ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ՝ ԱՌԱՆՑ ՔԱՂԱՔԱՑՈՒ

1. Պետություն՝ առանց քաղաքացու

Հունիսի 7-ին կայացած ընտրությունները Հայաստանի բազմաթիվ ընտրողների կրկին կանգնեցրին իրական քաղաքական այլընտրանքի բացակայության առաջ, որի հետ նրանք, թեկուզ դժկամությամբ, նախընտրեցին համակերպվել։ Երկրի կարևորագույն քաղաքական գործընթացը հերթական անգամ ի ցույց դրեց ոչ միայն քաղաքական մրցակցության կամ ինստիտուցիոնալ երաշխիքների քրոնիկ թուլությունը։ Ընտրությունները վկայեցին, որ Հայաստանն արդի պետություն չէ։

Վերջինս բնորոշվում է ոչ թե վերանորոգված դպրոցների քանակով և կառուցված ճանապարհների երկարությամբ, ոչ թե ծառայությունների թվայնացման ծավալով և ոչ էլ սոցիալական ծրագրերի մեծացմամբ, հատկապես, եթե այդ աճը նկատելի է դառնում միայն նախընտրական շրջանում։ Նման փոփոխությունները վկայում են ենթակառուցվածքային և վարչական արդիականացման մասին, սակայն ինքնին դեռ չեն նշանակում պետության որակական փոխակերպում։ Շուկայի, մասնավոր հատվածի, ներդրումների, բանկերի և զանազան ծառայությունների առկայությունն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է «նորմալության» համար՝ դրա արևմտյան ընկալմամբ, որին կպչուն հետևողականությամբ վկայակոչում է վերջին ընտրություններով վերարտադրված իշխանությունը։ Երկիրը, որը չունի անկախ դատական համակարգ, իրական մրցակցային ընտրությունների արդյունքում ձևավորվող խորհրդարան և բյուջետային ծախսերի, բանակի, ոստիկանության ու հատուկ ծառայությունների նկատմամբ խորհրդարանական վերահսկողության գործուն մեխանիզմներ, չի կարող համարվել արդի պետություն։ Իրապես արդի պետությունում մատուցած ծառայությունները համարվում են ոչ թե իշխանության ողորմածություն, այլ քաղաքացիների անօտարելի իրավունքների իրականացման դրսևորում։ Այն քաղաքացուն տեսնում է՝ ոչ թե որպես հպատակ, որին ինչ-որ բան է թույլատրվում, այլ՝ որպես քաղաքական համայնքի պատասխանատու մասնակից, որն ունի պահանջելու, վիճարկելու և վերահսկելու իրավունք։

Հայկական պետությունը հերթական անգամ չկարողացավ հաստատել այն պատկերացումը, որ քաղաքացիները պետության կայացման համահեղինակներն են և նրա զարգացման մասնակիցները, իսկ նրանց՝ ավելի մեծ հաշվետվողականության և ակտիվ մասնակցության պահանջը ոչ թե սպառնալիք է ժողովրդավարական կայունությանը, այլ դրա ամրապնդման անհրաժեշտ պայման։

Կարդացեք նաև

Երեք տասնամյակ պետությունը կառուցում է ժողովրդավարական ինստիտուտներ և մեխանիզմներ՝ վախենալով այն քաղաքացուց, որին այդ ինստիտուտները կոչված են ձևավորելու։ Այն ձգտում է ունենալ ժամանակակից համալսարաններ, սակայն քննադատական մտածողություն սերմանելու և ակադեմիական ազատությունը խրախուսելու փոխարեն՝ աշխատանքից հեռացնում է այլախոհ դասախոսներին։ Այն ուզում է ունենալ դատարաններ, բայց ոչ արդարադատություն, դատական համակարգ, բայց ոչ իշխանության և քաղաքացու միջև իրավարար։ Այն խորհրդարանի կարիքն ունի՝ որպես լեգիտիմության աղբյուրի, բայց ոչ՝ որպես ժողովրդի ներկայացուցչության և գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողության ինքնուրույն մարմին։ Այն ընտրությունները ճանաչում է՝ որպես իշխանության հաստատման ընթացակարգ, բայց ոչ՝ որպես դրա փոփոխելիության և քաղաքացիներին հաշվետու լինելու գործիք։ Այն ուզում է ունենալ հասարակություն, բայց ոչ քաղաքացի, բնակչություն, բայց ոչ քաղաքական համայնք։

Յուրաքանչյուր ոք, ով վարվում է՝ ոչ թե որպես պետական ծառայությունների «երախտապարտ» ստացող, այլ՝ որպես անօտարելի իրավունքներ կրող, համակարգի կողմից ընկալվում է՝ որպես կարգազանց, «կայունությանը» սպառնացող սուբյեկտ, ով հավակնում է այն իրավասությանը, որը մեր քաղաքական մշակույթում համարվում է օրվա իշխանության բացառիկ մենաշնորհը։ Օրինականության, մասնակցության և մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանքի պահանջը ոչ թե՝ որպես իշխանությանն ուղղված խնդրանք, այլ՝ որպես քաղաքացու իրավունք ներկայացնելու ձգտումը հարուցում է բարձրաստիճան պաշտոնյաների և իշխանական քարոզիչների մոլեգին չարությունը։ Գործարկվում է «ինքնակոչների» և «դավաճանների» սանձահարման մեխանիզմը, որի միջոցով իշխանությունը փորձում է վերահսկել, սահմանափակել և չեզոքացնել նրանց, ովքեր հավակնում են մասնակցել ազգային կամքի ձևավորման. քաղաքական և հասարակական գործիչներին, լրագրողներին, դատավորներին, մտավորականներին և պարզապես ակտիվ կենսադիրքորոշում ունեցող քաղաքացիներին։

Խիստ անհանգստացնող է մեր աչքի առաջ տեղի ունեցող քաղաքական դեգրադացիան, որն այլևս չի մտահոգում հասարակությանը։ Այն ընկալվում է՝ որպես կայունության գին, որպես բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի անխուսափելի «կողմնակի հետևանք», որպես չարյաց փոքրագույն։ Այո՜, ինստիտուտները թույլ են, բայց հիմա ավելին պահանջելու ժամանակը չէ։ Այո՜, դատարաններն անկախ չեն, բայց նախկինում էլ այդպես էր։ Այո՜, քաղաքական առաջնորդները ցինիկ են, թքում են ձեռքերը ոլորված քաղաքացու երեսին և բացահայտ հայհոյում են հրապարակավ, բայց դրա փոխարեն՝ խաղաղություն են խոստանում։ Այո՜, ընտրությունների արդյունքը հակասական է, բայց այլընտրանքն ավելի վատն է։ Այո՜, իրավունքները խախտվում են, բայց պետությունը պետք է «ուժեղ» լինի։ Այսպես հասարակությունն աստիճանաբար հրաժարվում է ոչ միայն դիմադրությունից, այլև քաղաքացիական արժանապատվության զգացումից՝ իր իրավունքները որպես քաղաքացիական սուբյեկտության հիմք ընկալելու կարողությունից։

ՀՀ զարգացման առանձնահատկությունները՝ 1988թ. Սպիտակի երկրաշարժը, սոցիալ-քաղաքական ցնցումները, պատերազմները և ազգային աղետը, նպաստել են հասարակական գիտակցության մեջ պետության՝ որպես ինքնաբավ արժեքի պատկերացման ձևավորմանը, որի առաջ հասարակության և առանձին մարդու շահերը դիտարկվում են՝ որպես երկրորդական։

Դրան զուգահեռ՝ արմատավորվել է պետության ծայրահեղ անձնավորման ավանդույթը, որը բխում է իշխանության բնույթից և վերարտադրում այն։ Նման համակարգում ռեժիմի ներկայացուցիչները կողմնորոշվում են ոչ թե դեպի քաղաքացին, ինստիտուտները, նորմերը և ընթացակարգերը, այլ դեպի առաջնորդը, որից կախված են ոչ միայն նրանց անձնական բարեկեցությունը, այլև իրենց կողմից կառուցված հովանավորչական ցանցերի կայունությունը։

Հանրային գործունեության պահանջը, որը զարգացած հասարակությունների քաղաքացիական մշակույթի կարևոր տարրերից է, Հայաստանում երբեք չի զբաղեցրել կարևոր տեղ հասարակական առաջնահերթությունների համակարգում։ Ավանդաբար պետությունից սպասումները հանգել են ոչ թե մասնակցության և հաշվետվողականության պահանջին, այլ անձի մասնավոր տարածք կոշտ կերպով չմիջամտելուն։ Նման դիրքորոշման հակառակ կողմն է պետության գործերին մասնակցությունից կամավոր օտարումը, որն արտահայտվում է ոչ միայն ընտրական պասիվությամբ, այլև իշխանության վրա քաղաքացիական ազդեցության հնարավորության նկատմամբ խոր թերահավատությամբ։

2. Ընտրություններ՝ առանց հաշվետվողականության

Արևմտյան քաղաքական գործիչներն ու փորձագետները, ելնելով աշխարհաքաղաքական նպատակահարմարությունից, խուսափում են ճանաչել Հայաստանի ներկայիս ռեժիմի ավտորիտար բնույթը։ Հայաստանի նկատմամբ նրանց վերաբերմունքն այսօր պայմանավորված է ոչ այնքան՝ երկրի ինստիտուտների հասունությամբ, որքան՝ Ռուսաստանի հետ Արևմուտքի ռազմավարական հակադրության մեջ մեր երկրի դերակատարությամբ։

Այդուհանդերձ, եթե արտաքին գնահատականներում գերակշռում է աշխարհաքաղաքական նպատակահարմարության գործոնը, ապա երկրի ներսում իշխանության վերարտադրության մեխանիզմը հասկանալու համար անհրաժեշտ է դիտարկել, թե ինչպես է հայ ընտրողն ընկալում ընտրությունների նշանակությունը։ Ժողովրդավարական հասարակություններում ընտրությունները նախևառաջ գործում են՝ որպես հաշվետվողականության մեխանիզմ․ քաղաքացին գնահատում է իշխանության գործունեության արդյունքները և, կախված դրանից, կամ վերահաստատում է նրա կառավարման մանդատը, կամ զրկում նրան դրանից։ Այդպիսով՝ ընտրողը գործում է որպես հանրային իշխանության աուդիտոր՝ տալով պարզ հարց․ ի՞նչ է տեղի ունեցել երկրի անվտանգության, բարեկեցության, ազատությունների և իրավունքների բնագավառներում տվյալ իշխանության կառավարման ընթացքում։

Սակայն Հայաստանի քաղաքական պրակտիկայում ընտրություններն ավանդաբար կատարել են այլ գործառույթ։ Հաշվետվողականության մեխանիզմ լինելու փոխարեն՝ դրանք դարձել են հավատարմության և ձևավորված ազդեցության ցանցերի վերարտադրման և ամրապնդման գործիք։ Հասարակության զգալի մասի համար քաղաքականությունը որոշվում է ոչ այնքան՝ ծրագրերի և գաղափարների մրցակցությամբ, որքան՝ անհատների, ճամբարների, ազդեցության ցանցերի և հովանավորչական հարաբերությունների հակադրությամբ։ Այդպիսի համակարգում ընտրողը հանդես է գալիս ոչ թե որպես իշխանության արդյունքները գնահատող սույեկտ, այլ որպես «ցեղի» անդամ, որն աջակցում է յուրայիններին և մերժում օտարներին։

Նման տրամաբանությունը հանգեցնում է իշխանության նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության և հաշվետվողականության մեխանիզմների էական թուլացման։ Երբ քվեարկությունը դառնում է խմբային պատկանելության արտահայտություն, այլ ոչ թե իշխանության գործունեության գնահատում, ընտրությունները դադարում են կատարել իրենց ժողովրդավարական գործառույթը և ծառայում են ազդեցության ոչ ֆորմալ ցանցերի ձևավորմանն ու վերարտադրությանը։ Ուստի, կայացած ընտրություններից հետո հայ ընտրողի համար կարևոր է առերեսվել հետևյալ հարցի հետ․ ինքը ճամբարային հավատարմության կրո՞ղ է, թե՞ քաղաքացի, որն իշխանությանը գնահատում է՝ ըստ դրա գործունեության արդյունքների։

Կայացած ընտրությունների խնդրահարույց բնույթը չի սահմանափակվում ձայների հաշվարկով։ Դրանք ցույց տվեցին, որ հայ հասարակությունը գտնվում է մի վիճակում, որտեղ քաղաքացին հազվադեպ է իրեն ընկալում որպես իշխանության աղբյուր։ Քանի դեռ իրավունքներն ընկալվում են որպես իշխանության շնորհած զիջում, հանրային և քաղաքական մասնակցությունը՝ որպես ռիսկ, իսկ քաղաքացիական ինքնավարության նվազագույն տարածքը՝ որպես բավարար ազատություն, ընտրությունները կծառայեն ոչ թե իշխանության հաշվետվողականությանն ու փոփոխելիությանը, այլ իշխանության վերարտադրությանը և արատավոր համակարգի ամրապնդմանը։

Գլխավոր հարցը ոչ թե այն է, թե ինչպես իշխանությունն ապահովեց իր վերարտադրությունը, այլ այն, թե ինչ պետք է անել, որպեսզի իշխանությունը, Աբրահամ Լինքոլնի հայտնի ձևակերպմամբ, իսկապես լինի ժողովրդից բխող, ժողովրդին հաշվետու և ժողովրդին ծառայող։

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր (1990-95թթ).

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր (1995-99թթ.)

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930