Նոր հարձակման արդյունքը կլինի ՔՊ-ի արագ տապալումը. մեր միակ վալյուտան ազգային արժանապատվությունն է. Անուշ Սեդրակյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ Անուշ Սեդրակյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Պարզ է, որ Եվրոպական միության վերին ատյանների հրահանգ կա՝ աջակցել Նիկոլ Փաշինյանին: Բայց Եվրոպայում, Արևմուտքում կան կազմակերպություններ, դիտորդներ, լրագրողներ, ովքեր չեն կարողանում աչք կապել Հայաստանում տեղի ունեցողի վրա: Այո, Եվրոպայում պինդ դրված է Փաշինյանին աջակցելու նարատիվը, բայց պետք է նաև նկատել, որ նաև Ռուսաստանն է շատ թույլ արձագանքում: Ռուսաստանը, արգելափակելով հայկական գյուղատնտեսական ապրանքների մուտքը ռուսական շուկա, պատժում է Հայաստանի ժողովրդին, որ ի՞նչ: Ռուսաստանը միլիոն ու մեկ լծակ ունի իշխանությանը պատժելու: Բերեմ օրինակ՝ կոմպրոմատ: Ինչո՞ւ չեն հրապարակում: 

Մենք ապրում ենք գաղտնի պայմանավորվածությունների պարադիգմայում: Եթե ժամանակին լինելով Ռոբերտ Քոչարյանի ադմինիստրացիայում անկարևոր մարդ, ես այդքան բան գիտեմ, բա իրե՞նք ինչքան գիտեն, բայց չեն խոսում:

Կարդացեք նաև

  • Տասնամյակներ շարունակ տեղի է ունենում հայ ժողովրդի լյումպենացում: Ամեն ինչ աշխատում է, չի աշխատում միայն բոլշևիզմի վերջին հանգրվանը՝ մասսայական բնաջնջումը:
  • Մենք գտնվել ենք եվրոպական քաղաքակրթության արևելյան կիզակետում: Կնոջ հանդեպ հարգանքը միշտ եղել է: Իսկ հիմա՝ ՔՊ-ի գաղափարախոսության դարաշրջանում, տղամարդը ոտքի է ելնում՝ պայքարելու կնոջ դեմ:

  • Միակ վալյուտան, որ էս աշխարհում կա, արժանապատվության՝ ազգային արժանապատվության դիմադրությունն է: Երկու երկիր կա՝ այդ նարատիվի ծայրերում կանգնած: Ես խոսում եմ ուկրաինական և իրանական դիմադրության մասին: Ավելի լավ է հողը լինի քոնը, հանածոներդ ուրիշը օգտագործի, բայց ոչ թե հա՛մ հողը տան, հա՛մ հանածոն, հա՛մ միջանցքը, հա՛մ ամեն բան, համ էլ թույլ չտան խոսես քո ազգային նպատակների, անկախական իղձերի մասին: Մեզ մոտ կոտրում են հնարավոր դիմադրության բոլոր ճյուղերը: Մենք կրել ենք պարտություն, միգուցե թույլ ու ապաշնորհ ենք եղել, պարտվել ենք, բայց մեզ չպետք է համոզեին, որ մեր պարտությունը մեր երջանկությունն է, ինչպես դա անում է Նիկոլ Փաշինյանը:
  • Ինձ համար շատ մեծ ցավ է, որ արևմտյան արժեքներն ասոցացվում են ՔՊ-ական այս իշխանության հետ:
  • Եկե՛ք ընդունենք, որ, ի տարբերություն մեր իշխանության, Ադրբեջանում, Իսրայելում, Իրանում կա հայրենանվեր իշխանություն: 
  • Պայքարի ալտերնատիվը ոչնչացումն է, պետության կորուստը:
  • Այնտեղ, որտեղ տեղի է ունեցել արևմտյան հեղափոխություն, դրա լիդերները դաժանաբար պատժվել են: Պատժվել է Զելենսկին, որովհետև նրա կյանքը կյանք չէ, պատժվել է Սահակաշվիլին, ով այսօր բանտում է: Հիշենք, որ նրանց առաջին բառերն էլ էին «եվրոպական ինտեգրացիա» բառերը: Բայց թող մեկն իմ աչքը մտցնի ՔՊ-ի մի հատ արևմտամետ խոսույթ, երբ ինքը նոր էր եկել իշխանության:
  • «Սինոփսիսը», «ՀայՌուսգազարդը», «Տաշիրը», Ռոբերտ Քոչարյանի թիմը, որոնց ես առաջին օրվանից տեսնում էի 2018 թվականի հեղափոխության շարքերում, եթե այդ օրերին փողոց դուրս չգային, ոչ մի հեղափոխություն էլ չէր լինի, իսկ եթե չլիներ Ռուսաստանի ցանկությունը, նշածս ընկերություններից ու անձերից որոշները դուրս չէին գա…
  • Իմ աչքի առաջ գողացել են արևմտամետության օրակարգը և այն օգտագործում են մեր երկիրն ապաժողովրդավար, աղքատ դարձնելու համար:
  • Ես չեմ կարողանում հասկանալ՝ TRIPP-ի մեջ ի՞նչ կա, որ այդպես համամասնորեն բոլորին ձեռնտու է:

  • Ֆրանսիայում սպասվում են ընտրություններ, և բոլորը հիմա զգուշորեն մտածում են՝ ինչպես նվաճել ֆրանսահայ էլեկտորատի ձայները:
  • Ես ընդդիմությանը խորհուրդ չեմ կարող տալ, բայց կարծիք կարող եմ հայտնել: Կարծում եմ՝ մանդատները չպետք է վերցնել հենց միայն ժողովրդի համար: Հայաստանի ժողովրդի կեսը դեպրեսիվ վիճակում է ու ճամպրուկները հավաքած: Մյուս մասն ասում է՝ մեզ խաբեցին, հիմա մանդատները կվերցնեն, կնստեն պառլամենտում… Չես կարող մտնել մի միջավայր ու չխաղալ իրենց օրենքներով… Սա վիրուս է: Նիկոլ Փաշինյանը սահմանադրական մեծամասնություն ձևավորելու աճպարարության ձևը կգտնի: Դրանից խուսափելու համար պարզապես չպետք է վերցնել մանդատները, որովհետև եթե ԲՀԿ-ն ու «Միասնության թևերը» հրաժարվեն, բերելու է քիչ ձայներ հավաքած կուսակցություններին, իսկ դա այնպիսի աղմուկ կբարձրացնի, որ նրանք կմտածեն էդ քայլին գնալուց առաջ:
  • Եթե ընդդիմադիր ուժերը մանդատները չեն վերցնում, հետ է գալիս ժողովրդի վստահությունը, իրավական լուծումների հնարավորությունն է շատանում: Մեր ընդդիմությունում փողոցի մարդիկ չկան: Նրանք բիզնեսմեն, հարուստ, կուշտ, աշխատող մարդիկ են, ՔՊ-ի նման փաբերից, ՀԿ-ներից չեն, որ հավաքեն, բերեն փողոց լցնեն, որ էլ գնալու տեղ չունենան… Մեր ընդդիմությունը չունի լյումպեն մասսան: Մեկը՝ ես: Մի օր, երկու օր կգնամ, կնստեմ փողոցում, ավել չեմ կարող: Այնքան աշխատանքային պարտավորություններ ունեմ, որ կգան, կլցվեն վրաս, տակից դուրս չեմ գա: Եթե գնան Խորհրդարան, դառնալու են Նիկոլ Փաշինյանի որոշումների դակողը՝ ոչ թե որովհետև վատն են, այլ՝ որովհետև այլ հնարավորություն չունեն:
  • Քաղաքական բեսպրեդելը ոչ մի ընդդիմադիր թիմի չի տրվում այնպիսի հաջողությամբ, ինչպես ՔՊ-ին: Իրենք գնում են վա-բանկ, որովհետև իրենց համար իշխանությունը էքզիստենցիալ՝ կյանքի-մահվան հարց է: ՔՊ-ն քաղաքական բեսպրեդելի հովանավորն է:
  • Ամբողջ աշխարհը գիտի, որ Նիկոլ Փաշինյանը չունի լեգիտիմություն, և եթե հիմա դեռ լռում են, դա միայն ժամանակավոր է…

  • Եթե կա շահ, բանակցությունները լավ ավարտ չեն ունենա, եթե կա նպատակ, հաջողություն կարող ես գրանցել: Շահի հետևից գնալը կործանարար է: Ես սա իմ անձնական օրինակով գիտեմ:
  • Ես ամենուրեք հնչեցրել եմ մի բան՝ իմ անձը՝ ԵՊՀ-ի հետ կապված վեճի հետ կապված, տասներորդական է: Ինձ թվում է՝ ես հասել եմ փոխըմբռնման: Իմ խնդիրն արտասահմանյան գրականության ամբիոնի՝ որպես քաղաքակրթական արժեքի պահպանումն է: Հուսով եմ՝ լավագույն ելքը կգտնվի:
  • Ամերիկան դեռևս շարունակում է մնալ այն միսիայի մեջ, որ ինքը պետք է ժողովուրդներին ազատագրի: Չեն ուզում ընդունել, որ իրենց երկրների ճակատագրերը պետք է որոշեն ժողովուրդները:
  • ՔՊ-ն խելք ունենա, եկեղեցու վրա նոր թափով չի հարձակվի, որովհետև իրենց այս պարտության հիմնական պատճառը եկեղեցու վրա հարձակումն էր: Եթե կրկին փորձեն, շատ արագ տապալվելու են: Հարցադրումները պետք է գաղափարական լինեն՝ «Կյանքի խոսքի» որևէ անդամ կարողացե՞լ է քվեարկել ընդդիմության օգտին… Իհա՛րկե ոչ: Ո՞վ է հրահանգավորված՝ իրե՞նք, թե՞ Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները:
  • Սովետական բոլշևիկի անունը պիտի փոխվի հայ հերոսի անունով: Եթե առաջ ես բերում պատմական ֆիգուրների, ապա վիճելի անուն չպետք է առաջ քաշել: Եվրոպամետ Նիկոլ Փաշինյան ջան, ինչո՞ւ հայ ազնվազարմ տոհմի կանանցից մեկի անունով չի անվանակոչվել Ամիրյան փողոցը, օրինակ՝ Այծեմնիկի: Դա ի՞նչ սեքսիզմ է:

  • Մարդիկ հոգնել են կրկեսներից ու շահերի համար պայքարից: Էս ժողովուրդը նպատակ պիտի ունենա, ինչպես 1988-ին Արցախն էր, բայց ոչ կեղծ նպատակ: Մեծ բաներ չենք կարողանում անել, ամեն մեկն այդ նպատակի համար մի փոքր բան պիտի անի: Գեոպոլիտիկ առումով մենք ամեն օր պետք է աղոթենք, որ Իրան-ԱՄՆ կոնֆլիկտը հնարավորինս արագ ավարտվի, Իրանն իր հաղթական խոսույթով կմտնի խաղի մեջ, բայց դրան պետք է պատրաստ լինենք, իսկ պատրա՞ստ ենք… Ոչ:
  • Ազգի արժանի զավակներին ներսում պետք է սիրեն, թող դրսում չսիրեն: Նժդեհին պետք է Հայաստանում գնահատեն ու պաշտեն, ու թող Ռուսաստանում նրան անվանեն տեռորիստ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930