Սա էլ կառավարության կառավարման արդյունքը. ոչ մի թիրախային ցուցանիշ չեն կատարել
Հայտնի հանգամանքներում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ի կառավարումը վերցրեց սեփականատիրոջից և հանձնեց կառավարության կառավարչին։ Բոլորին էլ պարզ էր, թե դա ինչի համար էր արվում, չնայած տարբեր պատճառաբանություններ էին բերվում. Իբր սեփականատերը չի կարողանում ՀԷՑ-ը պատշաճ կառավարել, չի պահպանում հոսանքի մատակարարման ժամանակի ու որակի նկատմամբ ներկայացվող պահանջները, վթարներն ու հոսանքազրկումներն են ավելացել։
Այդ ամենն արվում էր, քաղաքական հաշվերհարդարի շրջանակներում՝ սեփականատիրոջը պատժելու ու ՀԷՑ-ը նրանից խլելու համար։
ՀԷՑ-ը սեփականատիրոջից խլելն արդարացնելու համար Նիկոլ Փաշինյանը «Հոմպլեքս Մոլի» բացման արարողության ժամանակ տեղի ունեցած հոսանքազրկումն էր մեջտեղ բերում։ Ասում էր՝ մարդիկ 70 միլիոն դոլարի ներդրում են արել և չեն կարողանում նորմալ բացման արարողություն անել։ Այստեղ երկու տարբերակ կա՝ կամ հատուկ սաբոտաժ է, կամ համակարգը տեխնիկապես ի վիճակի չէ։ Երկու դեպքում էլ իրենք բոլոր գծերն անցել են։
Հետո, իհարկե, պարզվեց, որ «Հոմպլեքս Մոլի» հոսանաքազրկման հետ ՀԷՑ-ը կապ չուներ։ Բայց դա առիթ էր ընկերության սեփականատիրոջ վրա «բոչկա» գլորելու ու ՀԷՑ-ի կառավարումը նրանից խլելու համար։ Այդպես էլ վարվեցին՝ առաջին փուլով ընկերության կառավարումը վերցրեցին ու տվեցին Ռոմանոս Պետրոսյանին։
Անցած տարվա գրեթե ամբողջ երկրորդ կեսը ՀԷՑ-ը կառավարել է կառավարության կառավարիչը։ Հիմա տեսնենք, թե կառավարության կառավարիչը ինչքանո՞վ է կարողացել կատարել ներդրումային ծրագրով հոսանքի մատակարարման որակին ու ժամկետներին ներկայացվող պահանջները։
Ամբողջը ձախողել է։ Բոլոր թիրախային ցուցանիշները շեղվել են պահանջվածից։ Շեղվել են դեպի վատը։ Ոչ մի պահանջ չի ապահովվել։ Գերազանցել են հոսանքազրկումների միջին տևողության և հաճախակիության, լարման շեղման միջին տևողության և հաճախակիության թույլատրելի սահմանները։
Այս ամենն արձանագրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որը նույն պատճառաբանություններով ՀԷՑ-ի կառավարումը վերցրեց սեփականատիրոջից ու հանձնեց կառավարության կառավարչին։
««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ ներդրումային ծրագրին համաձայնություն տալու շրջանակներում, հանձնաժողովն ընկերության կողմից մատուցվող ծառայությունների սպասարկման որակի ցուցանիշների նկատմամբ սահմանել է թիրախային ցուցանիշներ, որոնք ընկերությունը պարտավոր էր ապահովել համապատասխանաբար 2025-2028թթ.։
2025թ. փաստացի արդյունքներով՝ բաժանորդների հոսանքազրկումների միջին տևողության և հաճախության, թույլատրելի սահմաններից էլեկտրաէներգիայի լարման շեղման միջին տևողության և հաճախության ցուցանիշները չեն ապահովվել ներդրումային ծրագրով 2025թ. համար սահմանված թիրախային ցուցանիշները»,- Ազգային ժողովում պետական բյուջեի անցած տարվա կատարողականի քննարկումների շրջանակներում՝ անդադառնալով բաժանորդներին մատակարարավող էլեկտրաէներգիայի թիրախային ցուցանիշների կատարողականին, ասում էր ՀԾԿՀ նախագահը։
2025թ. արդյունքներով, բաժանորդների հոսանքազրկումների միջին տևողության փաստացի ցուցանիշը կազմել է 849.09 րոպե/բաժանորդ՝ ծրագրով սահմանված 666.76 րոպե/բաժանորդ նպատակային թիրախային ցուցանիշի փոխարեն։
Շեղումը կազմել է 182.33 րոպե/բաժանորդ։ Ժամանակային առումով այդքանով ավելի շատ հոսանքազրկումներ են եղել, քան պարտավոր էին ապահովել։
Ոչ միայն հոսանքազրկումների տևողության, այլև հաճախակիության պահանջն է խախտվել։ Ավելի շատ հոսանքազրկումներ են եղել, քան պիտի լինեին։
«Բաժանորդների հոսանքազրկումների միջին հաճախության փաստացի ցուցանիշը կազմել է 8.9 հոսանքազրկում/բաժանորդ, ծրագրով սահմանված 6.63 հոսանքազրկում/բաժանորդ նպատակային թիրախային ցուցանիշի փոխարեն»,- արձանագրել է ՀԾԿՀ-ն։
Թույլատրելի սահմանից էլեկտրաէներգիայի լարման շեղման միջին տևողության փաստացի ցուցանիշը կազմել է 679.84 ժամ/բաժանորդ՝ ներդրումային ծրագրով սահմանված 587.08 ժամ/բաժանորդ նպատակային թիրախային ցուցանիշի փոխարեն։ Իսկ թույլատրելի սահմանից էլեկտրաէներգիայի լարման շեղման միջին հաճախակիության փաստացի ցուցանիշը կազմել է 3.79 լարման/շեղում բաժանորդ՝ ծրագրով սահմանված 3 լարման/շեղում բաժանորդ նպատակային թիրախային ցուցանիշի փոխարեն։
Այս ցուցանիշների մի մասը գուցե շատ բան չի ասում շատերին, բայց դրանք մեկ բան են փաստում՝ հոսանքի մատակարարման սահմանված պահանջները չեն պահպանվել, ու դրանք եղել են ի վնաս սպառողների։ Հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ չեն կատարվել սահմանված ներդրումները։ Ներդրումները չկատարվեցին հատկապես այն բանից հետ, երբ ընկերության կառավարումը վերցրեցին սեփականատիրոջից ու տվեցին կառավարության կառավարչին։
Հիմա ո՞վ է սրա մեղավորը։ Ո՞վ կարող է ասել, որ ՀԷՑ-ի կառավարումը խլելուց հետո հոսանքազրկումները նվազեցին, վթարները վերացան կամ պակասեցին, վթարավերականգնման աշխատանքների իրականացման ժամկետները կրճատվեցին։ Ոչ մի թիրախային ցուցանիշ չի ապահովվել, բոլորը, վատ իմաստով, շեղվել են սահմանված պահանջներից, բայց դրա համար պատասխանատու չկա։ Նույն տրամաբանությամբ՝ հիմա կառավարությանն էլ պիտի զրկեին կառավարման իրավունքից։
Հասկանալի պատճառով հանձնաժողովի նախագահն այս ամենի մասին ոչինչ չի ասում։ Ամբողջ շիլան կառավարության հետ համատեղ են եփել։ Հայտնի ու անհայտ թերացումների պատճառաբանությամբ՝ սեփականատիրոջը պատժեցին, զրկեցին կառավարումից, խլեցին ունեցվածքը։ Իսկ ո՞վ պիտի պատասխան տա կառավարության կառավարչի թերացումների ու սպառողներին պատճառած անհարմարությունների համար։
Պատասխան տալու փոխարեն՝ ՀԷՑ-ը տանում են պետականացման, հետո էլ հավանաբար կվաճառեն իրենց ցանկալի որևէ ընկերության, գուցե հենց իշխանական շրջանակներից որևէ մեկին պատկանող ընկերության։ ՀԷՑ-ի վրա քիչ աչք ունեցողներ չկան։ Բայց դա չի նշանակում, թե դրանով կավարտվի այս ամբողջ խլոցին՝ դեռ գալու է միջազգային դատական ատյաններում պատասխան տալու ու պետության, հարկատուների հաշվին փոխհատուցում տալու ժամանակը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

