Ինչ չի կարող անել իշխող կուսակցությունն առանց 3/5 և առանց 2/3 մեծամասնության. «Սիվիլնեթ»
«Սիվիլնեթը» գրում է. Հունիսի 7-ին Հայաստանում կայացած ԱԺ ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան է անցնում երեք ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 49,8 տոկոս, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23,28, և «Հայաստան» դաշինքը՝ 9,93 տոկոս։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախնական չի հաղթահարում խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 4 տոկոսի շեմը։ Կուսակցությանը չի բավարարում 0,004 տոկոս քվե կամ մոտ 50 ձայն, որը կավելանա իր ստացած 58,368 ձայնին։ Կուսակցությունը դիմել է ԿԸՀ՝ վերահաշվարկի համար։
Ի՞նչ է լինում, եթե ԲՀԿ-ն չի անցնում ԱԺ
Եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարում անցողիկ շեմը, ապա նրա ստացած ձայները կվերաբաշխվեն խորհրդարան անցած ուժերի միջև, ինչը կարող է մոտ հինգ մանդատի վերաբաշխման հանգեցնել։
Իրավաբան Արփինե Հովհաննիսյանը նշում է, որ ընտրական օրենսգրքի բանաձևերի կիրառման արդյունքում՝ ազգային փոքրամասնությունների համար նախատեսված մանդատների բաշխում և ձայների փոշիացում, Ազգային ժողովում մանդատների բաշխումը կունենա հետևյալ տեսքը․
-«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 64 մանդատ՝ 61-ի փոխարեն,
-«Ուժեղ Հայաստան» դաշինք՝ 29 մանդատ՝ 28-ի փոխարեն,
-«Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ՝ 11-ի փոխարեն։
Այսինքն՝ եթե ՔՊ-ն ունենա 61 մանդատ, չի ստանա ձայների 3/5-ը, իսկ 63-64 մանդատի դեպքում ստանում է 3/5-ը։
Ի՞նչ չի կարող անել իշխող ուժն առանց ձայների 3/5-ի
Սահմանադրության համաձայն՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ն անհրաժեշտ է սահմանադրական օրենքների ընդունման համար, այդ թվում՝ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի, Ընտրական օրենսգրքի, Դատական օրենսգրքի, Սահմանադրական դատարանի մասին օրենքի, Հանրաքվեի մասին, Կուսակցությունների մասին և Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքների ընդունման/փոփոխության համար:
Առանց 3/5-ի իշխող ուժը չի կարող ընտրել կամ պաշտոնանկ անել Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի դատավորների, Բարձրագույն դատական խորհրդի անդամների։
Առանց 3/5-ի իշխող ուժը չի կարող ընտրել կամ պաշտոնանկ անել նաև Գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին։
Չի կարող ընտրել կամ պաշտոնանկ անել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներին, Հաշվեքննիչ պալատի անդամներին, Կենտրոնական բանկի նախագահին։
Ի՞նչ չի կարող անել իշխող ուժն՝ առանց 2/3-ի
Հայաստանի ներքաղաքական զարգացումների կոնտեքստում հատկանշական է, որ իշխող «Քաղքացիական պայմանագիրը» այդպես էլ չի կարող ունենալ ձայների 2/3-ը։ Ստացվում է, որ նույնիսկ եթե իշխող ուժն ունենա ձայների 3/5-ը, այն բավարար չէ Սահմանադրության փոփոխություններ կատարելու կամ Սահմանադրության հիմնարար հոդվածները հանրաքվեի դնելու համար:
Սա կարող է նշանակել, որ նախորդ մեկ-երկու տարվա ընթացքում Հայաստանի իշխանության բարձրաձայնած նպատակը՝ հանրաքվեի միջոցով Սահմանադրության փոփոխությունը կամ նոր Սահմանադրության ընդունումը, կարող է հարցականի տակ հայտնվել։ Սահմանադրության և հատկապես նրա՝ Անկախության հռչակագրին հղում անող նրա նախաբանի փոփոխությունը եղել է իշխող կուսակցության հանձնառություններից մեկը։
Առանց խորհրդարանական ձայների 2/3-ի իշխող ուժը չի կարող հանրաքվեի դնել Սահմանադրության հիմնարար հոդվածների փոփոխությունները, որը վերաբերում է նաև Սահմանադրության նախաբանին։

