«Ասես իմ տուն եմ եկել». Լուկաշենկոն՝ Սի Ծինփինին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Չինաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինի հետ հանդիպման ժամանակ կատակով հայտարարել է, թե, ասես, իր տուն է եկել։
«Ասես իմ տուն եմ եկել»,- հանդիպման սկզբում ասել է Լուկաշենկոն։ Հանդիպման տեսանյութից մի հատված հրապարակել է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությանը մոտ կանգնած «Пул Первого» տելեգրամյան ալիքը։
ՉԺՀ առաջնորդը հետաքրքրվել է՝ արդյո՞ք Լուկաշենկոն ուղիղ Մինսկից է ժամանել։ «Ո՛չ, ես այստեղ եմ թռել Մոսկվայի մերձակայքից։ Մենք բանակցություններ էինք վարում նախագահ Պուտինի հետ, որից հետո ես մեկնեցի Պեկին»,- ասել է Բելառուսի նախագահը, ով ավելի վաղ աշխատանքային այցով գտնվում էր Ռուսաստանում։
Սի Ծինփինը գոհունակություն է հայտնել, որ շատ հաճախ է հանդիպում Լուկաշենկոյի հետ։
Տելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ Բելառուսի և ՉԺՀ ղեկավարների պաշտոնական բանակցությունները տևել են ավելի քան երեք ժամ։ Այս այցն Ալեքսանդր Լուկաշենկոյի արդեն 17-րդ ուղևորությունն է Չինաստան։
«Այնուհետև առաջնորդները կշարունակեն շփումը ավանդական ընտանեկան ճաշի շուրջ. ֆորմատ, որը դուրս է գալիս դիվանագիտական արարողակարգի շրջանակներից և հանդիսանում է Բելառուսի նախագահի ու ՉԺՀ նախագահի միջև առանձնահատուկ անձնական վստահության նշան»,- ասված է հաղորդագրության մեջ։

