Հոգով բոմժերի իշխանություն է, Ծառուկյանի գույքը դրա համար են խլում. ծեծուջարդը Փաշինյանի սցենարն էր. վախենում է՝ Արևմուտքը կոմպրոմատներ ունի. Սուրեն Սուրենյանց
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Բոլոր երկրներում էկոնոմիկայի նախարարն ուրախանում է, երբ աշխատատեղ է բացվում: Երեկ Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հպարտանում էր, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա»-ն փակվել է: Դա 500 աշխատատեղ է, ի դեպ: Այդքան աշխատատեղ կրճատվելու է: Այս իշխանությունը խոսում է միայն բռնելու, նստեցնելու, կուլակաթափ անելու մասին: Հայաստանում կա դանոսչիկների ինստիտուտ, որի հիմնադիր Դանիել Իոաննիսյանը 1937թ. լավագույն ավանդույթներով ապահովում է պետական համակարգի հաշվեհարդարը: Այսօր առավոտյան դա տեղի ունեցավ Ավետիք Չալաբյանի հետ: Այս երկրում, ըստ այս իշխանության, ընդդիմությունը կարող է խոսել, մեկ-մեկ էլ՝ քննադատել, սակայն չի կարող իշխանության գալու մասին մտածել: Բայց ցանկացած մեքենա, այդ թվում՝ ռեպրեսիվ մեքենան, մաշվում է:
- Ընդդիմադիր լիդերները քաղաքական համակարգեր պետք է ստեղծեն: Մարդիկ հոգնել են ու սթրեսի մեջ են, և ակնհայտ է, որ իրավիճակի լուծման հեղափոխական լուծում չի լինելու: Ընդդիմությունը պետք է ստեղծի քաղաքական համակարգեր, որ մի բռնոցիից, խլոցիից ու հետապնդումից ոչինչ կախված չլինի: Եթե դա չանեն, շատ ավելի ծանր հետևանքներ կլինեն: Եթե կայծակնային հեղափոխության ծրագիրը չի հաջողվում, պետք չէ գնալ արկածախնդրության կամ մարգինալացման ճանապարհով, ինչպես վրացական ընդդիմության դեպքում եղավ:

- Բոլորիս ընտանիքներն էլ հոգեբանորեն պատրաստ են, սպասում են, որ մեզ ձերբակալվելու ուրվականը սպառնում է:
- Քանի որ գործ ունենք բոմժերի իշխանության հետ, երբեք արժեք չեն ստեղծել, ուրիշի ստեղծածը շատ հեշտ են խլում: Գագիկ Ծառուկյանի, մյուսների գույքերը դրա համար են հեշտությամբ խլվում:
- Հայ ժողովուրդը կրակը չի ընկել, որ Նիկոլ Փաշինյանը մի հատ Ստեփան Զորյան ու «Պապ թագավոր» է կարդացել… Պրովինցիալ մտածողությամբ մարդը եթե այլ բաներ էլ կարդար, կարող է ուրիշ անուններ էլ իմանար: Եվ սրանով ես ամենևին չեմ նսեմացնում Պապ թագավորի վաստակը: Փողոց անվանակոչելը ոտքի վրա չպիտի լինի: Մանավանդ՝ ովքե՞ր են որոշողները՝ այն բանդիտները, ովքեր Երևանի ավագանու նիստում ծեծուջարդ էին կազմակերպել: Ես առաջին անգամ էի նման բան տեսնում: Դա ցուցադրական, Նիկոլ Փաշինյանի սցենարով բան էր: Նրանք նոր ձևավորվող ընդդիմությանը ցույց էին տալիս, թե ինչ է լինելու Ազգային ժողովում, և վստահաբար այդպես էլ լինելու է: Բա քաղաքապետն այնքան ավտարիտետ չունենա, որ չկարողանա սանձի՞: Սա ցույց է տալիս, որ բոլոր պետական ներկայացուցչական մարմիններն այսուհետ այս ռեժիմի մեջ են աշխատելու:
- Արևմուտքն ամենալավը գիտի, որ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմություն չունի, և Նիկոլ Փաշինյանի այս հիստերիան նաև արտաքին գործոններով է պայմանավորված: Մարդը բացահայտ ասում է՝ Հաջիև-Գրիգորյան հանդիպումը հնարավոր է դարձել, որովհետև Ադրբեջանը կասկածի տակ է դրել իր՝ կառավարելու ընդունակությունը: Փաշինյանի թեթև պասով Ալիևը 600.000 ընտրողի անվանում է ռևանշիստ: Սա այն պատճառով, որ Փաշինյանն ընդդիմադիր երեք ուժերին կնքել էր «պատերազմի եռագլուխ կուսակցություն» անվամբ:

- Նիկոլ Փաշինյանին Արևմուտքն ասում է՝ բավարար կոմպրոմատներ ունենք քո դեմ, և քարտ-բլանշ են տվել՝ ասելով՝ գնա, ինչ ուզում ես, արա, ավտորիտար դարձի՛ր, բայց մեր պահանջները պետք է կատարվեն:
- Կամա թե ակամա, ԲՀԿ-ն դարձավ այն ինդիկատորը, որով բացահայտվեց Նիկոլ Փաշինյանի՝ ոչ լեգիտիմ լինելը, որովհետև ամենաաշխարհացունց կեղծիքը կապված է հենց ԲՀԿ-ի հետ: Պարզ մաթեմատիկական թվաբանությունը հուշում է, որ ԲՀԿ-ին ֆիլտրելը Խորհրդարանից ամբողջ պրոցեսը դարձնում է ոչ լեգիտիմ: ԲՀԿ-ն դարձավ այն լակմուսի թուղթը, որով բացահայտվեց Նիկոլ Փաշինյանի ողջ այլանդակությունը: Սա Նիկոլ Փաշինյանը չի ներում ԲՀԿ-ին և Գագիկ Ծառուկյանին: Այս ռեպրեսիվ ալիքը չի կանգնելու, քանի դեռ ինքն իշխանության է: Դրա համար, կրկնում եմ, քաղաքական համակարգեր են պետք, որովհետև կայծակնային հեղափոխության սցենարը չի աշխատելու:
- Փաշինյանն ուզում է ընդդիմությանը մղել չհաշվարկված գործողությունների, որ իր լեգիտիմությունը վերականգնի փողոցում: Բացի դրանից, նա դրանով հիմքեր է ստեղծում ռեպրեսիաների նոր ալիքի համար: Ընդդիմությունը փողոց դուրս կգա, բայց դուրս կգա այն ժամանակ, երբ դա պետք լինի, այլ ոչ թե՝ Նիկոլ Փաշինյանի ուզելով:
- Փաշինյանն առնվազն Գագիկ Ծառուկյանին ու Սամվել Կարապետյանին ֆիզիկապես ազատազրկելու է, չի դադարեցնելու արշավը նաև «Հայաստան» դաշինքի և Ռոբերտ Քոչարյանի դեմ: Ընդդիմությունը պետք է ձևավորի 1988թ. «Ղարաբաղ կոմիտե-2»-ի պես խորհուրդ, որ լիդերների ձերբակալությունները պրոցեսների վրա չազդեն:
- Մեր նման գործիչները չպետք է իրենց կոմֆորտը գտնեն Գագիկ Ծառուկյանի և Սամվել Կարապետյանի շվաքի տակ, ասել՝ ամեն ինչ լիդերներից է կախված: Մենք էլ պետք է մեր գործողություններն անենք: Եթե հաղթած լինեինք, հազարավոր մարդիկ դափնիների հետևից պետք է վազեին, չէ՞: Կյանքը շարունակվում է, պետք է դուրս գալ դեպրեսիայից ու խոսք ասել հասարակությանը:

- Մանդատները վերցնելու հարցն իրավական հարց չէ, այլ քաղաքական: Եթե ընդդիմությունն ունի կայծակնային հեղափոխության սցենար, իհարկե, այդ դեպքում չպետք է վերցնի մանդատները: Այդպես եղել է Սահակաշվիլու ժամանակ՝ 2004 թվականին, բայց կա նաև Վրաստանի մյուս օրինակը, երբ վերջին ընտրությունների արդյունքներով ընդդիմությունը սխալ գործեց, չվերցրեց մանդատներն ու դարձավ մարգինալ ուժ: Մանդատները պետք է վերցնել, որ քեզ չդնես լուսանցքում՝ առանց այլընտրանքային քաղաքական պրոյեկտ ունենալու:
- Բոյկոտը մի դեպքում է աշխատում, եթե դու ունես հեղափոխության պատրաստի պլան: Մեր ընդդիմադիր 3 լիդերներն էլ իրենց բնույթով հեղափոխական չեն:
- Տեղի է ունեցել իշխանության յուրացում. Վահագն Հովակիմյանը, ԿԸՀ մյուս անդամները դարձել են Նիկոլ Փաշինյանի ձեռքում գործիք, որոնց միջոցով նա յուրացրել է իշխանությունը՝ պետական հեղաշրջման հատկանիշներով: Եթե գիշերը ժամը 2-ին Նիկոլ Փաշինյանն իրեն հաղթող է հայտարարում, դա լավ օրից չի անում: Սփրթնած դեմքով ու սաղմոսով նա փորձեց նախ կոնսոլիդացնել իր վախեցած թիմին, ապա հրահանգ տալ ԿԸՀ-ին ձայների հաշվարկի վերաբերյալ: Իշխանությունը չի հաղթել, դրա համար է Նիկոլ Փաշինյանն այսքան նյարդային վիճակում:
- Դանիել Իոաննիսյանն իշխանության մեջ իր դիրքերն ամրապնդելու խնդիր ունի. դրա համար են այս սրացումները:
- Նոր ընտրությունների Նիկոլ Փաշինյանը հիմա չի գնալու: Նոր ընտրությունների կգնա մեկ տարի անց, երբ կարողանա գլխատել ընդդիմությանը: Հիմա ընտրությունների գնալը ռիսկային է: Առաջին անգամ ձևավորվել է Խորհրդարան, որի առաջին նիստը դեռ տեղի չունեցած՝ մեռելածին է: Նիկոլ Փաշինյանը չի հասկանում, որ ապալեգիտիմացնում է իր իշխանությունը, որովհետև չի կարող Խորհրդարանում ընդդիմությունը լինել ապօրինի, իշխանությունը՝ օրինական: Ինքը դառնում է գործիք, որին օգտագործելու են՝ կոմպրոմատներ դեմ տալով:
- Ներկայիս Սահմանադրական դատարանը պատմության մեջ միակ ՍԴ-ն է, որի բոլոր անդամները նշանակվել են Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին, և նրանք նույնքան ուսապարկ են, որքան ԿԸՀ անդամները: Սեդա Սաֆարյանը պրոցեսից պետք է հեռացվի, որովհետև ինքը եղել է Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցության ցուցակի 3-րդ համարը 2021թ. ընտրությունների ժամանակ, իսկ այդ կուսակցությունն այսօր վիճարկում է ընտրությունների արդյունքները ՍԴ-ում, և, բացի դրանից, Սեդա Սաֆարյանի եղբայրն այս իշխանության խոսափողներից է:

- Հայաստանում «սմատրյաշչին» Բաքուն է և հենց Հաջիևը. ընտրությունների արդյունքներն իրենց դուր չեն եկել, «սմատրյաշչին» եկել է, տեսնի՝ ինչ կա-չկա: Փաշինյանը լիզում է Ալիևի և նրա նազիր-վեզիրների կոշիկները ու դա էլ հպարտությամբ ներկայացնում է՝ որպես ինքնիշխանություն: Բա առաջինն այնտեղից պետք է գային, եթե դու ադրբեջանական պրոտեկտորատ ես:
- Փաշինյանին ձայն տվողները հասկանալով կամ չհասկանալով՝ ձայն են տվել հայ-ռուսական տնտեսական պատերազմին, որը շատ ավելի ծանր հետևանքներ է ունենալու Հայաստանի համար: Նրանք քվեարկել են Նիկոլ Փաշինյանի դարի արկածախնդրությանը: Մեզ ԵԱՏՄ-ից էլ են դուրս թողնելու: Սրանք առաջին ընտրություններն են, որոնք դե յուրե նույնիսկ չճանաչվեցին Ռուսաստանի կողմից:
- Թող մեզ չոգևորի, որ ինչ-որ պատճառներով TRIPP-ը կարող է չեղարկվել: Թուրքիայում ասում են՝ եթե նույնիսկ դա արանքից դուրս գա, հույս չունենաք, որ մեր պահանջների տակից պլստալու եք:
- Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ին կրակել է իր ոտքին: Հիմա ինքը լրիվ դարձել է օտարերկրյա մեխանիզմ այս երկրի դեմ: Թույլ, լեգիտիմություն չունեցող իշխանություն է, մեր երկրի դեմ օգտագործվող էքսպանսիայի գործիք:
Մանրամասները՝ տեսանյութում:

