Հայ-ռուսական հարաբերությունների տնտեսական փակուղին. ԵԱՏՄ ճգնաժամի սցենարներ
Մինչ հայաստանյան ներքաղաքական կյանքը կենտրոնացել է բավականին թեժ նախընտրական քարոզարշավի վրա, արտաքին քաղաքական հիմնական թեման հայ-ռուսական հարաբերություններում ստեղծված նոր, բարդ իրողություններն են։ Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության թեման ռուսաստանյան վերնախավը բերել է հրապարակային պաշտոնական օրակարգ, ՀՀ իշխանություններից պահանջելով կողմնորոշվել՝ կամ մնալ ԵԱՏՄ-ում, կամ հրաժարվել ԵՄ անդամակցության քաղաքական նպատակից։
Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Եվրամիությանը միանալու Հայաստանի ծրագրերը «հատուկ դիտարկում են պահանջում»։ ՌԴ-ն, ըստ նրա, կսատարի այն ամենը, ինչ շահավետ է հայ ժողովրդին։ Թեմայի վերաբերյալ նա առաջարկել է հանրաքվե անցկացնել և հարցը որոշելու հնարավորություն տալ հայ ժողովրդին։ Պուտինը նաև նշել է, որ Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը նվազել է, անցած տարի, նախանցած տարի շատ ավելին էր, բայց, այնուամենայնիվ, 7 միլիարդ դոլար՝ 2025 թվականին:
«Եթե հաշվի առնենք, որ երկրի ՀՆԱ-ն 29 միլիարդ է, դա լուրջ մեծություն է, և Հայաստանը նշանակալի առավելություններ է ստանում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում»,- նշել է Պուտինը:
Ըստ նրա, թե Հայաստանի բնակչության, քաղաքացիների նկատմամբ, թե ՌԴ-ի նկատմամբ՝ որպես տնտեսական գլխավոր գործընկերոջ նկատմամբ, ճիշտ կլիներ հնարավորիս շուտ կողմնորոշվել։
Նա հայտնել է նաև, որ առաջարկել է ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովի ժամանակ քննարկել Եվրամիության հետ կապված Հայաստանի ծրագրերը: Սակայն Փաշինյանը հայտարարել է, որ չի մասնակցի մայիսի 28-29-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին: Նա դա բացատրել է քարոզարշավով: Փաշինյանին նիստում կփոխարինի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի հարցով կողմնորոշվելու կոչերին ՀՀ իշխանություններն արձագանքում են, պնդելով՝ չեն պատրաստվում Ռուսաստանի հետ «ապահարզանի», ԵԱՏՄ-ն լքելու ծրագրեր էլ այս պահին չունեն։ Սակայն ակնհայտ է նաև այն, որ Ռուսաստանը փորձելու է ԵԱՏՄ հարթակում անդամ բոլոր պետությունների միջոցով ճնշում բանեցնել Հայաստանի նկատմամբ կամ մինչև անգամ բարձրացնել Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս բերելու հարցը, ինչը, թերևս, կլինի ծայրահեղ միջոց։
Սակայն այստեղ էլ կարծես ՀՀ իշխանությունները որոշակի սցենարների են նախապատրաստվել և հույսեր են կապում այն հանգամանքի հետ, որ ԵԱՏՄ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսային սկզբունքով, ուստի, եթե անգամ ՀՀ-ն դեմ լինի նման որոշման, այդ հարցը չի կարող հանգուցալուծում ստանալ։ Սակայն դժվար է պատկերացնել, որ ԵԱՏՄ-ում ցանկության ու կոնսենսուսի դեպքում հնարավոր չէ որևէ ձևաչափով Հայաստանի համար խնդիրներ ստեղծել, ինչպես արեցին ՀՀ իշխանությունները, «սառեցնելով» ՀԱՊԿ-ում ՀՀ մասնակցությունը։
Այս իրավիճակը կանխորոշում է ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի համար տնտեսական և քաղաքական «ցուգցվանգի» մի փուլ, որտեղ կոնսենսուսի սկզբունքը կարող է վերածվել երկսայրի սրի։ Մինչ Երևանը հույս ունի օգտվել վետոյի իրավունքից՝ կասեցնելու համար իր դեմ ուղղված հավաքական որոշումները, Մոսկվան և այս իրավիճակում նման կազմակերպությունները տիրապետում են գործիքակազմերի, որոնք թույլ են տալիս շրջանցել պաշտոնական ընթացակարգերը։
Մերձդիվանագիտական շրջանակներից 168.am-ի հետ զրույցում ասացին, որ ճգնաժամի առաջին դրսևորումը կարող է լինել ոչ թե ինստիտուցիոնալ հեռացումը, այլ Հայաստանի փաստացի մեկուսացումը տնտեսական օրակարգից, երբ ռազմավարական նախագծերը, մաքսային արտոնությունները և ներդրումային ծրագրերը սկսեն իրականացվել «մինուս մեկ» ձևաչափով՝ Հայաստանը թողնելով միության ստատիկ անդամի կարգավիճակում։
Երկրորդ հարթությունում, ըստ մեր աղբյուրի, ճգնաժամը կարող է շարունակվել ու խորանալ տեխնիկական և սանիտարական կարգավորումների դաշտում, ինչը ԵԱՏՄ գործիքակազմում հաճախ կիրառվում է՝ որպես քաղաքական ճնշման միջոց, և հաշվի առնելով Հայաստանի տնտեսության բարձր կախվածությունը ռուսական շուկայից և էներգակիրներից, Մոսկվան կարող է նախաձեռնել «կանոնակարգային պատերազմներ»՝ հիմնավորելով դրանք ԵՄ-ի հետ Հայաստանի հնարավոր մերձեցմամբ և չափորոշիչների անհամապատասխանությամբ, ինչից ռուս բարձրաստիճան պաշտոնյաներն արդեն իսկ խոսում են։ Սա կստեղծի մի իրավիճակ, երբ Հայաստանը դե յուրե մնալով միության անդամ, դե-ֆակտո կզրկվի դրա տնտեսական առավելություններից, ինչը ներքաղաքական դժգոհության ալիք գուցե բարձրացնի՝ հաշվի առնելով նախընտրական թեժ մթնոլորտը և տնտեսական ցուցանիշների կարևորությունը։
Վերջապես, ամենավատթար սցենարը կապված է նրա հետ, որ կոնսենսուսի բացակայությունը կարող է բերել կառույցի կաթվածահար վիճակի, որի պայմաններում անդամ երկրները կարող են տարբեր որոշումներ կայացնել, մշակել նոր իրավական մեխանիզմներ։
Այս ճգնաժամին դիմակայելու համար Հայաստանը կարող է որդեգրել և, ինչպես երևում է իշխանական հայտարարություններից, դիմադրության մարտավարություն՝ առավելագույնս օգտագործելով ԵԱՏՄ իրավապայմանագրային հնարավորությունները և Ղազախստանի հետ ձևավորվող նոր կապերն ու պայմանավորվածությունները։ Օգտվելով կոնսենսուսի սկզբունքից՝ ՀՀ-ն հնարավորություն ունի կասեցնել իր շահերին հակասող նախաձեռնությունները և ցանկացած խոչընդոտ քննարկման առարկա դարձնել ԵԱՏՄ այլ կառույցներում։
Սակայն վերջնարդյունքում, ՀՀ իշխանությունների պայքարի արդյունավետությունը կախված է լինելու տնտեսական կախվածության նվազեցման արագությունից, իսկ մասնագետները նշում են, որ մոտ ապագայում հնարավոր չէ արագ նվազեցնել ՌԴ-ից տնտեսական կախվածությունը։ Արտահանման ուղղությունների դիվերսիֆիկացումը և էներգետիկ ինքնիշխանությունը կարող էին օգնել չեզոքացնել ԵԱՏՄ-ում հնարավոր մեկուսացման հետևանքները, սակայն դրանցից ոչ մեկն այսօր և մոտ ապագայում տեսանելի հեռանկար չէ։ Հետևաբար՝ տնտեսական այլընտրանքների բացակայության պայմաններում Երևանը ստիպված է լինելու գնալ թեթև դիվանագիտական զիջումների և մանևրների՝ փորձելով խուսափել ԵԱՏՄ-ում Հայաստանի հետ կապված ճգնաժամից, որը կարող է հանգեցնել անկանխատեսելի սոցիալ-տնտեսական ցնցումների։



