաքանակն արագորեն սպառվել է գրախանութներում և Amazon-ում։
Հրատարակչությունը նշում է, որ դա վաճառքի առաջին շաբաթվա լավագույն արդյունքն է 2026 թվականին լույս տեսած բոլոր կոշտ կազմով փաստավավերագրական գրքերի շրջանում։
Գրքի հեղինակներն են The New York Times պարբերականի քաղաքական լրագրողներ Մեգի Հաբերմանը և Ջոնաթան Սուոնը։ Գրքում պատմվում է Դոնալդ Թրամփի նախագահական երկրորդ ժամկետի առաջին 14 ամիսների մասին։ Հեղինակները նկարագրում են իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Սպիտակ տան Արևմտյան թևում, նախագահական նստավայրում, Մար-ա-Լագոյի կալվածքում, նախագահական ինքնաթիռում և երկրի ղեկավարի արտասահմանյան ուղևորությունների ժամանակ։
Ինքը՝ Դոնալդ Թրամփը, խստորեն քննադատել է գիրքը՝ հայտարարելով, որ այն «մեծ մասամբ հորինված է»։
Հեղինակները մանրամասն նկարագրում են ռազմական որոշումների ընդունման գործընթացը, Արդարադատության նախարարության օգտագործումը քաղաքական ընդդիմախոսների դեմ, Թրամփի բանակցություններն ազդեցիկ քաղաքական գործիչների հետ, ինչպես նաև նրա ուշադրությունը Սպիտակ տան արտաքին տեսքի և ներքին կառուցվածքի փոփոխության վրա։
Գրքի հանգուցային գաղափարներից մեկն այն է, որ Թրամփն ինքը կարծում է՝ եթե չպարտվեր 2020 թվականի ընտրություններում, ապա իր երկրորդ նախագահական ժամկետի ընթացքում չէր ունենա նման լայն քաղաքական հնարավորություններ։ Հեղինակների կարծիքով՝ հենց դա է նրան թույլ տվել գործել զգալիորեն ավելի վճռական, վերանայել ձևավորված քաղաքական նորմերը, բարեփոխել պետական ինստիտուտները և ընդլայնել նախագահական լիազորությունների սահմանները։
Simon & Schuster հրատարակչությունում հայտարարել են, որ գիրքն արդեն դարձել է հանրային քննարկումների կարևոր մաս և, ամենայն հավանականությամբ, կպահպանի իր նշանակությունը որպես պատմական փաստաթուղթ Դոնալդ Թրամփի նախագահության երկրորդ ժամկետի մասին։

