Կանանց 12 տոկոսը տառապում է այս խնդրով․ ի՞նչ են հուշում մաշկի սևացումը, մազաթափությունը, մազակալումը

Պոլիկիստոզային ձվարանների համախտանիշը (ՊԿՁՀ) վերարտադրողական տարիքի կանանց շրջանում տարածված հորմոնային խանգարում է։ Որքանո՞վ է այն վտանգավոր, ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ, արդյո՞ք բուժվում է, այս մասին զրուցել ենք «Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցի, «Բեգլարյան» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ, գինեկոլոգ-էնդոկրինոլոգ Աննա Մարկոսյանի հետ։

Ի՞նչ է պոլիկիստոզ ձվարանների համախտանիշը։

– Կանանց վերարտադրողական տարիքի ամենատարածված հիվանդություններից մեկն է։ Մայիսի 12-ին հեղիակավոր ամսագրերից մեկում՝ «Լանցետում», տպագրվեց մի հոդված, ըստ որի՝ պոլիկիստոզ ձվարանների համախտանիշը ստացել է նոր անվանում, այն է՝ պոլիէնդոկրին մետաբոլիկ ձվարանային համախտանիշ։

Կարդացեք նաև

Պոլիկստոզը մեծ տարածում ունի ամբողջ աշխարհում։ Կանանց 10-12 տոկոսը տառապում է պոլիկիստիզով։ Կարևոր է իմանալ, որ այս համախտանիշի ժամանակ չկան կիստաներ։ Իրականում դրանք ֆոլիկուլներ են, ուղղակի դրանց քանակը շատ է լինում համախտանիշի ժամանակ, և այս դեպքում անդրոգենների՝ տղամարդկային հորմոնների ավելացումը կարող է բերել ձվազատման կամ ցիկլի խանգարման։

Ո՞ր տարիքում է դրսևորվում հիվանդությունը։

– Հիվանդությունը կարող է դրսևորվել դեռահասության շրջանում, բայց իրավունք չունենք դնել պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ ախտորոշումը։ Պետք է առաջին դաշտանից անցնի 8 տարի, նոր իրավունք ունենք ախտորոշել տվյալ համախտանիշը, քանի որ դեռահասության շրջանում ֆոլիկուլների քանակը բավականին շատ կարող է լինել, և սխալմամբ կարող ենք ախտորոշում դնել։

Կարո՞ղ է հիվանդությունն ավելի ուշ տարիքում հանդիպել։

– Իհարկե՝ կախված միջավայրի գործոններից, ապրելակերպից և, իհարկե, ինսուլինառեզիստենտականությունից։

Այս համախտանիշի առաջացման պատճառներից մեկը կարող է հանդիսանալ գենետիկ նախատրամադրվածությունը, քաշի ավելացումը։

– Ասում են, որ եթե մարդու պարանոցի ստորին հատվածում, թևատակին և աճուկային հատվածում կան սև բծեր, սա ևս հուշում է, որ կա խնդիր՝ այդպե՞ս է։

– Այո։ Եթե նշված հատվածներում կա մաշկի սևացում, դա բնորոշ է ինսուլինառեզիստենտականությանը։

Հաճախ հանդիպող ախտանշաններից է ցիկլի խանգարումը, բացակայելը կամ երեք ամիսը մեկ կրկնվելը։ Կարևոր ախտանիշներից է մազակալումը՝ հիրսուտիզմը, երբ առաջանում է ավելորդ մազածածկույթ՝ դեմքի, կրծքերի շրջանում, ազդրերի վերին հատվածում։ Բնորոշ է նաև անդրոգենային մազաթափությունը և ակնեն։

Ախտորոշումը դնելուց առաջ պետք է բացառենք այլ հիվանդությունները, որոնք կարող են հանգեցնել տվյալ ախտանիշների առաջացմանը։ Օրինակ, վահանաձև գեղձի խանգարումները, օրգանիզմում պրոլակտինի բարձր քանակը, մակերիկամների բնածին հիպերպլազիան։

Մազակալման դեպքում մազահեռացման ո՞ր տարբերակն է ընդունելի։

– Առաջին հերթին պետք է պարզել՝ մազակալումն անդրոգենայի՞ն է, կախված է հորմոնների՞ց, թե՞ ոչ։ Պետք է ժխտենք մակերիկամի և ձվարանների ուռուցքները, որոնք հաճախ շատ արտահայտված մազակալման պատճառ են հանդիսանում։ Եվ եթե մազակալումն ունի հորմոնալ բնույթ, ապա կարգավորում ենք հորմոնները, որովհետև ինչքան էլ անցնենք պրոցեդուրան՝ նորմալ վիճակի չենք բերի։ Կարծում եմ,ամենաանվտանգը դիոդային և ասեղային մազահեռացումներն են։

– Չբուժելու դեպքում ի՞նչ բարդություններ կարող է առաջացնել հիվանդությունը։

Առաջին հերթին նյութափոխանակության խնդիրներ են առաջանում, բարձրանում է շաքարային դիաբետի, սիրտ-անոթային պատահարների ռիսկը։ Ի դեպ, կինը կարող է ունենալ ինսուլինառեզիստենտականություն՝ անկախ քաշից։

– Ո՞ր տարիքից և ի՞նչ հետազոտություն կարող են կատարել։

Համախտանիշի ժամանակ շատ կարևոր է, որպեսզի առաջնորդվենք ռոտերդամյան չափանիշներով։ 3-ից 2-ի առկայությունն արդեն իսկ խոսում է խնդրի մասին․ առաջինը ցիկլի խանգարումն է կամ բացակայությունը, երկրորդը՝ անդրոգենի բարձրացումը, արտահայտված ակնեն, մազակալումը։ Եթե կան ախտանշաններ՝ բուժառուն պետք է կատարի փոքր կոնքի ՈՒՁՀ, և, եթե չի անցել առաջին դաշտանից հետո 8 տարի, մենք այդ դեպքում կարող ենք ախտորոշել տվյալ համախտանիշի բարձր ռիսկ։

– Դաշտանի բացակայությունը կարո՞ղ է հանգեցնել քաղցկեղի առաջացման։

– Այո։ Դաշտանի երկարատև բացակայությունը բերում է արգանդի ներքին թաղանթի հիպերպլազիայի՝ գերաճի, ինչն էլ բարձրացնում է էնդոմետրիումի քաղցկեղի ռիսկը։

Ճի՞շտ է, որ հիվանդության ժամանակ արգելվում է դիետան։

– Դիետան օրգանիզմի համար բավական մեծ սթրես է։ Կարևոր է ամեն օր գոնե 30 րոպե քայլելը։ Բացի դրանից, շատ կարևոր է ապրելակերպը, սննդակարգը կարգավորելը, սպիտակուցներով հարուստ սնունդ ընդունելը։

– Եթե պարզվում է, որ կա խնդիր, ինչպե՞ս է բուժվում։

– Կապ ունի այն՝ արդյոք բուժառուն հղիություն պլանավորո՞ւմ է, թե՞ ոչ։ Եթե հղիություն չի պլանավորում և կան վերը թվարկված ախտանշանները, ապա հորմոնալ դեղորայք է նշանակվում։ Վիրահատական ցուցում կարող է լինել, երբ ամեն ինչ արել ենք ու արդյունքի չենք հասել։

Կանայք, ովքեր պարզում են, որ կա ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ, առաջինն ի՞նչ հարց են տալիս։

– Կհղիանա՞մ, թե՞ ոչ, որովհետև քաջատեղյակ են, որ հաճախ լինում է ձվազատման խանգարում, ինչը կարող է հանգեցնել անպտղության։ Հետևաբար, բարդություններից խուսափելու համար պետք է պարբերաբար ստուգվել։

Երբ դեռահաս աղջիկների դեպքում հայտնաբերվում է խնդիր, կրկին դեղորայքային բուժո՞ւմ է կատարվում։

– Շատ անհատական է՝ կախված է համախտանիշի արտահայտվածության աստիճանից։ Առավել շատ հանդիպում է վերարտադրողական տարիքի՝ 18-35 տարեկան կանանց շրջանում։ Պետք է հասկանալ, որ տվյալ համախտանիշի ժամանակ վերջնական բուժում գոյություն չունի։ Ցավոք, չկա այնպիսի դեղորայք, որը կարող է կանխարգելել, բուժել։ Այդ իսկ պատճառով պետք է հասկանալ՝ ո՞ր դեղորայքն է մեզ օգնում, և կարևոր է պարբերաբար կատարել փոքր կոնքի ՈՒՁՀ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031