ԵԱՏՄ առաջնորդներն ԱԲ–ի կիրառման մասին հայտարարություն են ընդունել
ԵԱՏՄ երկրների ղեկավարները Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ընդունել են արհեստական բանականության պատասխանատու կիրառման մասին համատեղ հայտարարություն։
Փաստաթուղթը ստորագրել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն, Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Սադիր Ժապարովը, ինչպես նաև նիստում հայկական պատվիրակությունը գլխավորող ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Երեկ ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական համաժողովում` Գրիգորյանը հայտնել էր, որ փաստաթղթում կամրագրվեն արհեստական բանականության էթիկական կիրառման սկզբունքները, ինչպես նաև այդ տեխնոլոգիաներն ի շահ քաղաքացիների և տնտեսության օգտագործելու հանձնառությունը։ Բացի այդ, հայտարարության մեջ ընդգծվում է ԱԲ–ի օգտագործմամբ որոշումներ կայացնելիս մարդկային պատշաճ վերահսկողության պահպանման անհրաժեշտությունը։
Նիստում ընդունված մեկ այլ որոշմամբ՝ կոոպերացիոն նախագծերի աջակցության մեխանիզմները տարածվելու են նաև ագրոարդյունաբերական համալիրի ոլորտի վրա։ Նմանատիպ մեխանիզմ արդեն իսկ գործում է արդյունաբերական նախագծերի համար։
Կոոպերացիոն կհամարվեն այն նախագծերը, որոնցում ներգրավված են միության անդամ առնվազն երեք պետության ընկերություններ։ Աջակցություն ստանալու համար դրանք պետք է արժանանան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հավանությանը։
Վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումն իրականացվելու է ԵԱՏՄ ընդհանուր բյուջեի հաշվին, որը ձևավորվում է մաքսատուրքերից։
Արդյունաբերական կոոպերացիայի ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացվում է երկու նախագիծ, ևս երեքն արժանացել են հավանություն, իսկ 14-ը գտնվում են քննարկման փուլում։



